×


Բացառիկ ձայնային ձեւաչափով ֆիլմեր` “Սինեմա Սթար”-ում

Ժամանցի սիրված վայր “Սինեմա Սթար”-ում երեկ պաշտոնապես բացվել է Հայաստանում առաջին “Dolby Atmos 360°” ձայնային ձեւաչափով կինոդահլիճը: Ձայնային նոր տեխնիկայով հագեցած կինոթատրոնում հանդիսատեսն առաջինը դիտել է Ուես Բոլի “Լաբիրինթում վազողը: Կրակի փորձությունը” 3D ֆիլմը:   

"Սինեմա Սթար"-ում բացել է Հայաստանում առաջին “Dolby Atmos” կինոդահլիճը


“Dolby Atmos” տեխնոլոգիան իրենից ներկայացնում է ձայնային համակարգ, որում ձայնային օբյեկտները կարելի է տեղափոխել ամբողջ դահլիճով: Այն կենդանություն է հաղորդում էկրանի վրա ընթացող ֆիլմին, ստեղծում է հագեցած ձայն, ինչի արդյունքում հանդիսատեսը ոչ միայն հետեւում է ֆիլմի սյուժեին, այլեւ կարծես տեղափոխվում է գործողությունների կենտրոն: Հայաստանում այս տեխնոլոգիայի ներդրման համար դեբյուտային է դարձել Երեւանի “Սինեմա Սթար Դալմա Գարդեն Մոլ”-ի 1-ին դահլիճը:

Հայաստանում “Սինեմա Սթար” ընկերության գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ սկզբում համակարգը ներդրվել է “Սինեմա Սթար”-ի  մոսկովյան կինոդահլիճներում.“Քանի որ արդյունքները մեզ գոհացրին, որոշեցինք Երեւանում էլ ներդրել: Այժմ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել ամենաժամանակակից ձայնային ձեւաչափով արտասահմանյան ֆիլմեր, որոնք տարեցտարի ավելի շատ են նկարահանվում: Ինքս դիտել եմ եւ զգացել տարբերությունը, իսկ եթե ֆիլմը միաժամանակ 3D եւ Dolby ձեւաչափով է, ապա քեզ լիովին զգում ես ֆիլմում: Մինչեւ տարեվերջ այս տեխնոլոգիայով դեռ 6-7 ֆիլմ ունենք ցուցադրելու: Dolby Laboratories-ը համաշխարհային կինոարտադրություն է բերել ձայնային էֆեկտների ծավալի բազմազանություն, որը սիրված է ամբողջ աշխարհում”:

Հայաստանում “Սինեմա Սթար” ընկերության գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը


Խոսելով տոմսերի գնային տարբերության մասին՝ Հրաչյա Արշակյանը նշել է, որ “Dolby Atmos” տեխնոլոգիայով ֆիլմերն այլ արժեք կունենան.“Համեմատելով մեր ներդրած գումարը եւ տոմսի արժեքի բարձրացումը, փոփոխությունը չնչին է՝ ընդամենը 500 դրամ: Այնպես ենք արել, որ շատ թանկ չլինի հայ հանդիսատեսի համար: Մեր կինոթատրոնն այս ձեւաչափով առաջինն ու դեռեւս միակն է”:

Միքայել Պողոսյանը մասնակցել է “Dolby Atmos” ձայնային ձեւաչափով ֆիլմի ցուցադրությանը


2012 թվականից սկսած, հայտնվելով կինոթատրոններում, Dolby Laboratories-ը կիրառվում է Հոլիվուդի գրեթե բոլոր կինոստուդիաներում: Իրենց աշխատանքի մեջ այն կիրառել են 14 օսկարակիր կինոռեժիսորներ եւ 27 ձայնային ռեժիսորներ, ովքեր եւս արժանացել են Ամերիկյան կինոակադեմիայի բարձր պարգեւների:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW