Կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր եւ նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր նշում է 71-ամյակը, իսկ հոբելյանական տարին նշանավորվել էր մի շարք միջոցառումներով․ արվեստագետի 70-ամյակը նշվել էր հայրենիքում եւ արտերկրում:
Փարիզում՝ «Ժորժ Պոմպիդու» արվեստի եւ մշակույթի ազգային կենտրոնում, մոտ երկու ամիս ցուցադրվել են կինոգործչի տասը ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները», տեղի են ունեցել ռեժիսորի վարպետության դասերը, հանդիպումները կինոհանդիսատեսի հետ։
Հարություն Խաչատրյանի հետ խոսեցինք երիտասարդ տարիներին նույն կենտրոնում իր ֆիլմերի ցուցադրությունների, այն ժամանակ հնչած քննադատությունների եւ հայ կինոյի այժմյան պատկերի մասին։
- Սա երկրորդ անգամն է, որ Ձեր ֆիլմերը ներկայացվում են «Պոմպիդու»-ում. տարիներ առաջ երկու ֆիլմ էիք ներկայացրել, այժմ՝ տասը։
- Իմ առաջին ֆիլմերը «Կոնդ»-ը եւ «Սպիտակ քաղաք»-ն են, որոնք ցուցադրելու համար անսպասելի հրավեր ստացա, եւ ես չգիտեի՝ ինչու: Շատ երիտասարդ էի. իմ առաջին ճամփորդությունը դեպի Հոլանդիա էր, այնտեղից էլ Փարիզ հրավիրեցին։ Ոչ միայն ֆիլմերը ցուցադրվեցին, այլեւ կազմակերպվեցին հանդիպումներ ուսանողների եւ կինոսերների հետ։
Շատ գեղեցիկ էր ամեն ինչ: Եվ այդ ժամանակ ծանոթացա Սերժ Ավետիքյանի հետ, որին հրավիրել էին որպես թարգմանիչ: Նա էլ ինձ հրավիրեց իր կազմակերպած հայկական կինոյին նվիրված շաբաթին։ Ավետիքյանը ստեղծել էր հայկական կինոյի նվիրյալների խումբ, որի կազմում Փարիզի հայազգի կինեմատոգրաֆիստներն էին։
Երբ ավարտեցի այդ ցուցադրությունները, հանդիպումները, խնդրեց, որ ֆիլմերս ցուցադրեմ նաեւ հայկական ծրագրերում։ Նա մեծագույն մարդկանց էր հրավիրել՝ Ֆրունզե Դովլաթյան, Ալբերտ Յավուրյան եւ այլք։
Հայկական համայնքում ֆիլմերս ցուցադրելիս շատ տարօրինակ դեպքեր տեղի ունեցան։ Հայերին, որ շատ սիրում էին Դովլաթյանի ֆիլմերը, իմ ֆիլմերը տարօրինակ էին թվում, որովհետեւ դրանք բավական խիստ ֆիլմեր էին: Ինձ ասում էին, որ դրանք քննադատական են, բայց այդ քննադատությունն ուղղված չէր հայերին. այն վերաբերում էր ժամանակին: Կռիվ տեղի ունեցավ այդ կինոթատրոնում, ջղայնացան, ասացին՝ ինչու եմ խայտառակ անում մեր երկիրը, մեր Հայաստանը։ Դժբախտաբար, իրարանցում եղավ, բայց լավ էր, որ պատերազմի չհասավ։
- Հիմա նույն ֆիլմերին արձագանքներն ինչպիսի՞ն են:
- Բոլորն ասում են, որ ամենապոետիկ ֆիլմերն են, իսկ այն ժամանակ կարծում էին, որ ամենադաժան եւ խիստ ֆիլմերն են, որոնք քննադատում են հայկական իրականությունը։ 1987-89 թվականներն էին, եւ այդ ֆիլմերը բազում երկրներով են անցել, մրցանակներ են ստացել, ցուցադրվել ամբողջ աշխարհում՝ սկսած Ճապոնիայից, Ավստրալիայից մինչեւ Պորտուգալիա, Արգենտինա։
- Փարիզում ցուցադրեցիք տասը ֆիլմ: Մեկնարկային միջոցառումներին ներկա էիք: Ի՞նչ արձագանքներ եղան, ի՞նչ տպավորություններ ստացաք։
- Զարմանալի էր: Երեք ֆիլմ պետք է ցուցադրեին, մենք տասն ուղարկեցինք, որպեսզի ընտրեն, եւ ընտրեցին տասը ֆիլմն էլ։ Սիրել էին ֆիլմերը։ Լուրջ հանձնաժողով ունեն. մեկ-երկու հոգի չեն։ Իրենցից բացի, նայում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը, եւ որոշեցին, որ ճիշտը բոլոր ֆիլմերը ցուցադրելն է, որովհետեւ ուրիշ ոճ է, ուրիշ ձեռագիր է եւ վավերագրական կինոյի համար կարեւոր է։
Առաջին տասը ցուցադրությանը ներկա էի, բայց տեղի է ունեցել 30 ցուցադրություն։ Ֆանտաստիկ հաջողություն է, որովհետեւ ֆիլմերն այդքան չեն ցուցադրվում, եւ հայկական ֆիլմերին նման բախտ չի վիճակվում։
- Ձեր ֆիլմերը ցուցադրում եք Հայաստանում եւ արտերկրում: Արդյո՞ք նկատում եք հայ եւ այլազգի հանդիսատեսի արձագանքի միջեւ տարբերություն։
- Տեսնում եմ, իհարկե: Հայաստանում շատ ավելի խիստ են եւ ամեն ինչին նայում են ազգային կարեւորության տեսանկյունից: Կարող են ասել, որ ֆիլմը խայտառակում է մեր ազգը, մինչդեռ դրսում այն շատ պոետիկ են համարում։ Բայց ոչինչ, որովհետեւ հայերը միշտ ապրել են խնդիրների մեջ, դրա համար կարծում են, որ պետք է գովերգող ֆիլմեր նկարել։
- Դուք էլ, հավանաբար, կարծում եք, որ արվեստագետը պետք է քննադատական ոճ ունենա։
- Քննադատական չէ: Ուրիշ ոճ է՝ ճշմարտությունն է, եւ դա ճանապարհն է որոշելու համար, թե ուր պետք է գնա մարդը, ազգը։
- Իսկ նման ֆիլմերն իրենց ազդեցությունը թողնո՞ւմ են։
- Թողնում են, որովհետեւ իմ ֆիլմերի մեծ մասը Հայաստանից փախչողների մասին է՝ թե ինչի են փախչում Հայաստանից եւ ինչու չեն վերադառնում։ Կարծում եմ՝ շատերը, ովքեր զանգել եւ խոսել են ինձ հետ այդ ֆիլմերը դիտելուց հետո, չեն գնացել Հայաստանից կամ վերադարձել են։
- Երկար ճանապարհ եք անցել, բայց քանի որ եռանդով եք ու միշտ երիտասարդների կողքին, մի տեսակ զարմանալի է, որ արդեն տոնում եք Ձեր 71-ամյակը։
- Մեծանում եմ կամաց-կամաց, ինչ արած: Խնդիրն այն է, որ ո՛չ երիտասարդները, ո՛չ մեծերը չեն անհանգստանում հայկական կինոյի ապագայի համար։ Ինչո՞ւ հորինվեց «Ոսկե ծիրան» փառատոնը, որովհետեւ չկար հայկական կինո. կինոթատրոնները վաճառել էին, ֆիլմ չէին նկարում։ Մտածեցինք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մեկ անգամ եւս մտնենք համաշխարհային կինո։ Երկու ձեւ կար՝ պետք է շատ մեծ գումար ճարեինք եւ ֆինանսավորեինք ֆիլմերի նկարահանումները, կամ էլ պիտի երիտասարդների համար հետաքրքիր դարձնեինք կինոն: Գումար չունեինք եւ որոշեցինք փառատոն կազմակերպել՝ ցուցադրելու աշխարհի լավագույն ֆիլմերը եւ երիտասարդներին օգնելու հասկանալ դրանց կարեւորությունը։ Առաջին տարում մասնակցում էին ընդամենը երկու հայկական ֆիլմ, եւ հետաքրքրությունը մեծ չէր: Ես երջանիկ եմ, որովհետեւ մեր ամեն մի փառատոնին հիմա 15-20 հայկական ֆիլմ է մասնակցում: Իմ մեծ ուսուցչի՝ Միքայել Ստամբոլցյանի եւ կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ, կռվելով ամբողջ աշխարհի հետ, հասանք մեր նպատակին:
- Ի՞նչ կարծիքի եք հայ կինոյի մասին: Արդյո՞ք պատկերը փոխվել է։
- Շատ է փոխվել: Ես երազում էի, որ կանայք դառնան վավերագրողներ, եւ այդպես եղավ, իսկ տղամարդիկ ավելի թույլ են, դժբախտաբար, բայց կան հետաքրքիր ֆիլմեր։
- Այո, հիմա կանայք շատ ակտիվ են միջազգային հարթակներում եւս։
- Որովհետեւ կանայք ավելի կինեմատոգրաֆիկ են իրենց մտածողությամբ, եւ այժմ հայ կին ռեժիսորները բավական մրցանակներ են ստանում։
- Իսկ հիմա ի՞նչ նախագիծ եք իրականացնում:
- Ցանկանում եմ ստեղծել կինոդպրոց. հույսդ պետք է դնես երիտասարդների վրա: Նախարարությունից խոսք են տվել, որ կֆինանսավորեն դպրոցի ստեղծումը, եւ հույս ունեմ, որ կլինի։ Եթե լինի, կհրավիրեմ աշխարհի լավագույն կինեմատոգրաֆներին այստեղ դասավանդելու: Լավագույն տեխնիկան պետք է բերենք, որ ոչ թե խոսք ու զրույց լսեն, այլ ֆիլմեր ստեղծեն:
- Հոբելյանական տարին բուռն էր, նորանոր հաջողություններով տարի եմ մաղթում։
- Երջանիկ եմ ցուցադրությունների եւ մրցանակների համար, որովհետեւ արդեն տարիքով մեծ մարդ եմ։
- Այդքան էլ մեծ չեք. դեռ ավյունով լի եք։
- Կանայք ասում են՝ մեծ չեմ, տղամարդիկ ասում են՝ մեծ եմ (ծիծաղում է,-հեղ.):
- Տղամարդկանց մի լսեք։ Կարեւորը, որ եռանդով լի եք եւ դեռ շատ գործ ունեք անելու։
- Ես շատ ուժեղ մարդ եմ. ախալքալաքցի եմ։
Զրուցեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ Հարություն Խաչատրյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի


×
249








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: