×


«Օրագիր» ներկայացման պրեմիերային

Բաքվում ապրած հայ կնոջ անձնական օրագիրը՝ թատրոնի բեմում

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնի խաղացանկում նոր ներկայացում կա։ «Օրագիր» փաստավավերագրական դրաման բեմադրվել է՝ ըստ Լիանա Բաղդասարյանի անձնական օրագրի: Բեմադրության, պիեսի հեղինակն ու երաժշտական ձեւավորողը ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանն է։ «Օրագրի» առանցքում մեր ժամանակակից պատմությունն է: Ներկայացման մեջ ամփոփված են 1988-ից մինչեւ 2016-ի ապրիլի պատմական դեպքերը, այդ թվում՝ Արցախյան շարժումն ու Ապրիլյան պատերազմը:

«Օրագիր» ներկայացման պրեմիերային


Նարեկ Դուրյանի խոսքով՝ Բաքվում ուսում ստացած Լիանա Բաղդասարյանը Ստեփանակերտում իրեն է տվել անձնական օրագիրն՝ ասելով, որ այն լրացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի ժամանակ, եւ առաջարկել է ներկայացում բեմադրել դրա հիման վրա: Օրագրի հերոսները 4 ընկերուհի են, ովքեր 1983-1988 թթ. սովորել են Բաքվի մանկավարժական ինստիտուտում.«Սկզբում չհամարձակվեցի վերցնել, շվարած կանգնել էի՝ մտածելով, թե մարդ որքան կիսվելու, պատմելու կարիք պիտի ունենա, որ հեշտ ու հանգիստ իր անձնական օրագիրը, այն էլ ինչ օրագիր, վստահի անծանոթ մարդու։ Հեռախոսի համարը խնդրելով՝ առաջարկեցի հետո պատճենված տարբերակը վերցնել։ Անցան տարիներ՝ 15 տարի, չստացվեց զանգեմ, այս ընթացքում հեռախոսներս ու համարներս փոխել եմ, բայց սրբության պես պահում էի նրա հեռախոսահամարը՝ Լինա-Բաքու-օրագիր», - BRAVO.am-ին պատմել է ռեժիսորը։

Բեմադրության ընթացքում հանդիսատեսը պատմական էքսկուրս է կատարում՝ հայտնվելով տարբեր ժամանակահատվածներում, ականատես դառնալով վերջին տարիների հայերի հաղթանակներին, ձախողումներին ու միասնականությանը.«Ե՞րբ ենք հասկանալու, որ մշակութային ցեղասպանությունից մինչեւ ֆիզիկականն ընդամենը մեկ քայլ է, ինչո՞ւ ենք մուղամ լսելով, կլկլացնելով ու մեր ազգայինը մոռանալով ուզում նմանվել նրանց, ովքեր մեր ֆիզիկական ոչնչացումն են ուզում»։

Նարեկ Դուրյանը


Ի դեպ, օրագրի չորս հայ ընկերուհիները՝ Լինան, Ռուզանը, Ալվիդան եւ Մարգարիտան, Արցախյան շարժման ժամանակ տեղափոխվել են Հայաստան եւ ապրում են այստեղ։ Ներկայացվում է նրանց ուսանողական առօրյան, դասախոսների հետ հարաբերությունները, Նարեկ Դուրյանը հիշում է ֆրանսիական մամուլի ու հեռուստատեսության արձագանքը եւ ֆրանսահայերի աջակցությունը։

Արմեն Ամիրյանի ընտանիքը` «Օրագրի» պրեմիերային


Մեկ գործողությամբ ներկայացման կազմում են Նարեկ Դուրյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը, Տաթեւ Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Սուսաննա Ղազարյանը, Թելման Առաքելյանը, Արտակ Մանուկյանը, Ռաֆի Թադեւոսյանը: Երիտասարդ դերասանական կազմը փորձել է Հայաստանի երեք տասնամյակ տեւող պատմությունը հետաքրքիր կերպով մատուցել բեմից:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport