×


Նվեր՝ ջութակահարներին. Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» թարգմանվել է հայերեն

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ եւ շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է: 

Աշխատության գերմաներեն նոր հրատարակությունը 2020թ.-ին խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը եւ Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:


«Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այս աշխատությունը մնում է ջութակահարների կրթության անկյունաքարը եւ մինչեւ այժմ լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում: Այս մեթոդական ձեռնարկը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչեւ մատների եւ աղեղի ճկունությունը եւ հոգեբանական պատրաստվածությունը։ Ֆլեշի սկզբունքների ըմբռնումը կարող է զգալի կերպով բարելավել թե կատարելագործվող մասնագետի, թե առաջադեմ ուսանողի  կատարողական մակարդակը»,- նշված է ՀԱՖՆ-ի հաղորդագրությունում: 

Հայերեն թարգմանությունը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։ Նախագիծն իրականացրել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը՝ Հայաստանի  ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ հովանավորների ֆինանսական աջակցությամբ: 


«Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն տարբերակն անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին եւ դպրոցներին: 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խոստովանել է՝ ուրախ է, որ նախաբանը գրելու պատիվն իրեն է վստահվել: 


«Այժմ Կարլ Ֆլեշի այս հիմնարար աշխատությունը հասանելի է հայ մասնագետներին մայրենի լեզվով, ինչի առթիվ շնորհավորում եմ կոլեգաներիս: Որպես ջութակահար՝ տաղանդավոր մի քանի աշակերտ եմ ունեցել, որոնց թվում է նաեւ իմ կինը՝ Անուշ Նիկողոսյանը, եւ դասավանդելիս շատ եմ օգտվել այս գրքի գերմաներեն տարբերակից, հատկապես, վարժությունների եւ գամմաների գրքից, որն առաջիկայում նույնպես կթարգմանվի հայերեն՝ «Պրիմավերա» հիմնադրամի ջանքերով»,- ասել է Էդուարդ Թոփչյանը:


Նա նաեւ տեղեկացրել է, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մեծ համերգով կնշեն այս նշանակալից իրադարձությունը. «Կհնչեն ջութակի կոնցերտներ՝ Բրուխի թիվ 1 եւ Կորնգոլդի Ջութակի կոնցերտները: Ի դեպ, Կորնգոլդինը Հայաստանում երկրորդ անգամ է հնչելու: Մինչ այդ նվագախումբը կողջունի ունկնդրին Գլինկայի «Ռուսլան եւ Լյուդմիլա» նախերգանքի կատարմամբ»:

Գրքի գերմաներեն նորացված հրատարակության խմբագիր Մաքսիմիլիան Սիմոնը, անդրադառնալով մասնագիտական որոշ նրբությունների, նշել է. «Մեր մասնագիտությունում այնքան դժվար է ամեն ինչ բառերով բացատրել, առավել եւս ասելիքդ հասցնել աշակերտին: Օրինակ՝ շատ կարեւոր է հասնել գործիքի գեղեցիկ, ազնվական, հարուստ հնչողությանը, բայց տեխնիկապես ինչպե՞ս է դա հնարավոր իրագործել, այս գրքում դա շատ պարզ ու հստակ է բացատրված, եւ այդպես, բազում հմտություններ ու հնարքներ, որոնց պետք է տիրապետի ջութակահարը»:


Արամ Բադալյանն էլ շեշտել է, որ գրքի թարգմանության վրա աշխատելիս ամենադժվարը գերմաներեն լեզվի գեղեցկության փոխանցման եւ հասկանալի շարադրման մեջ ընտրությունն էր. «Ընտրեցի միջին ճանապարհը, որ լինի բավարար գեղեցիկ, միեւնույն ժամանակ, ժամանակակից ընթերցողի համար պրակտիկ եւ հասկանալի: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ես եւ իմ հայ ընկերներն ամեն ջանք ներդնում ենք, որպեսզի յուրաքանչյուրս մեր ոլորտում օգտակար լինենք մեր հայրենիքին: Եվ երբ առաջարկեցին թարգմանել գիրքը, շատ ոգեւորվեցի այդ գաղափարով ու անմիջապես համաձայնեցի: Իհարկե, այդ ժամանակ չէի պատկերացնում աշխատանքի ողջ ծավալը, արդյունքում ամիսներ եմ լուսացրել այս թարգմանության վրա, բայց արդյունքն արժեր ներդրած բոլոր ջանքերը»:

Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW