Գաբրիելլա Գալոյանը՝ նույն ինքը, երգչուհի Գաբին, կներկայացնի ժողովրդական երգերի շարան՝ «Մեր պարերը» տեսահոլովակով։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ ոճային փոփոխություն է արել եւ այսուհետեւ ցանկանում է երգել էթնո-փոփ ժանրում.«Սկսել եմ ազգագրական երգերով. մինչեւ էստրադային երգերը, կատարել եմ «Սարի աղջիկ»-ն ու այլ երգեր։ Ծնողներս ազգագրական, ժողովրդական երգի կատարողներ են, դրանք իմ երաժշտական պաշարի մասն են կազմում, բայց այն ժամանակ տեսահոլովակ նկարելու հնարավորություն չունեի։ Պոպուրիում զետեղել ենք երեք երգ՝ յուրաքանչյուրից մի հատված։ Որքան գիտեմ, Հայաստանում այս ձեւաչափով երգ չի եղել»։
Գաբին՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին
Գաբին պայմանագիր է կնքել հայ-ամերիկյան «Global Arts» պրոդյուսերական ընկերության հետ, որի օգնությամբ էլ նկարահանվել է տեսահոլովակը։ Ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ոճաբանը՝ Արմեն Գալյանը, երգչուհին կներկայանա երեք կերպարում.«Իմ նախորդ տեսահոլովակներից կտրուկ տարբերվում է, պարի խմբի հետ նաեւ ես եմ պարում։ Ռեժիսորն ինձ փորձել է ներկայացնել հնարավորինս բնական: Սա համարում եմ իմ առաջին լուրջ աշխատանքն էթնո-փոփ ժանրում։ Նախորդ տեսահոլովակներս կոմերցիոն են, նկարել եմ գումար աշխատելու համար, որոշակի եկամուտ ունեցել եմ։ Բայց հանդիսատեսին չեմ ստել. վաղ, թե ուշ վերադառնալու էի ազգագրականին, քանի որ այն ինձ սրտամոտ է»։
Երգչուհին նոյեմբերին Լոս-Անջելեսում կմասնակցի «Pan Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանը, որը կազմակերպում է իր պրոդյուսերական ընկերությունը.«Երբեւէ պրոդյուսերի հետ չեմ աշխատել, միշտ ասել եմ, որ պրոֆեսիոնալներ Հայաստանում չկան։ Իրենց առաջարկով սկսեցի այս երգի վրա աշխատել, հավանելով՝ առաջարկեցին պայմանագիր կնքել։ Երգել եմ ժողովրդական շարան, որը հետաքրքիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ սփյուռքի հանդիսատեսին. չենք փոխել մեղեդին, իմպրովիզներ չենք արել, որ ժողովրդական երգից չշեղվենք»։
Գաբին նոր տեսահոլովակ կներկայացնի
Գաբին նաեւ նկարահանվել է «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում՝ ուժերը փորձելով որպես դերասանուհի, բայց ինչպես նշել է, երգն առաջնային է.«Ուզում եմ՝ արմատացած իմ գործն անել, կոպիտ ասած, իմ «ծառը տնկել», որը կաճի հայկական երգարվեստում։ Դերասանությունն ուղղակի հետաքրքիր էր, հետո առաջարկներ եղել են, մերժել եմ. ինձ առաջնահերթ համարում եմ երգչուհի»։
BRAVO.am
Լուսանկարները` Գաբիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: