×


Գրքերը հրավիրում են «կույր ժամադրության»

Ո՛չ հեղինակի անուն, ո՛չ վերնագիր, ո՛չ էլ բովանդակային նկարագրություն: Միայն մի քանի տող, որոնք կամ կգրավեն քեզ կամ անտարբեր հայացք կնետես վրան ու կշարունակես քոնը փնտրել:

«Կույր ժամադրությունը» փորձում է վերափոխել մարդկանց հարաբերությունն ու ընկալումը գրքերի եւ դրանց ընտրության հարցում, ընթերցասերներին ավելի մոտեցնել ժամանակակից գրականությանը, օգնել հեշտ ընտրություն կատարել սիրելի մարդկանց համար նվեր ընտրելիս:


Նարե Մալխասյանը՝ «Էպիգրաֆ»-ի մենեջերը, որի հետ զրուցեցինք թեմայի շուրջ, պատմեց՝ իրենց աշխատակիցներից Շաքեի գաղափարն է եղել նման արշավ կազմակերպել: Հիմա ավանդույթի պես շարունակում են արդեն երկրորդ տարին:

Գրքերը նամակի տեսքով են փաթեթավորված, իսկ վրան՝ գրքից տողեր: Կարդացիր, դուրդ եկավ, էլ ի՞նչ ունես մտածելու: Դրանք հարմար են սիրահարների տոնին, գրքի տոնին. պարտավորեցնող ոչինչ չկա:


Գրքերի ընտրությունը կատարել է «Էպիգրաֆ»-ի թիմը՝ հաշվի առնելով անձնական նախասիրություններն ու ժամանակակից միտումները. «Փետրվարի 14-ին ընդառաջ հիմնականում սիրային գրքեր էին, բայց այս պահին արդեն տարբեր ժանրեր կան։ Ընդգրկված են Ջորջ Օրուելի «1984»-ը, «Անասնաֆերմա»-ն, Շեքսպիրի գործերից մի քանիսը, ժամանակակից հայ գրողների ստեղծագործություններ, սիրային աֆորիզմներ»։

«Կույր ժամադրության» ուշագրավ կողմերից մեկը ժամանակակից հայ գրականության տարածման խթանումն է. «Շատ լավ գրքեր ունենք մեզ հետ քայլող գրողների: Փորձում ենք մարդկանց գրավել նրանց կողմ: Շատերը չեն էլ ճանաչում նրանց, ինչը տխուր է: Առաջարկում ենք ծանոթանալ, վերցնում են, հավանում։ Գրախանութում հաճախ են անցկացվում հանդիպումներ ժամանակակից հայ գրողների հետ»։


Նոր գրքի ընտրության հարցում դժվար կողմնորոշվողների համար կատարյալ տարբերակ է. «Մի քանի օր առաջ մի աղջիկ էր եկել՝ ընկերոջ համար գիրք գնելու։ Ընկերը չի կարդում բացարձակ, եւ որոշել էր, որ առաջին գիրքը, որը կկարդա, սիրելիի նվիրածը պետք է լինի։ Չէր կողմնորոշվում՝ ինչ գնի: Ու առաջարկեցի մեր ծրարները դիտարկել։ Այդպես ավելի հեշտ ստացվեց»։

Երբ մարդը ընտրում է գիրք միայն մի քանի տողի հիման վրա, նա ազատվում է կանխակալ կարծիքներից, դասակարգումներից եւ ժանրային սահմանափակումներից։


Գիրքը կարող է դառնալ հանելուկ, արկածախնդրություն, քեզ թվա, թե ինչ-որ բան ես հայտնագործել: Ձեր ընտրությունը մի սահմանափակեք գրքի կազմով, գլխագրով կամ հեղինակի անունով: Եթե չեք հասցրել պատրաստվել սիրո կամ գրքի օրվան, դեռ ուշ չէ, գնացեք «Կույր ժամադրության»:

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW