×


Երեւանում հնչեց Մոնսերատ Կաբալյեի մոգական ձայնը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգումից հետո առաջինն այնտեղ հնչեց իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի ձայնը: Հունիսի 9-ին տեղի ունեցած համերգին դահլիճի նստատեղերը չէին հերիքել աշխարհահռչակ սոպրանոյին տեսնել եւ ունկնդրել ցանկացողներին. շատերը տեղավորվել էին հենց աստիճաններին:

Մոնսերատ Մարտին, Մոնսերատ Կաբալյեն եւ Ռամոն Տեբարը


Մուգ գինեգույն ու ծանր վարագույրը բացվեց ու բեմում հայտնվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, հրավիրյալ դիրիժոր Ռամոն Տեբարը, սոպրանո Մոնսերատ Մարտին եւ նա` Մոնսերատ Կաբալյեն: Ու չնայած, որ անվանի երգչուհին բեմում նստած էր, հանդիսատեսը հոտնկայս ու երկար ծափահարություններով ողջունեց նրան: 

Մոնսերատ Կաբալյեին ճանաչում էի նախ որպես մշտապես ժպտացող կին, Վինչենցո Բելլինիի “Նորմա” լիրիկական ողբերգության իմ ամենասիրելի արիաներից մեկի կատարող, դեռ երիտասարդ ու գեղեցիկ: Հետո լսեցի կուռքերիցս Ֆրեդիի Մերկուրիի հետ դուետն ու սիրեցի երգչուհուն արդեն հասուն, իսպանացի կնոջը բնորոշ կերպարով: Երեկ երեւանյան հանդիսատեսին սեւ զգեստով ու ոսկեգույն թիկնոցով ներկայացած 80-ամյա սոպրանոն շարունակում է մարմնավորել կանացիությունն ու չի կորցրել կրքոտ իսպանուհու խարիզման: Ձեռնափայտի օգնությամբ Կաբալյեն կանգնեց, ու հնչեցին փառահեղ ձայնի առաջին ելեւէջները:

Մոնսերատ Մարտին, Մոնսերատ Կաբալյեն եւ Ռամոն Տեբարը


Կողքիս նստած “ամենագետ” կինը միանգամից նկատեց` “Կարծես, արդեն այն չէ”: Մի քանի կատարում հետո կարծիքն այլ էր` “Բայց ձայնը բացվեց”: Զվարճալի է սպասել երգչուհուց նույնն, ինչ բեմից փոխանցում էր երիտասարդ Կաբալյեն, բայց նրանք, ովքեր հավատում են, որ երաժշտությունը տարիք չունի, վայելեցին նրա ելույթը: Դասական երաժշտության մոգական հնչյունները վարպետորեն կառավարող երգչուհին կարողանում էր յուրաքանչյուր ելույթը փոքրիկ բեմականացման վերածել: Համերգի ընթացքում շատ էր ծովը` ծաղիկների, ծափահարությունների, ժպիտների ծովը: Կաբալյեին ձայնակցում էր դուստրը` Մոնսերատ Մարտին, սակայն քիչ անց նա հանդես եկավ նաեւ սոլո կատարումներով` Լեոնկավալո, Գունո, Բիզե, Բարբիերի, Խիմենեզ:

Մոնսերատ Մարտին, Մոնսերատ Կաբալյեն եւ Ռամոն Տեբարը


Համերգային “բեմականացման” մեջ իր ուրույն դերն ուներ իսպանացի դիրիժոր Ռամոն Տեբարը, ով այժմ հանդիսանում է Ֆլորիդայի “Grand Opera”-ի երաժշտական ղեկավարը: “Ինձ համար մեծագույն հաճույք էր աշխատել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Առաջին անգամն եմ այստեղ, այնքան տպավորված եմ թե քաղաքից, թե մարդկանցից: Մեծ հույս ունեմ, որ կրկին կվերադառնամ Երեւան: Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել, որ հրավիրեցիք ինձ”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց դիրիժորը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն: Երիտասար երգչուհին Մոնսերատ Կաբալյեի անվան միջազգային մրցույթի հաղթողն է,  ելույթներ է ունեցել Նեապոլում, Բարսելոնում, Բալթիմորում եւ Միլանում, հաջորդ տարի նա առաջին անգամ հանդես կգա Փարիզի օպերայի բեմում: Երեւանյան համերգին Սմիմերոն  զուգերգով հանդես եկավ օպերային թատրոնի մեներգիչ, “Voci Verdiane” միջազգային փառատոնին  լավագույն բարիտոնի կոչմանն արժանացած Դավիթ Բաբայանցի հետ: Մեներգիչները կատարեցին զուգերգ Մասկանիի “Գեղջկական ասպետություն” օպերայից:

Մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն


“Ի՞նչ զգացմունքներ կարող է ունենալ այն երգիչն, ով հենց Մոնսերատ Կաբալյեի շնորհիվ է ծանոթացել օպերային արվեստին: Նրա ձայնը լսելով եմ մեծացել, վիրուսի նման վարակել էր ինձ ու ոգեշնչել, որ օպերային երգիչ դառնամ: Նույնիսկ ամենախիզախ երազումս չէի պատկերացնի, որ Կաբալյեի հետ նույն բեմում կկանգնեմ”,-ասաց Դավիթ Բաբայանցը: Ի դեպ, նա հասցրել է շփվել աշխարհահռչակ երգչուհու հետ, խոստովանում է, որ վերջինիս կարծիքն անգին է իր համար:

Համերգի երկրորդ մասում հայերի առջեւ Կաբալյեն ներկայացավ արդեն մանուշակագույն զգեստով: Երգչուհին խոստովանեց, որ անգլերեն այնքան էլ լավ չի խոսում, բայց հույս հայտնեց, որ հանդիսատեսը կհասկանա իր խոսքը. նախ ասաց` շատ գոհ է ֆիլհարմոնիկ նվագախմբի հիասքանչ երաժիշտներից, ապա նշեց, որ դստեր հետ կներկայացնի Ջոակինո Ռոսինիի հեղինակած կատուների կատակ-զուգերգը` գրված երկու մրցակցուհու համար, սակայն խոստովանեց, որ իրենք չեն մրցակցում եւ մտերիմ ընկերուհիներ են: Ու դահլիճում հնչեցին երկու հրաշալի ձայների մլավոցները: Այդ պահից սկսած` երգչուհին շարունակեց կատակել ու ծիծաղել հանդիսատեսի հետ:

Էդուարդ Թոփչյան."Կուռքերիցս մեկն այսօր երգեց իմ ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ"


“Ավելի շուտ արիաներ եմ երգել, քան` խոսել եմ: Այդ պատճառով այս երեկոն յուրահատուկ նշանակություն ունի ինձ համար: Շատ հուզված եմ: Մեծացել ու դաստիարակվել եմ` Մոնսերատ Կաբալյեին լսելով: Կուռքերիցս մեկն այսօր երգեց իմ ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ. սա մեծ իրադարձություն է”,-համերգից հետո նշել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Մոնսերատ Կաբալյեի դուստրը` օպերային երգչուհի Մոնսերատ Մարտին


Մոնսերատ Կաբալյեի դուստրը` Մոնսերատ Մարտին, որը նախկինում բալետի պարուհի է եղել, սակայն հետագայում ընտրել է օպերային երգչուհու կարիերան, համերգի ավարտին կատարեց Գոհար Գասպարյանի երգացանկից “Երեւան” ստեղծագործությունը: Կրկին հոտնկայս ծափահարությունների ներքո դիվան համերգի մյուս մասնակիցների հետ հեռացավ բեմից: Մինչ հանդիսատեսը լքում էր դահլիճը, օդում դեռ ճախրում էր Մոնսերատ Կաբալյեի հնչեցրած հաբաներան` Ժորժ Բիզեի “Կարմեն” օպերայից:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW