Երեւանում ընթանում է «Yerevan Food Fest» ուտեստների փառատոնը, որի շրջանակում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, վարպետության դասեր՝ խոհարարների, ռեստորատորների, ֆուդ-բլոգերների, քննադատների եւ լրագրողների համար: «Ոստան» ռեստորանը, որն իր ուրույն դերն ունի Երեւանում ռեստորանային մշակույթի ձեւավորման գործում, որոշել էր անմասն չմնալ տոնից եւ յուրօրինակ միջոցառմամբ ներկայանալ հայ գուրմաններին: Այդպիսով ռեստորանը հյուրընկալել էր իսպանացի շեֆ-խոհարար Իվան Սաեզին, ով պիտի հատուկ ճաշացանկ կազմեր «MBG Hospitality» ընկերության բրենդ-շեֆ Պավել Կուրտեեւի հետ:
«Ոստան» ռեստորանը
BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել ընթրիքին, լուսանկարել է հյուրերին եւ զրուցել ընկերության ներկայացուցչի հետ՝ պարզելու, թե ինչ ուտեստներ են մատուցվելու եւ ինչով են դրանք առանձնանում: «MBG Hospitality»-ի PR մենեջեր Աննա Սալոմեն մեզ հետ զրույցում ասաց, որ միջոցառումն անցկացվում է «4 ձեռք» ձեւաչափով, որի շրջանակում երկու շեֆ-խոհարար միասին մատուցելու են հինգ ուտեստ: Այդ շարքում կար ինչպես հիմնական ուտեստ, այնպես էլ սառը եւ տաք նախուտեստներ, ապերիտիվ եւ աղանդեր:
Հյուրերն արդեն հավաքվում էին, երբ բոլորի ներկայությամբ սկսեցին կրակի վրա պատրաստել հիմնական ուտեստը՝ հորթի միսը: Մինչ այդ, սակայն, մատուցվեցին մարինացված եւ ծխեցված իշխանը` նշի սոուսով, եւ խեցգետնով պաելյան: Այս նախուտեստներից հետո մատուցվեց հիմնական տաք ուտեստը՝ հորթի միսը: Օրվա ավարտին հերթը աղանդերինն էր, որն էր հատապտղային հատուկ սոուսով պաղպաղակը: Այս ամբողջ ընթացքում հյուրերի սեղանից անպակաս էր «Koor» հայկական գինիների տեսականին, որոնք համադրված էին հատուկ մենյուի հետ:
Իվան Սաեզը` «Ոստան» ռեստորանում
Աննա Սալոմեն մեր զրույցում տեղեկացրեց նաեւ, որ ընթրիքին ներկա էին Իտալիայից ժամանած ռեստորանային հայտնի քննադատ Ֆեդերիկո Ֆերերոն եւ Գինու ու գաստրոնոմիայի միջազգային կենտրոնի նախագահ Լեոնիդ Գելիպտերմանը: Նրանք նույնպես մասնակցում էին ուտեստների համտեսին, որպեսզի ավարտին կիսվեին իրենց կարծիքներով:
«Ոստան» ռեստորան
«Մեզ համար մեծ պատիվ եւ հաճույք է այսօր ձեզ հետ այստեղ գտնվելը: Հայաստանում մարդկանց հյուրընկալության համար մենք նույնիսկ չգիտենք` ինչպես շնորհակալություն հայտնել, եւ, իհարկե, լավագույն բանը, որ կարող ենք անել, ուտեստներ պատրաստելն է»,- իր ողջույնի խոսքում նշեց իսպանացի շեֆ-խոհարար Իվան Սայզը: Շարունակելով նրա միտքը՝ «MBG Hospitality» ընկերության բրենդ-շեֆ Պավել Կուրտեեւն էլ ընդգծեց՝ իրենց մատուցած ընթրիքն առանձնանում է նրանով, որ սննդարար է եւ չի պարունակում քիմիական հավելումներ.«Այն, ինչն այսօր մատուցվում է, շատ թրենդային է: Բոլոր կերակուրներն առողջության համար օգտակար են: Այսպիսի մի խոսք կա՝ հնարավոր չէ լավ սիրել, լավ մտածել, լավ քնել, եթե չունես լավ ընթրիք: Ես բոլորիդ ցանկանում եմ լավ ընթրիք»:
«Ոստան» ռեստորանը
Երեւանյան ամենահին ու ամենահայտնի բակում՝ «Ոստան» ռեստորանի բացօթյա սրահում, հետաքրքիր ու համեղ այս միջոցառումը շարունակվեց մինչեւ ուշ երեկո: Իսկ եթե դուք բաց եք թողել ընթրիքին ներկա լինելու եւ մատուցված յուրահատուկ կերակուրները համտեսելու հնարավորությունը, ապա հուսահատվել պետք չէ. «Ոստան»-ում լավագույն խոհարարներն ու բարմենները միշտ պատրաստ են բավարարել իրենց հաճախորդների ցանկությունները: Առաջիկա միջոցառումների եւ նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք հետեւել ռեստորանի ֆեյսբուքյան էջին:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: