×


Էրիկ. “Եթե ժողովուրդը որոշի, ամեն ինչ կանեմ, որ լավ լինի”

Յուրմալայում կայացած  “Նոր ալիք-2011” փոփ-երաժշտության միջազգային մրցույթի “Հանդիսատեսի համակրանք”-ին արժանացած Էրիկը Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին Հայաստանի մասնակցությունը ճիշտ ու կարեւոր է համարում:  BRAVO.am-ին երգիչն ասել է, որ հայաստանյան նախընտրական փուլ լինելու դեպքում էլ իր մասնակցությունը չի առաջադրի, քանի որ նախորդ տարի մասնակցել է միջազգային մեկ այլ մրցույթի ու ողջ ժամանակը զբաղեցրել դրանով:

“Իմ երազած մենահամերգն այս տարի անպայման տեղի կունենա”. Էրիկ


“Քանի դեռ “Նոր ալիք”-ը ապրում է, հիշում են, ես կփորձեմ քաղել այն ամենը, ինչ թողել է այդ մրցույթն ինձ համար: “Եվրատեսիլ”-ին դեռ շատ կհասցնեմ գնալ, իսկ այս տարի ինձ պետք չէ, որ ես մասնակցեմ: Սա այն դեպքն է, որ մեր երկիրը պետք է լավ ներկայացվի, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է այդ ամենն անեմ, ամեն ինչ կանեմ, որ լավ լինի...”,- նշել է Էրիկը:

Երգիչը նաեւ հետեւյալն է ասել. “Երաժշտությունը մեկ ուրիշ աշխարհ է, որն ազգություն, հավատք չի ճանաչում, այն բոլորի համար նույն է: Մենք պարտավոր ենք այս տարի գնալ ու ապացուցել,  որ չենք վախենում եւ երբեւիցե չենք վախեցել: Թող իրենք վախենան մյուս տարի Հայաստան գալուց. մենք պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք:)”:

Էրիկ. “Եթե ժողովուրդը որոշի, ամեն ինչ կանեմ, որ լավ լինի”


Այս տարի Էրիկը պատրաստվում է իրականացնել իր երկրպագուների սպասելիքները. ““Նոր ալիք”-ից  հետո մի փոքր դադար եղավ: Ճիշտ է` մասնակցեցի հեռուստանախագծերի, բայց նոր երգ կամ տեսահոլովակ չունեցա: Այս տարի ստեղծագործական կյանքումս միանգամից շատ-շատ բաներ կլինեն: Ես պետք է  արդարացնեմ երկրպագուներիս սպասելիքները` շատ աշխատեմ, անընդհատ անակնկալներ մատուցեմ, եւ, իհարկե, իրականություն դարձնեմ  իմ երազած մենահամերգը,  որն այս տարի պետք  է անպայման տեղի ունենա”:

Էրիկն այժմ պատրաստվում է մեկնել  Եգիպտոս` տեղի հյուրանոցներից մեկում 10-օրյա հանգիստ վայելելու, որն իրականացվելու է հայ-վրացական “10+10“ նախագծի շրջանակներում. “Վերադառնալով` կձայնագրենք  մի երգ, որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Կարծում եմ` այն պատրաստ կլինի մարտի սկզբին եւ կանանց տոնին հետաքրքիր անակնկալ կլինի:)”:

“Լարա Ֆաբիանի հետ դուետով հանդես գալն իմ երազանքն է”. Էրիկ


Փետրվարին երգիչը Ռուսաստանում համերգների մասնակցության հրավեր ունի: Այժմ երգչի պրոդյուսերն է զբաղվում իր երաժշտական կարիերայով եւ նոր առաջարկներով:
 
Էրիկը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ Լարա Ֆաբիանի հետ դուետով հանդես գալու մտահղացում էլ ունի, որը փորձելու է իրականացնել. “Դա իմ երազանքներից մեկն է:): Ցանկություն եւ ծրագրեր կան դուետով հանդես գալ նաեւ “Նոր ալիք”-ի իմ ընկերներից մեկի հետ: Ես սիրում եմ, որ դուետը հետաքրքիր է լինում...”:

2012-ին մենահամերգից բացի Էրիկն իր երկրպագուներին կներկայացնի նաեւ նոր ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինի 10 երգ. “Հիմնականում երաժշտության հեղինակը ես կլինեմ: Միգուցե որոշակի փոփոխություններ լինեն, բայց իմ ձեռագիրը զգացվելու է այդ ամենի մեջ` շատ չեմ շեղվելու: Ես ունեմ իմ տեսակը, որը փորձելու եմ միշտ պահել”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Էրիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին