«Էսթետիկ ազատություն`այսպես է բնորոշում Թամարա Գեւորգյանն իր եւ լուսանկարիչ Արվին Քոչարյանի համատեղ աշխատանքը:
Դերասանուհին նոր ֆոտոշարք ունի, որի առաջարկն Արվինից դեռ մի քանի տարի առաջ էր ստացել: Ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում համագործակցությունը: Վերջապես կարողացան իրականացնել այն: Թե՛ իր, թե՛ լուսանկարչի գերխնդիրն էր ստանալ այնպիսի ֆոտոշարք, ինչպիսին դերասանուհին չէր ունեցել, նրան ներկայացնել այն ռակուրսից, որից դեռ երբեք չի ներկայացել: Հիմնական շեշտը դրվել է Թամարայի վրա` տվյալ պահին որպես մոդելի:
Թամարան համամիտ է «Քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի ազատությունը» հայտնի ասացվածքի հետ: Տեսախցիկի կամ ֆոտոխցիկի առջեւ ազատությունն իր համար այն է, ինչը կարող են էսթետիկա,արվեստ անվանել: Դրանց մեջ է տեսնում ազատությունը:
«Արվինի հետ առաջին անգամ եմ աշխատում: Առաջին վայրկյանից սկսած` շատ եմ վստահել նրան` իմանալով իր պրոֆեսիոնալիզմը: Գործի մեջ էլ դա ապացուցվեց: Կարելի է ասել, որ այս կերպարները ստեղծել ենք նաեւ այդ վստահության շնորհիվ ու արդյունքում: Անկեղծ ասած, ես մի քիչ բարդ էի պատկերացնում, սակայն այնքան դրական ու ընկերական մթնոլորտ ստեղծվեց, որ բավականին հեշտ ընթացան նկարահանումները: Պլանավորել էինք մի քանի կերպար, սակայն ստեղծագործական մթնոլորտի արդյունքում մի քանի կերպար, մտքեր եւս ծնվեցին»,- BRAVO.am-ին ասել է Թամարան եւ հավելել, որ իր համար ֆոտոշարքն, առհասարակ, ինքնաարտահայտման եւ ինքնադրսեւորման, ինչու չէ, նաեւ տարբեր կերպարներով ներկայանալու եւ իրեն այլ տեսանկյունից տեսնելու եւս մեկ միջոց է:
Կարծում է`նույն մարդու մեջ կարող են տարբեր, հակասական կերպարներ ապրել: Կինը կարող է լինել թույլ, փխրուն, կանացի, նաեւ՝ ուժեղ: Թե՛ թատրոնի բեմում թե՛ հեռուստասերիալներում, նախագծերում փորձում է առաջինն իր համար բացահայտել այդ կերպարները, հետո ներկայացնել դրանք հանդիսատեսին կամ հեռուստադիտողին:
Արվին Քոչարյանն էլ նշել է, որ ճանաչված մարդկանց լուսանկարելու իր ձեւաչափն ունի: Պետք է կերպարի բնույթը համապատասխանի նրան, ինչն ինքն է պատկերացնում, հետեւաբար բոլորին չի առաջարկում: Այս առումով Թամարայի հետ արված ֆոտոշարքն ստացված է համարում:
«Թամարան շատ դրական էներգիա փոխանցեց: Ֆոտոշարքի նկարահանումները հանգիստ անցան: Հազվադեպ էի ուղղումներ, շտկումներ անում: Իմ ոճն ավելի շատ մինիմալիստական է: Շեշտը չեմ դնում կերպարի հագուստի, զարդերի վրա: Իմ ոճի մեջ արված ֆոտոշարքերից է, բայց Թամարան իր կերպարով, բնույթով առանձնանում է»,- հավելել է Արվինը:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսնկարները`Արվին Քոչարյանի
Դիմահարդարումը`Իզաբելլա Պապարիցուի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: