×


Թամար Կապրելյանը Երեւանում` հատուկ նպատակով:)

«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը ներկայացրած «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանն այս օրերին Երեւանում է հատուկ նպատակով։ Ամերիկահայ երգչուհին հիմնադրել է «Նվակ» երաժշտական նախագիծը, որի շրջանակում երգեցողության դասընթացներ է անցկացրել «Թումո» ստեղծարար կենտրոնում։ Նրա հետ այստեղ են նաեւ «Գրեմմի» մրցանակակիր երգահան, ձայնագրման արտիստ ու պրոդյուսեր, «Evanescence» խմբի համահիմնադիր Բեն Մուդին եւ կոմպոզիտոր, գործիքավորող Էնդրյու Ֆոքսը։

Թամար Կապրելյանը


Ամերիկյան շոու բիզնեսի երաժիշտները երկու շաբաթ շարունակ հայ պատանիներին սովորեցրել են բառեր ու մեղեդիներ գրել, ձայնագրել, գործիքավորել, այսինքն՝ զրոյից երաժշտություն ստեղծել։ Սա Թամարի նախաձեռնության առաջին փուլն է.«Նախորդ տարի առիթ ունեցա շփվել երեխաների հետ, հասկացա` որքան տաղանդներ կան, ու որոշեցի ծրագիր ստեղծեմ, որ հնարավորություն ունենամ իմ փորձը փոխանցել եւ աջակցել։  Ընդամենը երկու շաբաթում փայլուն առաջընթաց տեսա. երեխաներն իսկապես շնորհալի են, պարզապես պետք է ճիշտ ուղղություն ցույց տալ, ինչի համար էլ հրավիրեցի գործընկերներիս»։

«Նվակ» նախագծի առաջին համերգին


Երաժշտական դասընթացները եզրափակվել են ակումբային համերգով։ Սկսնակ երաժիշտներին նվագակցել են Էնդրյու Ֆոքսը, «Թումո»-ի երաժշտական մասնագետ Արամ Րիանը, երգչուհին էլ բեմից եւ կուլիսներից քաջալերել է իր սաներին` անընդմեջ կրկնելով` «Երեխաներ, դուք հիասքանչ եք»։ Պատանիները կատարել են միջազգային հիթեր, նաեւ առաջին անգամ հնչեցրել իրենց հեղինակային երգերը։
Երեւանի եւ Գյումրիի Թումոյի սաներն ու տարիքով ավելի մեծ մասնակիցները երկու շաբաթում սովորել են երաժշտական ոլորտի հիմունքներն ու գաղտնիքները հանրահայտ եւ իրենց համար արդեն հարազատ դարձած երաժիշտներից։

Վահե Թիլբյանը եւ «Նվակ» նախագծի մասնակիցներից


Համերգին ներկա էր նաեւ «Genealogy»-ի մեկ այլ անդամ` Վահե Թիլբյանը, որը դասընթացներին հասցրել էր ծանոթանալ երգող պատանիների հետ.«Հիացած եմ Թումոյի աշակերտների տաղանդով, բերանս բաց է մնացել, որովհետեւ երկու շաբաթ առաջ լսել եմ եւ հիմա բեմում տեսնում եմ, որ տարբերությունն ակնհայտ է։ Ցանկանում եմ, որ տարիներ հետո Հայաստանում, եթե ոչ ամբողջ աշխարհում, աստղ դառնան»։

Համերգի եզրափակիչ մասում երգել է Թամարը, այնուհետեւ Վահեի հետ կատարել են եվրատեսիլյան «Face The Shadow» երգը։ Ավարտին էլ բոլոր մասնակիցները միասին լուսանկարվել են՝ հուսալով, որ կրկին հանդիպելու առիթներ կունենան։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW