Իվետա Մուկուչյանն օրեր առաջ վերադարձել է աֆրիկյան հուշերով ու ամառային տրամադրությամբ: Երգչուհին մոտ մեկ ամիս եղել է հարավաֆրիկյան հանգստավայրերից մեկում` Քեյփթաունում:
Իվետա Մուկուչյանը ընկերուհու հետ
Իվետան պատմել է, որ իր հարազատ քույրը` Մարիաննան, որպես դիմահարդար մի քանի ամսով աշխատում է Աֆրիկայում. “Այս ընթացքում բազմաթիվ մոդելներ մեկնում են Աֆրիկա, որ տարբեր ապրանքանիշերի գովազդներ ու ֆոտոսեսիաներ նկարահանեն: Ես, մայրիկս ու Գերմանիայի ընկերներիցս մի քանի հոգի գնացել էինք քրոջս մոտ: Նա այնքան էր մեզ պատմել, որ ինքներս մեկնեցինք տեսնելու Աֆրիկայի հրաշք բնությունը:)”:
“Շատ շոգ էր, օդի ջերմաստիճանը 30-35 էր, բայց Քեյփթաունում շատ ուժեղ ալիքներ են, օվկիանոսի ջուրը շատ սառն է: Աֆրիկայի ամենահարավում էինք, նաեւ եղա այն հատվածում, որտեղ Հնդկական ու Ատլանտյան օվկիանոսները միանում են իրար: Դա համարվում է աշխարհի վերջը, այնպես որ, ես գնացի աշխարհի վերջը ու ետ եկա:)”:
Իվետա Մուկուչյանը երգել է Սեյշելյան կղզիներում կազմակերպված ակումբային փակ համերգին
Իվետան բացի հանգստանալուց նաեւ գումար է աշխատել:). նա երգել է Սեյշելյան
կղզիներում կազմակերպված ակումբային փակ համերգին. “Ընդհանուր ծանոթների միջոցով լսել էին իմ կատարումները, տեղի բենդի հետ հրավիրեցին ելույթ ունենալու: Հնդկական օվկիանոսի այդ կղզին իսկական դրախտ էր` փոքրիկ շնաձկներով, կապիկներով, մեծ կրիաներով ու արմավենիներով: Շատ էկզոտիկ կղզի էր”:
Իվետա Մուկուչյանը քրոջ՝ Մարիաննայի հետ
Երգչուհին կենդանի նվագակցությամբ կատարել է ջազային ու բլյուզային ոճի իր հեղինակային երգերը. “Երգիչներ կային նաեւ Իտալիայից, Բրազիլիայից ու Անգլիայից: Բենդի հետ 3 օր փորձեր ենք արել, պետք է հպարտանամ ու ասեմ, որ երբ ես երգեցի, բոլորը ոտքի կանգնեցին, շատ լավ ընդունեցին: Ինձ համար դա կարեւոր էր, որովհետեւ այդ պահին չէին գնահատում իմ արտաքինը կամ ոտքերը, այլ իմ երգածի համար էին ծափահարում”:
Իվետայի խոսքերով` փակ համերգին արգելված են եղել նկարահանումները, այդ պատճառով չունի լուսանկարներ. “Քանի որ հանդիսատեսի շարքերում քաղաքական ոլորտի լուրջ մարդիկ էին, լուսանկարելու իրավունք չունեինք: Իրոք պրոֆեսիոնալ կազմակերպված համերգ էր, փող չէին խնայել”:
Իվետա Մուկուչյանը մայրիկի ու քրոջ հետ
Իվետան, լինելով Երեւանի կոնսերվատորիայի ուսանող, հանգստի ընթացքում բաց է թողել դասերը, բայց նշել է, որ հիմա բացը լրացնում է.“Եթե համերգ չտայի, ավելի շուտ կվերադառնայի: Բացականերս այնքանով է արդարացված, որ հանգստի ընթացքում իմ մասնագիտությամբ եմ զբաղվել, երգել եմ ու ներկայացել որպես հայ երգչուհի”:
Այժմ Իվետան իր առաջին ալբոմի երգերի ընտրությամբ ու ձայնագրություններով է զբաղվում, հույս ունի այն թողարկել մինչեւ տարեվերջ. “Մեծ մասամբ իմ հեղինակային երգերն են լինելու, որոնք դեռ հանդիսատեսը չի լսել: Իմ սիրած սոուլ, ջազ, ֆանկ ոճերի մեջ եմ ստեղծագործում: Ալբոմը թողարկելուց հետո կմտածեմ նաեւ ակումբային մենահամերգի մասին, նաեւ այլ նորություններ կլինեն”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Իվետա Մուկուչյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: