×


Ինչ առիթով էին Գարի Քյոսայանն ու Ալլա Սահակյանը ԱՄՆ-ում

Ջազ կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար Գարի Քյոսայանը բազմիցս ելույթներ է ունեցել Միացյալ Նահանգներում, սակայն օրերս օվկիանոսից այն կողմ կայացած համերգն առանձնահատուկ էր, քանի որ նվիրված էր նրա հորը։

Այս տարվա ապրիլին Երեւանում տեղի էր ունեցել հայ անվանի կոմպոզիտոր եւ մանկավարժ Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված համերգը։ Երկրորդ համերգի առիթով Գարի Քյոսայանն ու կինը՝ Ալլա Սահակյանը, մեկնել էին Լոս Անջելես։ Իր ջազ քառյակի հետ երաժիշտը հանդես է եկել հին ու նոր ստեղծագործություններով ու ջազ ստանդարտներով։

Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված համերգը Լոս Անջելեսում


Ալլա Սահակյանի փոխանցմամբ՝ երեկոն ընթացել է հրաշալի մթնոլորտում. «Հիանալի հանդիսատես էր, որ սիրում է Քյոսայանի երաժշտությունը։ Բուռն ու դրական արձագանքներ ստացանք։ Ներկա էին Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտներ, Սերգեյ Քյոսայանի աշակերտներ Էլլադա Չախոյանը, Յաշա Պապյանը, Սիմոն Մակինաջյանը, Լեւոն Աբրահամյանը եւ այլք։ Նրանց համար կարեւոր եւ հիշարժան օր էր»։

Այս համերգին ելույթ է ունեցել Լոս Անջելեսում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը։ Պարզվում է՝ նա եւ Ալլա Սահակյանը Երեւանի պետական կոնսերվատորիայում ուսանելիս համակուրսեցիներ են եղել, սակայն առաջին անգամ են զուգերգ կատարում.«Գարին եւ նա երկար տարիներ ճանաչում են միմյանց: Իրենց խոսքով՝ միշտ եղել է միասին աշխատելու ցանկություն։ Երեւանում վերջերս Հովհաննեսի հետ նկարահանվում էինք մի ֆիլմում, Գարին էլ այդ ֆիլմի կոմպոզիտորն է։ Մեր հանդիպումների ընթացքում որոշեցինք առաջիկա համերգին համագործակցել։ Զուգերգով կատարեցինք Ջորջ Գերշվինի «Summertime» հայտնի երգը, իհարկե, Հովհաննեսը նաեւ կատարեց Գարիի երգերից ու ամերիկյան ջազ ստանդարտներ»։

Հովհաննես Բաբախանյանը եւ Ալլա Սահակյանը


Համերգին Գարի Քյոսայանը ստացել է երկու պատվոգիր։ Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի շնորհակալագրերը տրվել են Սերգեյ Քյոսայանի 100-ամյակին նվիրված համերգի կայացման համար։

Այս համերգին ներկա են եղել ամերիկյան եւ անգլիական լրատվամիջոցների ներկայացուցիչներ.«Նրանք հիացած էին բարձրորակ երաժշտությամբ, ինչի մասին գրելու են իրենց ամսագրերում եւ նյութերում։ Մեր համերգից բացի, այնտեղ փորձում էինք ժամանակն արդյունավետ օգտագործել ու այցելել այլ ջազ համերգների՝ ծանոթանալու նոր երաժիշտների հետ»։

Ամուսնական զույգն արդեն վերադարձել է Երեւան: Նրանք պատրաստվում են հոկտեմբերի 28-ին ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում կայանալիք նոր համերգին։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ալլա Սահակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport