×


Ասիլվան

Խառնելով գույները. տարածական սերը` Ասիլվայի կտավներում

Ֆրանսահայ գեղանկարչուհի եւ քանդակագործ Ասիլվան Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այս ամիս ներկայացրեց հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող իր աշխատանքները։ Ոսկե հատմամբ եզերվող գծերի, գույների հետեւում ընտանիքն ու արվեստը կշռած, կյանքը խորշոմներով մաղած մի կնոջ ճակատագիր է, որի մասին BRAVO.am-ը զրուցել է հեղինակի հետ։

Հուշեր` չգրված անցյալից

1915 թվականին թուրք զինվորները ներխուժում են Ասիլվայի` Ադրիանապոլսի պապենական տունը եւ տեղահանում ողջ ընտանիքին։ Տատը մի կապ ոսկի է վերցնում, որ ապրուստի միջոց ունենան, ամուսնու եւ երկու զավակների հետ ճամփա ընկնում։ Գաղթյալներին նավակ է սպասելիս լինում, որին վիճակված չէր ափ հասնել։ Ամբողջ ճանապարհին հայերն աղոթում են, փրկվում մեծ ալիքներից, ապա կենդանիներ տեղափոխող գնացքով հասնում Անատոլիա։ Շատերը, երկար դեգերումներին ու սովին չդիմանալով, մահանում են։ Հայրը՝ Մկրտիչը, ուսերին է առնում նրանցից մեկի որդուն։ Թուրք ծանոթի միջոցով լուր են ստանում, որ ճամփաբաժանին ջարդ է լինելու։ Այդ ժամանակ քեմալականները գերմաներեն լեզվին տիրապետող մեկին էին փնտրում, իսկ Մկրտիչը յոթ լեզու գիտեր։ Համաձայնում է նրանց թարգմանիչը լինել՝ ընտանիքն իր հետ տանելու պայմանով։  Գիշերը հանկարծ սայթաքում է, ընկնում, իսկ Կոստանդնուպոլսում մինչեւ սրունքը զրկվում ոտքից՝ փտախտի պատճառով։ Այս քաղաքում հանդիպում է իր ապագա կնոջը։  

Ասիլվայի աշխատանքներից


Տարիներ անց՝ ամուսնու մահից հետո, Ասիլվան երկու երեխաների հետ Փարիզ է տեղափոխվում, ապա հորն իր մոտ տանում։ Այդ ժամանակ է լսում նրա «քաշած» օրերի մասին. մինչ այդ Ցեղասպանությունից ոչ ոք չէր խոսում։

1988թ.-ին` երկրաշարժից օրեր անց, մշակույթի նախարարի հրավերով Հայաստան է գալիս, ձեռնարկում հնարավոր ամեն ինչ։ Ասում է՝ այդ օրերին մեծ ցավ ապրեց, ժողովրդի ցավը։

Աբստրակտ. խաղ մտքի ու զգացողության միջեւ

Երկու տարեկան էր, երբ ձեռքն առավ մատիտն ու սկսեց կրկնօրինակել թղթի վրա պատկերված շրջանակը։ Ծնողներն այդպես էլ նկարչական ուսման չտվեցին. աղջկա համար գծագրիչ լինելն ամոթ էր։ Ապագա ամուսնու հետ պայման կապեց, որ կամուսնանա միայն նկարչական ակադեմիա ընդունվելու դեպքում։ Այդ որոշման համար Ասլիվայի ծնողները փեսայից երկար նեղացած մնացին (ծիծաղում է,- հեղ.)։ Խոստովանում է՝ դժվար է միաժամանակ ընտանիք ունենալ եւ արվեստագետ լինել, միշտ մեկին զոհաբերում ես։

Առաջին գործերը դասական էին՝  դիմանկարներ, բնանկարներ։ Երբ մաթեմատիկական կրթություն ստացավ, սկսեց Ռեմբրանդ եւ Սյորա ուսումնասիրել։ Հոլանդական ոսկե դարի եւ ֆրանսիական նեոիմպրեսիոնիզմի շրջանում ոսկե հատման գործածության մասին իր աշխատությունները Լուվրի թանգարանը գնեց՝ դարձնելով ուղեցույց մյուսների համար։

Աբստրակտ գեղանկարչության հանդեպ սերը հիմնովին փոխեց Ասիլվայի ձեռագիրը։ Վստահեցնում է՝ աբստրակտը միայն ձեւի ու գույնի համադրումը չէ, այն գիտություն է, սցենար, էմոցիաներ։ Իր դասախոսություններին մասնակցել ցանկացողներից միակ պահանջն այն է, որ նկարչության հետ որեւէ առնչություն չունենան։ Երեք հանդիպումից հետո նրանք սկսում են ստեղծագործել, գտնել իրենց գույնը։ Լավ արվեստագետը նա է, ով կարողանում է խառնել իր եւ ուրիշների գույները։

Ասիլվայի աշխատանքներից


Ասիլվայի կտավներն առանձնանում են մեծ չափերով. այս դեպքում ոչ միայն ձեռքն է աշխատում, այլեւ ամբողջ մարմինը։ Մեծ տարածությունը թույլ է տալիս միտքը չսահմանափակել։  

81-ամյա գեղանկարչուհին փառքն իր նպատակը չի համարում։ Պատմում է` երբ ժամանակին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում էր ցուցադրվում՝ Պիկասոյի կտավների կողքին, որդու հետ ցուցասրահ է մտնում մի տարեց կին եւ գնում ցուցահանդեսի կատալոգը։ Երբ տղան մորից եւս մեկ օրինակ է խնդրում եւ մերժում ստանում, Ասիլվան մակագրում է գիրքն ու նրան նվիրում.«Նայեց երեսիս, ասաց՝ «տիկի՛ն, այս գիշեր որոշել էի ինքնասպան լինել, բայց Ձեր գույներն ինձ կյանք տվեցին»։ Ինձ համար բնավ կարեւոր չէ՝ աշխատանքս լավն է, թե ոչ, ինձ հասկանում են, թե ոչ։  Ես ապրում եմ այդ մեկի համար, ում իմ արվեստը կարող է բուժել»։

Երկու հայրենիք, մեկ սիրտ

Ասիլվան աշխարհի քաղաքացի է. ցանկացած երկիր այցելելիս նրա մի մասն է դառնում։ Միայն Ճապոնիայում են իրեն որպես հայի ճանաչում (ժպտում է,- հեղ.)։ Նրա համոզմամբ՝ չսիրել մարդուն կամ երկիրը կարող ես, բայց հարգել պարտավոր ես:

Աշխարհն իր համար երկու կենտրոն ունի՝ Հայաստանն ու Ֆրանսիան։ Դրանք անհամեմատելի են։ Եթե զավակներիցդ մեկին ավելի ես սիրում, ուրեմն լավ մայր չես։  Փարիզն իր կացարանն է, տանիքը, իսկ Հայաստանը՝ սրտի մի անկյունը։ Հայաստանն առանց պատճառի է սիրում. այդ զգացմունքն անգին է։

Հաճախ իրեն հարցնում են՝ ինչպես է հաջողության հասել. պատասխանը մեկն է` նեղությանը սովորելով։ Դժվարին ուղին է կոփել իր մարդ տեսակը, ուժ տվել օգնել մյուսներին։

Ասիլվան


Հ․Գ․ Ասիլվան (Սիլվա Մկրտչի Առաքելյան) ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պլաստիկ արվեստի միջազգային ընկերակցության հիմնադիրն է, առաջին քրիստոնյա կինը, որն արժանացել է Թուրքիայի՝ Արվեստի նվաճումների համար պետական մրցանակի։  Նրա կտավներն ու քանդակները ցուցադրվել են Միացյալ Նահանգներից մինչեւ Ճապոնիա։

Զրույցը՝ Անի Անտոնյանի / Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի / Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport