×


Գույները հայաստանյան են, բայց միտքը Արցախում է. Արկադի Մկրտչյանի նկարներն ու քանդակները

Արկադի Մկրտչյանի ավտոտնակ-արվեստանոցը հեշտ է գտնել. հետեւում ես երաժշտության ձայնին եւ հայտնվում մի վայրում, որտեղ մի անկյունում դրված է «մայրամուտը», մեկում՝ կարոտն է՝ հովվի տեսքով, մյուսում էլ՝ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու դիմաքանդակն է, իսկ մոլբերտին դրված կտավում Սայաթ-Նովան է, որի հետեւում ոչինչ չկա, բայց վրձնի մի քանի հարված, եւ հայտնվում է Թիֆլիսը:

Արկադի Մկրտչյանը նկարել եւ քանդակել սկսել է փոքր տարիքից: Ինչքան իրեն հիշում է՝ կա՛մ մատիտն էր ձեռքին, կա՛մ կավը:


«Այն տարիներին Ղարաբաղում նկարելու եւ քանդակելու դասընթացներ ընդհանրապես չկային: 50 տարի առաջ, երբ քանդակներս ցույց տվեցի մի արվեստագետի, հարցրեց՝ այդ ումի՞ց ես առել, բերել: Հորեղբորս հետ էի գնացել, բարկացա, ասացի՝ բերեք, հիմա ձեր աչքի առաջ սարքեմ: Գնացի երեկոյան իրենց տուն, Սայաթ-Նովայի քանդակն արեցի: Դա տեսնելուց հետո ասաց՝ գնա Թատերական ինստիտուտ»,- պատմում է նկարիչ-քանդակագործը:

Արցախից բռնի տեղահանության ժամանակ առաջին բանը, որ փորձել է Արկադի Մկրտչյանի ընտանիքը դուրս բերելով փրկել, եղել են նրա նկարները:

«Շատերի համար տարօրինակ քայլ էր, որովհետեւ չվերցնել տաք հագուստ՝ իմանալով, որ ձմեռը մոտ է, բայց վերցնել նկարները, իրոք, տարօրինակ էր»,- ասում է նրա դուստր Իրինա Մկրտչյանը:

Կոտրված էին, չէին պատկերացնում, որ հետագայում կկարողանան  ցուցահանդեսներ կազմակերպել: Հետո եկել է ցուրտ ձմեռը, աշխատելու հնարավորություն չի եղել:


«Հայրս Ստեփանակերտում երկու արվեստանոց ուներ. մեկը նկարների համար էր՝ փակ տարածքում, մյուսը՝ քանդակներ անելու համար՝ բաց տարածքում, շատ մեծ էր, այնտեղ աշխատում էր մարմարի վրա: Այստեղ աշխատելու ոչ մի հնարավորություն, տարածք չկար: Ընդամենը ծեփամածուկով հարեւանների, որոնց հետ շփվում էր, գլուխներն էր պատրաստում: Ձմռանը շատ ցուրտ էր դրսում աշխատելու համար. մեկ ժամ աշխատում էր, սառած տուն գալիս»,- պատմում է նկարիչ-քանդակագործի դուստրը:

Ստեփանակերտում եղած արվեստանոցները ծառայել են իբրեւ պատկերասրահ: «Առավոտյան՝ հենց արվեստանոցը բացվում էր, արվեստագետներ եւ հայտնի այլ գործիչներ, ովքեր սիրել են արվեստը, գալիս էին հայրիկիս մոտ: Եվ, երեւի, այդպիսի դեպք չի եղել, որ մտնեմ արվեստանոց, եւ հայրս մենակ աշխատի: Նկարների արվեստանոցը մեր տան բակում էր, քանդակներինը՝ հեռու. մեքենայով էր գնում»,- ասում է Իրինա Մկրտչյանը:

Արվեստանոցներ այցելում էին ոչ միայն արվեստագետները. բակի երեխաները դասերից հետո նույնպես գնում էին այնտեղ՝ նկարել, քանդակել սովորելու:

«5-6 տարեկան մի քանի երեխա գալիս, դուռը ծեծում էին եւ ասում. «Բա Արկադիկ քեռին չի՞ իջնում»: Հայրս ասում էր՝ գնացեք, բակում նստարանին նստեք, մի քիչ հանգստանամ, կգամ: Երբ մտնում էիր արվեստանոց, երեխաները, սիրուն նստած եւ ամեն մեկը մի թերթ վերցրած, կա՛մ նկարում էին, կա՛մ հայրիկը նրանց գույներն էր բացատրում»,- պատմում է նկարիչ-քանդակագործի դուստրը:


Հայաստանում էլ երեխաներն այցելում են Արկադի Մկրտչյանի ավտոտնակ-արվեստանոց, դիտում, թե ինչպես է աշխատում:

«Մի անգամ գնում եմ ավտոտնակ՝ տեսնելու, թե հայրս ինչի վրա է աշխատում, հանկարծ նկատեցի՝ 14-15 տարեկան տղաներ են գալիս: Հայրս հարցնում է. «Երեխե՛ք, միանգամից դպրոցի՞ց եք եկել»: Ասում են՝ այո՛: Մեկը քանդակել է սովորում, մյուսը՝ նկարչություն, մեկ ուրիշը ուղղակի նստած նայում է՝ ոնց է հայրս աշխատում»:

Ավտոտնակում նկարելուց առաջ նկարիչ-քանդակագործը աշխատում էր շենքի 5-րդ եւ 6-րդ հարկերի միջեւ եղած տարածքում. «Բոլորն օգտվում էին վերելակից, աստիճանների տարածքը ազատ էր, ոչ ոքի չէր խանգարում, որ հայրս այդտեղ մոլբերտ էր դրել եւ աշխատում էր: Երբ հարեւաններից մեկի արձանիկը պատրաստեց, նա իր ավտոտնակը տվեց հայրիկիս՝ որպես արվեստանոց»:

Նկարելուց եւ քանդակելուց բացի, Արկադի Մկրտչյանը երեխաներին գիտելիքներ է տալիս համաշխարհային արվեստից: Օրինակ՝ բացատրում, թե ով էր Օգյուստ Ռոդենը, ինչ ոճով էր քանդակում:


«Մեկը 12-րդ դասարանում է սովորում, մեկը՝ 10-րդ: Գալիս են, ցույց եմ տալիս՝ ոնց նկարեն: Մեկն արդեն վրձնով կարողանում է խզբզել: Ասում եմ՝ ինչ ուզում ես, նկարիր: Լավ է, որ ցանկություն ունեն. ավելի լավ է, քան դրսում ծխախոտ ծխելը: Թող գան, նայեն՝ ոնց եմ նկարում: Եթե ուզեն, միայն տեսնելով էլ կսովորեն»,- ասում է Արկադի Մկրտչյանը:

Երեխաներից մեկին, ով սովորում է 10-րդ դասարանում, փորձել է ցույց տալ, թե ինչպես է պետք քանդակ ստեղծել: Մեկ ժամում ավարտել է Այվազովսկու դիմաքանդակը. «Ես էլ եմ շատ սիրում ծով նկարել: Ասում էի՝ այնքան եմ նկարելու, մինչեւ Այվազովսկու նման այդ փոթորիկը կարողանամ ստեղծել: Հիմա, փառք Աստծո, կարողանում եմ»:   

Սկզբնական շրջանում քանդակելու գործում Արկադի Մկրտչյանին օգնել է երկրաբան Գրիգորի Գաբրելյանցը: ԽՍՀՄ տարիներին վերջինս եղել է երկրաբանության նախարար: Հենց տեսել է Արկադի Մկրտչյանի քանդակները, սկսել է օգնել նրան:

«Դե, նկարիչի կյանքը գիտեք՝ ոնց է լինում. կտավ չկա, ներկ չկա: Իսկ Գաբրելյանցը ինձ օգնել է, եւ ես հնարավորություն եմ ունեցել գնելու ե՛ւ կտավ, ե՛ւ ներկեր, որ նկարեմ, ու դեռ մի քանիսին էլ օգնել եմ»,- ասում է նկարիչը:


Արցախում Արկադի Մկրտչյանը հիմնականում նկարում էր արցախյան բնապատկերներ: Նկարել է 500-ից ավելի կտավներ եւ 50-ից ավելի քանդակներ է ստեղծել: Տեղահանվելու ժամանակ կարողացել են փրկել միայն 30-ից մի փոքր ավելի նկար, բոլոր քանդակները մնացել են Արցախում:

«Տրանսպորտի հնարավորություն չկար, որ կարողանայինք ամբողջը բերել: Հայրս տարբեր վայրերում նկարներ, քանդակներ ուներ, բայց դուրս է բերել այն գործերը, որոնք այդ պահին իր ձեռքի տակ են եղել: Դրանք հանել է շրջանակներից, որովհետեւ դրանցով դժվար կլիներ տեղափոխելը»,- ասում է դուստրը:  

Արկադի Մկրտչյանն աշխատում է միայն երաժշտության ուղեկցությամբ: Սիրում է լսել քամանչայի, դուդուկի մեղեդիներ կամ դասական երաժշտություն՝ Մոցարտ, Շոպեն, Բախ: Երաժշտության ընտրությունն էլ պայմանավորված է նրանով, թե ինչ է նկարում:

«Երբ ասում են՝ մուսան գալիս է, ես չեմ ընդունում: Ասենք՝ մուսան այսօր չի եկել, պետք է պարապ նստեմ ու սպասեմ, թե ե՞րբ մուսան կգա: Այդպիսի բան չկա: Կտավը դնում եմ, երգը միացնում, եւ վերջ, երկու խազ, ու միտքն արդեն ծագում է»,- ասում է Արկադի Մկրտչյանը:


Մարտի 17-ին Նկարիչների միությունում տեղի է ունեցել Արկադի Մկրտչյանի նկարների ցուցադրությունը՝ «Արցախի փրկված եւ կորսված արվեստը» խորագրով: Բացմանը նկարիչ-քանդակագործն ասել է. «Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ բոլորս սարսափելի կարոտ ունենք Արցախի հանդեպ: Եվ մինչեւ այստեղ չցուցադրեմ իմ նկարները, չեմ կարող դրանք դրսում ցուցադրել»:

«Հայրիկիս արվեստանոցը կարծես մագնիսական տեղ լինի, որ անընդհատ ձգում է, ուզում ես գալ: Նկարիչների միությունում, որտեղ տեղի էր ունեցել նրա նկարների ցուցադրությունը, ով գալիս էր, ասում էր՝ մթնոլորտն ուրիշ է. կարծես նկարները հետդ խոսում են: Այդ մթնոլորտը, որտեղ էլ նա աշխատի, կա»,- ասում է Իրինա Մկրտչյանը:

Այն գույները, որոնցով հիմա նկարիչ-քանդակագործը նկարում է, տաք են: Արցախում, նրա խոսքով, այդպիսի գույներ չի օգտագործել: Քաղաքը չորս կողմից շրջապատված է եղել լեռներով, մայրամուտը չէր տեսել: Մի քանի անգամ գնացել է Մարտակերտի կողմեր եւ այնտեղից նկարել մայրամուտը, իսկ այստեղ ամեն օր տեսնում է այն, դրա գույները: Դրա համար էլ ասում է՝ այստեղի նկարիչների գույները վառ են:

«Մի անգամ հարցրին՝ ինչու են տխուր գույները: Խոստացա, որ հաջորդ ցուցահանդեսին վառ գույներ են լինելու: Բայց երբ սկսում եմ նկարել, մեկ է, էլի գալիս եմ դեպի կարոտը: Գույները հայաստանյան են, բայց միտքը դեռ Արցախում է»,- ասում է Արկադի Մկրտչյանը:

Տեքստը՝ Երջանիկ Հարությունյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW