Կարինե Օհանյանը (Karine´ Ohanian) մոդել է, երգչուհու կարիերա ստեղծելու նպատակ եւ ամբողջ աշխարհում իր երաժշտությունը տարածելու երազանք ունի: Հայուհին ապրում է Բելգիայում, անչափ ոգեւորված է ամերիկացի հայտնի փոփ եւ R&B երգիչ Ne-Yo-ի հետ իր համագործակցությամբ, ցանկանում է, որ ծնողները հպարտանան իրենով: Կարինեն իր անցած ճանապարհի եւ ապագայի պլանների մասին զրուցել է BRAVO.am-ի հետ:
Կարինե Օհանյանը
-Ինչպե՞ս սկսվեց քո ստեղծագործական ճանապարհը:
-6 տարեկան էի, երբ ծնողներս իմ մեջ նկատեցին երգելու եւ ելույթ ունենալու տաղանդն ու մեծ ցանկությունը: Եվ որպեսզի կարողություններս դրսեւորեմ, ծնողներս ինձ պարի եւ դաշնամուրի դասընթացների տարան: Բացի այդ, նաեւ գեղասահքով եմ զբաղվել: Կարծում եմ` ամեն ինչ այդպես էլ սկսվեց:
-Իսկ հիմա ինչո՞վ ես զբաղվում:
-Պատրաստվում եմ պայմանագիր կնքել ձայնագրման առաջատար ստուդիաներից մեկի հետ, որը պատրաստ կլինի արդեն հաջորդ շաբաթվա վերջում: Այդ համագործակցությունը ինձ միջազգային ճանաչում կբերի:
Կարինե Օհանյանը 50 Cent-ի հետ
-Ներկայացրու մինչ օրս քո ունեցած ամենահետաքրքիր համագործակցությունը:
-Անցյալ տարի ամերիկացի փոփ եւ R&B երգիչ Ne-Yo-ի հետ եմ ելույթ ունեցել մի մրցույթի շրջանակներում, որի հաղթող ճանաչվեցի: Դա ինձ համար անչափ հետաքրքիր ու ոգեւորիչ էր: Դրանից հետո հանդես գալով որպես հաղորդավարուհի` հոլիվուդյան մի շարք աստղերի հետ եմ ծանոթացել: Ի դեպ, Ne-Yo-ի հետ երգ ենք ձայնագրել, որը շուտով կներկայացնենք հանրությանը, սպասեք:):
-Շոու-բիզնեսում կարիերադ սկսել ես որպես մոդել, բազմաթիվ ֆոտոշարքեր ունես, ո՞րն է ամենահիշվողը քեզ համար:
-Իմ բոլոր ֆոտոսեսիաներն էլ հրաշալի են անցնում: Ես լի եմ կրքով եւ նվիրված իմ աշխատանքին: Կարծում եմ` դա է կատարյալ այն համադրությունը, որի շնորհիվ հաջողվում է ֆոտոշարքը:
Կարինե Օհանյանը
-Ապագայի պլաններիցդ էլ խոսիր:):
-Ցանկությունս է, որ ծնողներս հպարտանան ինձնով, եւ ես ամենալավը լինեմ իմ գործում: Աշխատում եմ հարյուր տոկոս նվիրումով, որպեսզի կարողանամ հասնել իմ առջեւ դրված նպատակներին: Օպտիմիստ եմ եւ պատրաստ երկար ու ծանր աշխատանքի` իմ նպատակներին հասնելու համար:
- Ծնվել եւ մեծացել ես Հայաստանում: Իսկ ե՞րբ ես վերջին անգամ եղել հայրենիքումդ:
-Այո, երեւանցի եմ: 12 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Բելգիա, որտեղ էլ մինչ օրս ապրում եմ: Վերջին անգամ 16 տարեկանում եմ եղել Հայաստանում` եղբորս կնունքին էի եկել: Իսկ հավաքտն իմ կյանքում մեծ կարեւորություն ունի: Ես նաեւ հավատում եմ եւ վստահ եմ, որ Աստված է ինձ օժտել իմ բոլոր հնարավորություններով եւ կարողություններով: Շուտով կայցելեմ Հայաստան, քանի որ շատ եմ կարոտել ընկերներիս, բարեկամներիս եւ ամենակարեւորը՝ երկիրս:
Կարինե Օհանյանը հարցազրույց է վերցնում ամերիկացի մոդել եւ դերասանուհի Ամբեր Ռոսից
-Ավելի շատ երգչուհի՞, թե՞ մոդել ես քեզ համարում:):
-Չեմ ցանակնում ինձ որեւէ որակավորում տալ, ուղղակի փորձում եմ երկու մասնագիտություններիս մեջ էլ փայլել եւ առանձնանալ: Սակայն երգելը միշտ կլինի իմ կիրքը: Կարելի է ասել` նոր եմ սկսում երգչուհու լուրջ կարիերան: Նախապատրաստվում եմ ձայնասկավառ թողարկել եւ համերգային շրջագայություններ ունենալ: Իսկ որպես մոդել վաղուց եմ աշխատում, համագործակցել եմ մի շարք բրեդների հետ, մասնակցել եմ ցուցադրությունների, նկարահանվել եմ գովազդներում: Իմ մոդելի կարիերայիս համար շնորհակալ եմ իմ գեղեցիկ մայրիկին:
Կարինե Օհանյանը
-Ինչի՞ մասին ես երազում:
-Երազանքս է ճանապարհորդել աշխարհով մեկ՝ պարգեւելով մարդկանց իմ երաժշտությունը:
Ի դեպ, Ne-Yo-ի հետ համագործակցությունից հետո Կարինեն թողարկել է “One In A Million” երգի “cover” տարբերակը, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:
Զրուցեց Աննա Զիլֆուղարյանը/Bravo.am/
Լուսանկարները` Կարինե Օհանիանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: