×


Հայկո.«Դա կարող է դրականորեն ազդել Հայաստանի հորիզոնականի վրա»

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ժյուրիի նախագահը երգիչ Հայկոն է, որն այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է 2007 թվականին։ Ժյուրիի կազմում են նաեւ վոկալի մասնագետ Նարիա Գյուրջինյանը, երգիչ Էրիկ Կարապետյանը, դիջեյ Dale-ը եւ Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան հագուստի մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը։


Հայկոն


BRAVO.am-ի հետ զրույցում Հայկոն տեղեկացրել է, որ ժյուրիի անդամները մասնակիցների ելույթները դիտում ու գնահատում են մրցութային փուլերից մեկ օր առաջ՝ գլխավոր փորձի ժամանակ.«Այս տարվա հնչողությունը որակապես շատ է տարբերվում նախորդ տարիներից, տպավորություն է` ձայնագրություն ենք լսում, այդքան բարձր որակ են ապահովում, նաեւ գեղեցիկ է բեմն ու ձեւավորումը։ Մրցակցությունն իսկապես ուժեղ է. երկրներ կան, որ փայլուն համարներ են ներկայացնում»։

Նրա կարծիքով՝ «Եվրատեսիլ»-ն անկանխատեսելի մրցույթ է.«Ըստ բուքմեյքերների` հավանական հաղթող երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, այդ ցանկերով Հայաստանն ու Մալթան կիսում են 5-րդ տեղը։ Հույս ունեմ, որ ավելի բարձր հորիզոնական կունենանք, քանի որ Իվետայի ելույթն իրոք արժանի է»։


Իվետա Մուկուչյանը

Անդրադառնալով ԼՂՀ դրոշի հետ կապված միջադեպին` Հայկոն նշել է. «Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը, տեսնելով Արցախի դրոշը, Իվետայի քայլը ողջունեցին, միայն դրա համար կարելի է նրան շնորհակալություն հայտնել։ Նաեւ հնարավոր է, որ դա դրականորեն ազդի Հայաստանի հորիզոնականի վրա։ Աստված տա, այդ աղմուկը վատ ազդեցություն չունենա մեր արտիստի վրա»:

Երգիչը նաեւ հավելել է.«Ամեն դեպքում «Եվրատեսիլը» երաժշտական մրցույթ է, եւ մեկ անգամ դրոշը բարձրացնելն արդեն իսկ լավ էր, չարժե որակազրկվել: Այս պահին Հայաստանի պատվիրակությունը պետք է մտածի եզրափակչի լավ ելույթի մասին։ Իվետան շատ լավ պատրաստված է, մենք էլ նրա կողքին ենք»։

BRAVO.am-ը Հայկոյին նաեւ հարցրել է «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի այն դիտարկման մասին, որ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է, իսկ երգը բաղկացած է խոսքերից ու երաժշտությունից, բայց ժյուրիի 5 անդամներից ոչ ոք անգլերենին գրեթե չի տիրապետում.«Մենք տիրապետում ենք անգլերենին: Չեմ կարծում, թե Ռուսաստանի կամ մյուս երկրների ժյուրիի անդամները փայլուն են տիրապետում անգլերենին։ Համենայն դեպս, մենք երգերի խոսքերի իմաստը հասկանում ենք, դա առաջնային հարց չէ»,- ասել է երգիչը։

BRAVO.am
Լուսանկարները՝ Իվետա Մուկուչյանի եւ Հայկոյի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին