Դերասաններ Սամվել Դանիելյանը եւ Սիրանուշ Լազյանն իրենց ամուսնության հոբելյանական 20-րդ տարում պսակադրվեցին Սուրբ Աննա եկեղեցում։ Սիրանուշը հարսանեկան նուրբ եւ գեղեցիկ զգեստով ներկայացավ, ինչն անակնկալ էր անգամ Սամվելի համար։ Նրանք Bravo.am-ին պատմել են, որ ընտանիք ունենալն իրենց համար օրհնություն է:
Դերասանների պսակադրության քավորական ընտանիքը Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանն էին, հարսնաքույրն իրենց դուստր Էլենն էր, իսկ փեսայի եղբայրը՝ դերասան Սաշ Սուքիասյանը։
- Ամուսնացել եք 2006 թվականի սեպտեմբերի 26-ին, բայց պսակադրվեցիք միայն երրորդ փորձից։ Շնորհավորում ենք։ Առաջին երկու անգամ ի՞նչը խանգարեց։
Սամվել. Այդ ժամանակ թատրոնում շատ զբաղված էինք: Պարոն Ղազանչյանը մեզ երկու ազատ օր տրամադրեց, եւ գնացինք Ծաղկաձոր: Կեչառիս վանական համալիրում օրհնություն էինք ուզում ստանալ, բայց հոգեւոր սպասավորն այդ պահին այնտեղ չէր, ու չստացվեց։
Հետո մեր ամուսնության 10-ամյակին որոշեցինք պսակադրվել, բայց Պատանի հանդիսատեսի թատրոնի հետ հյուրախաղերով մեկնել էինք Եգիպտոս։ Մտածեցինք՝ այնտեղ ստանանք օրհնությունը: Հայ առաքելական եկեղեցու սրբազանը համաձայնեց, բայց մեր ամուսնական մատանիները չէինք տարել, ինչն անհրաժեշտ էր, եւ կրկին չստացվեց։
Այդ պահին որոշեցինք, որ պարտադիր պսակադրվելու ենք 20-ամյակին։ Հրավիրված էին մեզ հարազատ մարդիկ։ Հետո հայկական ձեւով քեֆ չենք արել. մեր քավորական ընտանիքը մեզ մեկ օրվա հանգիստ է նվիրել։
Սիրանուշ. Միշտ խուսափել եմ հարսանեկան ճոխ արարողություններից: Ինձ համար կարեւոր էր եկեղեցում պսակադրությունը:
- Սուրբ Աննա եկեղեցու ընտրությունը հատուկ խորհուրդ ունի՞:
Սամվել. Պարզապես այս եկեղեցու հարեւանությամբ ենք ապրում:
Սիրանուշ. Մեզ համար բոլոր եկեղեցիներն էլ Աստծո տուն են, չենք առանձնացնում։
- 20 տարվա համատեղ ճանապարհն ի՞նչ փուլերով է անցել։
Սիրանուշ. Ասում են, թե սկզբի 5, հետո՝ 10 տարին են հաղթահարման համար, բայց կյանքի բոլոր փուլերն ունեն իրենց առավելությունները եւ դժվարությունները։ Ենթադրաբար, մինչեւ կյանքի վերջ էլ դժվարությունները պատնեշներ կստեղծեն մեր առջեւ, որոնք մենք կկոտրենք ու ավելի կամրացնենք մեր ընտանիքը։ Յուրաքանչյուր ձեռքբերում՝ թե՛ մասնագիտական, թե՛ ընտանեկան, թե՛ ֆինանսական, հագեցած էր դժվարություններով, որոնց արդյունքում գեղեցիկ շրջաններ ենք ունեցել։
Սամվել. Եթե ամուսնությունից 20 տարի անց ցանկացանք մեր միությունն ամրագրել եկեղեցում, նշանակում է՝ դժվարությունները պատվով հաղթահարել ենք:
- Ընտանիքում, ինչպես ասում են, մեկը պետք է լինի զանգակ, մյուսը՝ բամբակ։ Ձեր դեպքում ո՞վ է ավելի հանդուրժող։
Սիրանուշ. Հանդուրժողականությունն ու դժվարությունները հաղթահարելը նման բաներ են։ Սկզբում հանդուրժում ես ինչ-ինչ քայլեր, հետո ինքն է հանդուրժում, եւ այդպես տարիների ընթացքում հասկանում ես, որ ընտանիքում հանդուրժողականությունն այլ բնույթ ունի։ Դա ավելի շատ միմյանց լսելու եւ հասկանալու մասին է։ Ստիպված հանդուրժել չկա. մենք պարզապես գալիս ենք ընդհանուր եզրահանգման։ Տարիների ընթացքում յուրաքանչյուրն ինքն է գտնում այդ գաղտնիքները՝ ե՛ւ հանդուրժելու, ե՛ւ զիջելու, ե՛ւ սովորելու։ Դրանով էլ ընտանիքը դառնում է մեկ ամբողջություն։
Սամվել. Երկուսս էլ շատ հանդուրժող ենք, տարբեր իրավիճակներում լրացնում ենք իրար։ Եթե ընդունում եմ, որ սխալ եմ, կամ հասկանում եմ, որ ճիշտ կլինի վարվել այնպես, ինչպես առաջարկում է նա, փորձում եմ լսել, հասկանալ։ Ընտանիքում փոխհամաձայնությունը շատ կարեւոր է։ Ամենակարեւորն իրար լսելն է. եթե դա պակասում է, ուրեմն այնտեղ չի կարող լինել առողջ մթնոլորտ։
- Առաջին անգամ հանդիպելիս պատկերացնո՞ւմ էիք, որ ընտանիք կկազմեք:
Սամվել. Իմ դեպքում սեր էր առաջին հայացքից: Սիրանուշին հանդիպելու առաջին իսկ վայրկյաններից այլ տարբերակ չեմ դիտարկել։ Հենց սկզբից պատկերացրել եմ, որ կինս կդառնա: Այսպես ասեմ՝ չվախենալով ոչնչից, ես մինչեւ մահ կյանքս պատկերացնում եմ իր հետ։
- Ի՞նչ եք սովորել իրարից, գուցե նաեւ նմանվե՞լ եք:
Սիրանուշ. Սամվելից շատ-շատ բաներ եմ սովորել։ Որպես դերասանուհի իմ կայացման հարցում էլ մեծ դեր է խաղացել, քանի որ ինքը, հետո նաեւ երեխաներս, եղել են, լավ իմաստով, իմ առաջին քննադատները։ Իրենից սովորել եմ լինել մի փոքր ավելի զուսպ: Երեւի ավելի շատ լսելու ունակությունս հենց իրենից եմ ձեռք բերել։ Չեմ կարող ասել՝ ինքն ինձնից ինչ է վերցրել, քանի որ ցույց չի տալիս (ծիծաղում է,-հեղ.)։
Սամվել. Անսահման շատ բնավորության գծեր ենք իրարից վերցրել։ Սերը՝ սիրով, բայց շատ-շատ տարբեր էինք թե՛ մտածելակերպով, թե՛ սովորություններով, բայց այնքան արագ սկսեցինք իրարից ամեն ինչ վերցնել, որ հիմա շատ նման ենք իրար։ Ես կարող եմ նախադասությունը սկսել, իսկ նա՝ ավարտել: Մեկս կարող է մտքում մի բան մտածել, մյուսը՝ բարձրաձայնել։
- Իսկ կարողացե՞լ եք փոխել միմյանց:
Սամվել. Ի պատիվ երկուսիս՝ կարողացել ենք իրար մեջ փոխել շատ բաներ, որոնք խանգարում էին մեզ։
Սիրանուշ. Բնավորության այն գծերը, որոնք ուզում էի փոխել, եւ որոնք շատ մանր, անգամ ծիծաղելի կենցաղային խնդիրներ են, չեն փոխվել։ Միակ բանը, որ նրանից պահանջում եմ, կենցաղում կոկիկության հետ է կապված: Շատ ստեղծագործող ու արագ մարդ է, ինչը կենցաղում ինձ խանգարում է, բայց դեռ փոխել չի հաջողվել (ծիծաղում է,-հեղ.):
- Եղե՞լ են պահեր, երբ մտածել եք՝ գուցե սխալ ընտրություն եք արել։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, նորից միմյանց կընտրեի՞ք։
Սիրանուշ. Միշտ մտածել եմ, որ ամուսինս պետք է լինի այն մարդը, որը նաեւ իմ երեխաների հայրը կլինի։ Իհարկե, շատ դժվար շրջաններ ենք անցել, ունեցել եմ հիասթափություններ, բայց կարողացել եմ պահել ընտանիքս։ Նույնիսկ երիտասարդ տարիներին, երբ թեթեւ սիրահարվածություն էի ունենում, ինձ սթափեցնում էի՝ դիմացինի մեջ տեսնելու իմ ապագա երեխաների հորը։ Եթե այդ հարցում թեկուզ մի փոքր կասկած էի ունենում, հենց սկզբից հետ էի կանգնում։ Ինձ համար դա շատ կարեւոր էր, քանի որ իմ կյանքում հոր բացակայություն եմ ունեցել։
Մտածում էի, որ ընտանիքս պետք է իդեալական լինի։ Կողքից ամեն ինչ պուպուշիկ է երեւում, բայց այդպիսի ընտանիք ստեղծելը շատ դժվար է, միայն ուժեղների համար է։ Մեր ընտանիքը պահպանվել է դժվար ապրումների ու բարդ փուլերի արդյունքում, եւ այսօր շարունակում ենք ավելի սիրել ու հարգել իրար։ Վեճեր, իհարկե, լինում են, բայց դրանք առողջ են։ Այո, եթե վերեւից էր նախատեսված, ես կրկին կընտրեի նույն տղամարդուն։
Սամվել. Վիճաբանություններ ու կոնֆլիկտներ եղել են, բայց համենայնդեպս փոշմանելու առիթ չեմ ունեցել։ Առանց Սիրանուշի չեմ պատկերացնում իմ ընտանիքը։ Ուզում եմ միշտ լիարժեք լինի ընտանիքս՝ իմ սիրելի մարդու հետ։
- Նույն ոլորտից եք, մասնագիտական վեճեր տանը լինո՞ւմ են:
Սամվել. Շատ-շատ են լինում: Արդյունավետ վեճեր են, քանի որ երբեւէ չի եղել, որ իրար հանդեպ մասնագիտական նախանձով լցված լինենք: Մենք լավ դերերի ու առաջարկների պակաս չենք ունեցել ու իրար միշտ տվել ենք մասնագիտական լավ խորհուրդներ։
Սիրանուշ. Այնքան տարբեր ենք հատկապես մասնագիտական առումով։ Այս հարցում մենք ամեն վայրկյան վիճել ու վիճում ենք, ինչն ինձ շատ է օգնել կայանալ: Նա ինձ շատ է խնայում, իսկ ես անմնացորդ գործին նվիրվելու վատ սովորություն ունեմ։
- Մեր օրերում ընտանիքի մոդելը եւ մոտեցումները փոխվել են: Կասե՞ք ամուր ընտանիք ունենալու մի քանի գաղտնիք:
Սամվել. Ցավոք, համամիտ եմ։ Ես էլ տեսնում եմ, թե որքան բաժանություններ կան, որքան հեշտ են հանձնվում երիտասարդները, չի փրկում նաեւ այն փաստը, որ երեխաներ ունեն։ Զուգահեռ տեսնում եմ շատ լավ երիտասարդների, որոնք թեւութիկունք են իրար: Հիանում եմ այդ ընտանիքներով։
Որեւէ չափանիշ, մոդել, գիրք կամ առեղծված չի կարող տալ այս հարցի պատասխանը: Ընդամենը մի խորհուրդ կտամ՝ եղեք անկեղծ ձեր կողակցի հետ, մի վախեցեք իրար հետ խոսել, մի թողեք, որ ենթադրություններով շարունակվի ձեր ընտանեկան պատմությունը։
Սիրեք, պահեք ու պաշտպանեք ձեր ընտանիքը, քանի որ դա Աստծո ամենագեղեցիկ պարգեւն է՝ իր լավ ու վատ, ուրախ եւ տխուր պահերով։ Դուք օրհնված եք լինում, երբ ունենում եք ընտանիք, եւ կրկնակի օրհնված եք լինում, երբ այն ամուր է: Սա հուշում է, որ շատ հաջողակ մարդ եք։ Սիրեք ու պահեք ձեր ստեղծածը, մի թողեք քանդվի: Հետո նորից այդ ամենը ստեղծելն այդքան էլ հեշտ չէ։
Սիրանուշ. Ես չեմ ուզում ոչ ոքի գնահատել: Ժամանակները փոխվել են, գուցե երիտասարդներն ավելի շատ իրենց գնահատել գիտեն, դժվարությունները չեն կարողանում հաղթահարել, բայց ես իմ երեխային այլ բան եմ սովորեցնում: Քո ընտանիքը պաշտպանելու կարողություն պետք է ունենաս։ Մեր ընտանիքի գաղտնիքը, այո, իրար լսելն է ու ամեն օր իրար սիրելը։
Աստծուն շնորհակալ եմ, որ ինձ բաժին է հասել Սամվելը: Ամեն օր աղոթում եմ, որ մենք երկար ու գեղեցիկ օրեր ունենանք մեր ամբողջ ընտանիքով։ Ինձ համար մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի վերաբերմունքը մյուսի հանդեպ շատ կարեւոր է։ Մեր հաջողության գաղտնիքն այն է, որ բոլորս իրար հարգանք ու հոգատարություն ենք ցույց տալիս։ Մեր ընտանիքը միայն չորսս չենք. շատ կարեւոր է, որ նա սիրի նաեւ իմ ընտանիքը, իսկ ես՝ իր հայրական ընտանիքը։ Այս հարցը, երեւի, որ մի 20 տարի հետո տաք, կարող է այդ ժամանակ հստակ պատասխանեմ:
Հիմքն իրար ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին կանք՝ գնահատելով բոլոր առավելությունները, իմանալով բոլոր թերությունները։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ իրար չստելը: Աստվածահավատ մարդ եմ, չեմ կարողանում ստել անգամ այն դեպքում, երբ այդ ճիշտը դիմացինին վիրավորելու աստիճան է։
Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
146






