2018 թվականի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում, կյանքից հեռացավ ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ թողնելով հսկայական ժառանգություն, որը չի սահմանափակվում միայն երաժշտությամբ:
Նրա հիշատակը չի մարում, այլ շարունակում է ծաղկել։ Լեգենդին է նվիրված մի առանձնահատուկ խորհրդանիշ՝ նրա անունով վարդ է կոչվել դեռ նրա կենդանության օրոք։
«Charles Aznavour» անունով վարդը ստեղծել է ֆրանսիական «Meilland» ընկերությունը: Վարդի այս տեսակի բուսաբանական անվանումն է՝ «Rosa 'Meibeausai'»։
Նուրբ երանգներով վարդը
Շառլ Ազնավուրի անունը կրող վարդն առանձնանում է նուրբ վարդագույն եւ կրեմագույն երանգներով։ Ծաղիկները կարող են հասնել մոտ 9 սանտիմետր տրամագծի՝ գունային նուրբ անցումներով, որոնցում վարդագույն թերթիկները միաձուլվում են բաց գույնի կենտրոնին:
Ծաղկումը կարող է շարունակվել գարնանից մինչեւ առաջին ցրտերը։
Այս նրբագեղությունը կարծես ինչ-որ կերպ արտացոլում է նաեւ արվեստագետի ստեղծագործական աշխարհը՝ քնքշությունը, զգայունությունն ու տարբեր սերունդների մարդկանց հուզելու բացառիկ կարողությունը։
Վարդը ստացվել է մի քանի տեսակների խաչասերման արդյունքում: Այն արժանացել է մի շարք մրցանակների եւ ճանաչումների, մասնավորապես՝ 1987 թվականին Բագատելիի վարդերի մրցույթում։
Վարդը ստացվել է մի քանի տեսակների խաչասերման արդյունքում և արժանացել է մի շարք մրցանակների ու ճանաչումների, այդ թվում՝ 1987 թվականին Բագատելիի վարդերի մրցույթում։
Հայտնի մարդու անունով վարդ կոչելը՝ յուրահատուկ հարգանքի տուրք
Մի շարք վարդատեսակներ կան՝ հանրահայտ մարդկանց անուններով։
Մոնակոյի արքայադուստր Գրեյսի վարդանոցում, որտեղ հավաքված են հայտնի անձանց անուններով վարդերի տեսակներ, ներկայացված է նաեւ «Շառլ Ազնավուր» վարդը։
Ծաղիկն այս դեպքում դառնում է արվեստագետի մասին պատմելու մեկ այլ ձեւ։ Այն աճում է, ծաղկում, անցնում է իր սեզոնը եւ կրկին վերադառնում հաջորդ տարի՝ ինչպես Ազնավուրի երգերը, որոնք նույնպես շարունակում են ապրել մեզ հետ։
Շառլ Ազնավուրի անունը պահպանվում է ոչ միայն բեմերում, գրքերում եւ մարդկանց հիշողություններում, այլեւ բնության մեջ։
Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
101





