Կինոյի եւ թատրոնի դերասան Հայկ Սարգսյանը BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է այն դերի մասին, որ կցանկանար կրկին խաղալ, Ալբերտ Մկրտչյանի հետ տպավորիչ երկխոսության, առաջնեկին կարոտելու եւ այն լույսի մասին, որ գտել է:
-Թատրոն, այնուհետեւ նաեւ հեռուստատեսային գործունեություն. տարբեր դերեր ներկայացումներում, նկարահանումներ ֆիլմերում եւ սերիալներում: Հասցնո՞ւմ եք համատեղել։
-Թատրոնի եւ կինոյի միջեւ բեւեռային տարբերություն կա: Մանկուց սիրել եմ կինեմատոգրաֆիան. գուցե դա պատանեկության հետ էր կապված կամ այն ինֆորմացիայի պակասից, որ այդ ժամանակ դեռ ունեի։ Առաջին քայլերս սկսել եմ լուսահոգի Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարության ներքո գտնվող «Նորք» թատրոնում։ Կարծում եմ, որ թատրոնն իր առանձին տեղն ու կարեւորությունն ունի, իսկ հեռուստատեսությունը՝ լրիվ առանձին, ուղղակի պետք է կարողանալ տարբերել եւ ներդաշնակեցնել։ Յուրաքանչյուր աշխատանքից մարդ պետք է հաճույք, ադրենալին ստանա, իսկ եթե չի ստանում, ապա պետք է փոխի մասնագիտությունը։
Հայկ Սարգսյանը
- Այսօր եթերում տեսնում ենք մարդկանց, ովքեր չունեն դերասանի կրթություն, բայց հանդես են գալիս ամենատարբեր նախագծերում: Ձեր վերաբերմունքն այս երեւույթին:
- Այո, այսօր կտեսնենք գեղեցիկ արտաքինով եւ գեղեցիկ խոսելաձեւով երիտասարդ աղջիկների ու տղաների հեռուստաեթերում, ովքեր չունեն դերասանական կրթություն, բայց չէ՞ որ դերասանը տեքստ վերարտադրողը չէ, սիրուն խոսող մեկը չէ, դերասանությունը շատ լուրջ մասնագիտություն է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել։ (Մտահոգ հայացք)
- Քառասունից ավելի դերեր. մի մեծ փորձ տարիքով ոչ մեծ դերասանի համար: Ինչպե՞ս է հաջողվել։
-Չնայած սրան՝ ես շատ քննադատորեն եմ մոտենում խաղացածս ցանկացած դերին, անընդհատ վերլուծում եմ եւ փորձում հասկանալ՝ որակական ինչ բացթողումներ եմ արել: Բոլորն էլ խաղացել եմ մեծ սիրով, այսինքն՝ հոգեպես վերապրել եմ դերը, բայց որակական առումով միշտ փորձում եմ ճիշտ կողմից դիտարկել ու գտնել բացթողումներ՝ հետագայում շտկելու համար։
- Կա՞ն դերեր, որոնք կցանկանաք խաղալ։
-Այո, կուզեմ խաղալ «Հացթուխի կինը» ներկայացման մեջ: Հինգ տարի կլինի, ինչ չեմ խաղացել։ Ալբերտ Մկրտչյանը կանչեց Արտիստական թատրոն եւ առաջարկեց խաղալ, երբ ես ընդամենը 33 տարեկան էի, հրաժարվեցի, բայց Ալբերտ Մուշեղիչի մի արտահայտությունից հետո չխաղալ չէի կարող: Մինչ այսօր հստակ հիշում եմ, թե ինչպիսի հայացքով նայեց ինձ ու ասաց, որ մեկս մյուսի թասիբը չենք կարող պահել դերասաններով, եւ ես պարզապես դրանից հետո չէի կարող չհամաձայնվել, դա արդեն այլ մի բացատրություն ունի։
Հայկ Սարգսյանը՝ կնոջ հետ
-Մարդիկ, ովքեր Ձեր կողքին են, ուղղորդել են, օգնել, աջակցել։
- Առաջինն ընտանիքս է եղել, իմ հիանալի մանկությունը. հայրս բանվոր էր, մայրս՝ մի հրաշալի արվեստասեր, ես միշտ հպարտությամբ եմ նշում, որ ծնվել եմ բանվորի ընտանիքում, որովհետեւ ես իսկապես հպարտ եմ այդ փաստով: Հայրս աշխատում էր երկու տեղ, որպեսզի պահի երեք երեխաներին, մայրս մեզ էր խնամում, կրթում, մորիցս եմ ժառանգել թատրոնի ու կինոյի հանդեպ սերն ու հետաքրքրությունը։ Այնուհետեւ պատանեկություն. հանդիպեցի հրաշալի մարդկանց, ովքեր իրենց դերն ունեցան իմ կյանքում. Ռուբեն Կառլենիչ՝ հրաշալի մանկավարժ, քայլող շտեմարան, մեծ դասախոս, Արշակ Մարգարյան, Արտաշես Հովհաննիսյան, շատ շնորհակալ եմ նրանց։
-Առաջին ամուսնությունից ծնվեց Ձեր առաջնեկը, դարձաք հայր։ Համատեղել աշխատանքն ու ամուսնու, հոր պարտականությունները ստացվո՞ւմ էր։
-Առաջին ամուսնությունիցս ծնվեց Վաչուլս՝ իմ տղան։ Չստացվեց իմ առաջին ամուսնությունը, բայց կուզեմ նշել, որ առաջին կինս՝ Լուսինե Խաչատրյանը, հրաշալի մայր ու մարդ է, նա իսկապես մեծատառով մարդ է, ուղղակի չստացվեց մեր միությունը: Հիմա նրանք գտնվում են այլ երկրում, եւ ես տասնչորս տարի է, ինչ չեմ տեսել տղայիս։ (Կարոտած հայացք)
-Երկրորդ ամուսնություն, ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր կնոջը։
- Գոհարին Աստված է ինձ ուղարկել: Ես նրա մեջ տեսա լուսավոր մի կետ, որն ինձ գրավեց: Գոհարին տեսել եմ Անահիտ Աղասարյանի «Հանուն սիրո» նախագծում, ահա եւս մեկ պատճառ, որ հեռուստատեսությանը ես շատ բաների համար եմ շնորհակալ ու պարտական: Մի հանդիպման ժամանակ ասացի Գոհարին, որ անտարբեր չեմ, բայց երեւի այդքան էլ լուրջ չընդունեց, եւ դա նորմալ էր, իսկ հետո, երբ համոզվեց, որ զգացմունքներս իսկապես լուրջ են, սկսեցինք հանդիպել, շփվել, մի խոսքով՝ կյանքս կապեցի մի հրաշալի կնոջ հետ։ Ես գտա իմ լույսը. Գոհարն իմ լույսն է, ընկերը, օգնողը, նա վերեւից նվեր է ինձ։
Հայկ Սարգսյանը՝ կնոջ հետ
-Կա՞ն նոր նպատակներ, ծրագրեր։
-Ես եւ Գոհարը 2009 թվականին հիմնեցինք հասարակական կազմակերպություն, որը թատերամշակութային կենտրոն է համարվում: Մենք ներկայացումներ ենք պատրաստում երեխաների համար: Եվ ոչ միայն պատրաստում ենք, այլ նաեւ խաղում։ Սա մեզ մեծ բավականություն ու հաճույք է պարգեւում։ Վերջերս հյուրախաղերի հրավեր ենք ստացել Իսպանիայից, տեսնենք՝ ինչպես կստացվի։ (Ժպիտ):
Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Հայկ Սարգսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: