Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» շուտով կբարձրանա մեծ էկրան: BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը ֆիլմը մեծ ու բազմաշերտ ընտանեկան դրամա է անվանել:
17 տարի առաջ խառնաշփոթի պատճառով երկու նորածին տեղերով փոխվում են. մեկը հայտնվում է հաջողակ գործարարի ընտանիքում, մյուսը՝ մեծանում աղքատության ու պարտքերի մեջ։
«Երբ ճշմարտությունը բացահայտվում է, ընտանիքները կանգնում են դժվարին հարցի առաջ. ի՞նչ անել, երբ կյանքը մի ակնթարթում փոխում է ճակատագրերը»,- նշել է Հարությունյանը:
Ստեղծման ընթացքը
Ֆիլմը նկարահանելու առաջարկ ռեժիսորը «Շարմ» ընկերությունից ստացել է Սերբիայում գտնվելու ընթացքում, թեման միանգամից հետաքրքրել է ու Երեւան վերադառնալուն պես սկսել են զբաղվել աշխատանքներով: Սցենարի ստեղծմանը մասնակցել են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանն ու Արշո Հարությունյանը: Նկարահանումներն ավարտել են 26 օրում:
«Ֆիլմի առանցքում շատ նուրբ պատմություն է. զուսպ ու չափավոր ընտանեկան կատակերգություն ենք ստեղծել: Ֆիլմում անձամբ ինձ հետաքրքրող մի քանի թեմայի ենք անդրադառնում, այդ թվում՝ հայրերի ու որդիների փոխհարաբերություններին: Տղաները հայտնվում են տարբեր բնավորություններ ու էներգետիկ դաշտ ունեցող ծնողների մոտ: Կյանքի որոշակի փուլում իրականությունը բացահայտվում է, ու բոլորը կանգնում են երկընտրանքի առաջ, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու: Հատկապես, երբ հարցը տաբեր սոցիալական շերտերի մասին է, փողի թեման է շոշափվում եւ առեւտուր է սկսվում: Պատմությունը խճճված է, անսպասելի զարգացմամբ ու նաեւ սրամիտ հեգնանքով լի: Կարծում եմ՝ կինոսիրողներն այն շատ կհավանեն, հատկապես, որ հրաշալի դերասանական փունջ ունենք»,- ասել է ռեժիսորը:
Հայրեր ու որդիներ
Հայրերին մարմնավորում են Խորեն Լեւոնյանը եւ Մկրտիչ Արզումանյանը, նրանց կանանց դերերում Լուիզա Ներսիսյանն ու Թամարա Պետրոսյանն են, իսկ որդիների՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Սուրեն Ղազարյանը, որն Արշո Հարությունյանի ուսանողներից է:
«Մեր ֆիլմում իրական ծնողներ ու երեխաներ կան՝ Մկրտիչն ու Ալեքսանդրը, Լուիզան ու Լիլիթ Թոխատյանը: Դերասանների սերունդների առկայությունն էլ յուրահատուկ հմայք է հաղորդում ֆիլմին ու ցույց տալիս տաղանդավոր երիտասարդներին, որոնք գալիս են ոչ թե փոխարինելու, այլ իրենց տարբերվող իրականությունը բերելու: Հուրախություն ինձ՝ երիտասարդները մասնագիտական եւ էթիկայի առումով իրենց շատ լավ են դրսեւորել»,- ասել է նա:
Ծանոթ դերասանները
Հիմնական կազմի ընտրությունն Արշո Հարությունյանն է կատարել, առաջարկներ են արել նաեւ պրոդյուսերները: Ռեժիսորն ուրախ է ու միաժամանակ պարտավորված, որ իր մասնագիտական քմահաճույքներն ընդունվել են. «Երջանիկ եմ, որ իմ առաջարկներն ընդունվել են. ազատ ստեղծագործելու հնարավորություն ունեի: Ի վերջո, կոմերցիոն նախագիծ է ու շատ բաներ են հաշվարկվում: Ցանկացած նման նախագիծ իր պայմանները, ձեւերն ու ժամկետներն ունի, որոնք մեծ հաշվարկների հետ են կապված, բայց ես ազատություն եմ ունեցել, ինչն ամեն ռեժիսորի համար հաճելի է»:
Ստեղծագործական թիմում մեծ թիվ են կազմում այն դերասանները, որոնց հետ Հարությունյանը նախկինում աշխատել է իր ֆիլմերում ու թատրոնում:
«Դերասանների մեծ մասն իմ սիրելիներն են, եւ իրար հետ համագործակցելու մեծ փորձ ունենք: Նույնիսկ այնքան երկար ճանապարհ ենք անցել, որ միմյանց քմահաճույքներն էլ գիտենք: Մյուսների մասին երկար եմ մտածել ու ցանկացել, որ մի օր ճակատագիրը մեզ միացնի, օրինակ՝ այդպես է եղել Մկոյի դեպքում: Վաղուց էինք մտածում միասին մի բան անել, չէր ստացվում: Տոմայի հետ էլ ծանոթ չէի, երկուսի պրոֆեսիոնալ մոտեցումից ու տաղանդից էլ գերագույն հաճույք եմ ստացել: Երջանկություն է նկարահանման հրապարակում ունենալ պրոֆեսիոնալ, համով ու տաղանդավոր դերասաններ: Այդ իմաստով իմ բախտը սովորաբար բերում է»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ «Շարմ Հոլդինգ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: