×


Ձախ Հարութը` կնոջ կորստի, առաջին համբույրի, Սիրուշոյի ու Ռուբեն Հախվերդյանի մասին

Հարութ Փամբուկչյանը երեկ «LOFT» -ում հանդիպել է երկրպագուների հետ: ՀՀ վաստակավոր արտիստ, ամերիկաբնակ երգիչ-երաժիշտը միջոցառման ընթացքում կատարել է հայտնի ու սիրված իր երգերից, պատասխանել ներկաների հարցերին եւ լուսանկարվել բոլոր ցանկացողների հետ: BRAVO.am-ն առանձնացրել է Ձախ Հարութի մտքերից մի քանիսը:

Հարութ Փամբուկչյանը


Ծնվել ու մեծացել եմ Երեւանում: Ամեն քարն ինձ ծանոթ է: Օպերային թատրոնի շենքի տարածքում մի նստարան կար, առաջին ընկերուհուս հետ հենց այնտեղ եմ համբուրվել: Այսօր այդ նստարանի տեղում «քյաբաբնոց» է, բայց ոչինչ. դա էլ է պետք:

70-ական թվականներին ակորդեոն նվագելը շատ նորաձեւ էր: Մորս ասացի, որ ակորդեոն եմ ուզում, պատասխանեց, որ այն արժե 300 ռուբլի: Ամենից մատչելի երաժշտական գործիքը կիթառն էր` 6 ռուբլի 10 կոպեկ: Մայրս ինձ համար կիթառ գնեց, շուռ տվեցի եւ սկսեցի ձախով նվագել: Ի դեպ, կարողանում եմ գրել թե աջ, թե ձախ ձեռքով: Սկզբում ամաչում էի, որ ձախով եմ բռնում, հետո իմացա, որ Փոլ ՄաքՔարթնին ու Ջիմի Հենդրիքսն էլ ինձ պես ձախով էին նվագում, միայն այն տարբերությամբ, որ նրանք փոխում էին լարերը: Իսկ Փամբուկչյանը` Ձախ Հարութը, առանց փոխելու է նվագել: Այդպես էլ սկսվեց Ձախ Հարութի պատմությունը:

Հայրս ջարդերից մազապուրծ եղածներից մեկն էր: Հոնքի վրա կացնի հարված կար: Խորհրդային տարիներին, երբ դրսում զինվոր էր տեսնում, մոտենում, փաթաթվում ու համբուրում էր: Հարցնում էի՝ «Պապ, ի՞նչ ես անում»: Ասում էր` «Տղաս, դու չգիտես, թե ինչ ասել է հայ զինվոր»: Անցյալ օրը զորահանդեսին էի մասնակցում, երջանկությունից սիրտս ուռչել էր: Խորհրդային տարիներին շատ եմ տեսել զորահանդեսներ, բայց այս անգամ, երբ զինվորի ուսադիրներին եռագույն տեսա, լրիվ այլ էր: Չէ՞ որ դարերով սպասել ենք այս անկախությանը ու հիմա ունենք: Պետք է դողանք ու փայփայենք այն: Երկրաշարժ, պատերազմներ, եղեռն ենք տեսել. ձեզ պես երիտասարդներին տեսնելով` հավատում եմ հայ ժողովրդի անմահությանը:

Հարութ Փամբուկչյանը


Երեք տարի առաջ կորցրի կնոջս: Որդի ունեմ, որը 38 տարեկան է, ուզում եմ` ամուսնանա, ու թոռնիկ ունենամ: Հայ տղամարդիկ հիմնականում արու զավակ են ուզում, չէ՞: Իսկ ես երազում եմ դուստր ծնվի, որին կնոջս պատվին կանվանենք Ռուզաննա:

1969 թվականին մեկնեցի Խորհրդային բանակ: Զինվոր եմ եղել, բայց, հավատացեք, կուզեի ավելի ուշ ծնվել եւ լինել անկախ Հայաստանի զինվոր:                  

Չեմ կաող ասել, թե երգացանկիցս որ կատարումն է իմ ամենասիրելին: Եթե ձեռքիդ մի մատը կտրվի, ամբողջ մարմինդ կցավա: Նույնն է, որ մարդուն հարցնես՝ երեք որդուց որի՞ն է ավելի շատ սիրում: Ուղղակի կան երգեր, որ իմ սրտին ավելի մոտ են: Դրանցից է Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, Աստված» երգը:

Շատերն ինձ շփոթում են «Առաքյալներ»-ի հետ. մորուք ունեմ, Մեսչյանի «Ռեքվիեմ» -ը , «Ո՞ւր էիր, Աստված»-ն էի ձայնագրել, բայց այդ ռոք-խմբի հետ որեւէ կապ չունեմ, պարզապես Արթուր Մեսչյանը մեր երիտասարդության կուռքն էր:

Հարութ Փամբուկչյանը


Ինչ անում եմ, սիրելով եմ անում: Եթե սեր չլինի, ոչինչ էլ չի ստացվի: Աշխարհի ամենաերջանիկ մարդը նա է, ով կարողանում է իր հանապազօրյա հացը վաստակել իր մասնագիտությամբ:

Համագործակցության բազմաթիվ առաջարկներ ունեմ նոր սերնդի երգիչներից: Եթե տեսնում եմ, որ դիմողը շնորհալի է, համաձայնում եմ: Եկեք ընդունենք, որ Սիրուշոն մեր լավագույն երգչուհիներից է: Ամերիկայում Ջուլիա Ռոբերթսին «Sweetheart of America» են անվանում, չե՞ք կարծում, որ Սիրուշոն էլ մեր «քաղցր սիրտն» է` իր երգերով ու տաղանդով: Այս համագործակցության շնորհիվ երգը շահեց. հիմա էլ «Տարիներ»-ը մի 30 տարի էլ Սիրուշոյի հետ համատեղ կատարմամբ կլսեք:

Գիտե՞ք` քանի զույգ եմ պսակել «Տարիներ» երգով. կամ Աստված կպատժի, կամ դրախտում տեղ կբացի ինձ համար: 

Մի անգամ ինձ ասացին՝ «Պարոն Հարութ, որ խնդրեմ, «Փոթորիկ»-ը կերգեք»: Ասացի՝ միլիոն հատ երգ գիտեմ, այդպիսի երգ չկա: Վերջում հասկացա, որ ուզում է «Օ, քամի, քամի»-ն երգեմ:

Տարիներ շարունակ Լոս Անջելեսում հեռուստատեսային ծրագիր ունեի, դիտողները շաբաթական երկու անգամ զանգահարում ու երգեր էին խնդրում կատարել: Կենդանի ձայնով ուղիղ եթերում կատարում էի: Մի օր մի իրանահայ զանգահարեց, ասաց՝ «Պարոն Հարութ, Ձեր երգերը շատ եմ սիրում, ինչ կլինի, երգեք «Մենք չենք լինի էլ 20 տարեկան»-ը, բայց 20-ի փոխարեն 60 ասեք»:

Հարութ Փամբուկչյանը հանդիպել է երկրպագուների հետ


Մի անգամ մեկն ասաց՝ «Պարոն Հարութ, ինչո՞ւ Լոս Անջելեսի մասին երգ չեք երգում»: Միայն մի քաղաք կա, որի մասին Հարութը կերգի՝ Երեւանն է:

Ես ու Ռուբեն Հախվերդյանն ընկերներ ենք: Ժամանակին նա չէր սիրում, երբ իր երգերն էի երգում: Հետաքրքիր ձեւով ընկերացանք: Մի անգամ ընկերս՝ դերասան Ժան Նշանյանը, նրան մեր տուն բերեց: Նստեցինք, նվագեցինք, երգեցինք, սեղան դրեցինք: Մինչ առավոտ երգեցինք. արաղի շուրջ հասկացանք միմյանց: Մարդիկ կային, որ իմ հասցեին չարախոսել էին, Հախվերդյանն էլ ասել էր նրանց՝ «Արա, մի անգամ էլ Հարութի մասին խոսել եք… Դուք գիտե՞ք` ինչ տղա ա, գիտե՞ք` ինչ խմող ա»: Իհարկե, կուզեի, որ ասեր՝ «Գիտե՞ք` ինչ լավ երգիչ է», բայց միեւնույն է, Ռուբենին սիրում եմ այնպիսին, ինչպիսին կա:

Եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, որ հայի աչքերից սիրուն աչքեր կան, սուտ է, չհավատաք:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանակարները՝ Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW