Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում Chanel-ի ցուցադրությանը դերասանուհի Մարգո Ռոբին ներկայացել է նոր սանրվածքով: Նա «Մոլեգին հողմերի դարավանդ» ֆիլմի պրոմո-արշավի ավարտից հետո որոշել է ոճային կտրուկ փոփոխություն կատարել:
35-ամյա դերասանուհին ֆիլմի պրեմիերային ու դրան հաջորդած միջոցառումներին երկար մազերով է եղել: Նրա կերպարանափոխությունն իրականացրել է ոճաբան Բրայս Սքարլեթը:
Chanel-ի ցուցադրությանը Ռոբին ամեն ինչ արել է Էմիլի Բրոնտեի վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի հերոսուհի Քեթրին Էրնշոյի կերպարից ամբողջությամբ տարբերվելու համար: Ֆիլմի արշավի ժամանակ նա նախընտրում էր բարդ գոթական ոճի հագուստներ եւ շքեղ զարդեր, իսկ ահա Փարիզում շատ պարզ հագուստով էր՝ տաբատով ու թափանցիկ բլուզով:
Վերջին մեկ ամսվա ընթացքում դերասանուհին գրեթե ամեն օր հայտնվում էր լրատվամիջոցներում ու իր ընտրած հագուստների միջոցով պատմում «Մոլեգին հողմերի դարավանդ»-ի մասին: Նա նույն հնարքն է օգտագործել նաեւ «Բարբի»-ի համաշխարհային պրեմիերայի ընթացքում: Այն ժամանակ Ռոբին նախապատվությունը տալիս էր վարդագույնի տաբեր երանգներին, իսկ հիմա՝ բազմաշերտ ու խորհրդանշական հագուստին: Դերասանուհին աշխատել է ոճաբան Էնդրյու Մուկամալի հետ, ով 2023-ին էլ նախագծել է վարդագույնի տարբեր երանգների հագուստները:
Այս անգամ ոճաբանը Ռոնիի կերպարին ավելի շատ տրամադրություն է հաղորդել, խորհրդանիշներ կիրառել ու ներշնչվել Բրոնտեի արձակից: Մուկամալը պատմաբան է, ով իսկապես ուսումնասիրել է արխիվները: Նա այցելել է ֆիլմի նկարահանման հրապարակ, զրուցել զգեստների դիզայներ Ժակլին Դուրանի հետ, ապա կարդացել է վեպն ու ստեղծել հագուստները, կորսետներն ու զարդերը:
Ռոբիի՝ Schiaparelli-ի զգեստով կերպարն ամենատպավորիչներից է: Այն նորաձեւության ցուցադրության ժամանակ կապույտ գույնի է եղել եւ հատուկ դերասանուհու համար ալ կարմիր են ներկել. նույն գույնի զգեստ ֆիլմում Քեթրինն է կրում: Այն կրքի ու ողբերգական ավարտի միաձուլում է խորհրդանշում:
Դա պարզապես գովազդային արշավի համար եւս մեկ աչքի ընկնող հնարք չէր, այլ փորձ պատասխանել այն հարցին, որը Մարգոն Ռոբին էր տվել պրեմիերայի ժամանակ. «Եթե մենք «Մոլեգին հողմերի դարավանդը» վերածեինք զգեստի, ինչպիսի՞ն կլիներ»։


×
96





