Առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ Instagram-ը կամ TikTok-ը թերթելով։ Վախենում ենք ինչ-որ բան բաց թողնել, վախենում ենք անհասանելի լինել, բայց արդյո՞ք չենք կորցնում կապն իրականության հետ։ Սոցիալական մեդիան դարձել է մի զուգահեռ աշխարհ, որտեղ մենք կառուցում ենք մեր «կատարյալ» կերպարը։ Բայց ի՞նչ է թաքնված այդ ամենի հետեւում։
21-ամյա Անահիտ Սահակյանն ասում է, որ բացարձակ կախվածություն չունի սոցցանցերից եւ կարող է լուսանկար էլ չգցել, story էլ չանել: Եթե անգամ որեւէ նկար է գցում, հավանումները քիչ լինեն, թե շատ, իրեն չի անհանգստացնում։
20-ամյա Մարիանա Հովհանիսյանը հակադարձում է. «Երբեմն ես ինձ բռնացնում եմ այն մտքին, որ եթե ինչ-որ տեղ գնացել եմ ու լավ նկար չեմ հրապարակել, ուրեմն այդ օրը չի ստացվել։ Սկսում եմ ինձ համեմատել այն աղջիկների հետ, ովքեր միշտ խնամված են, միշտ ճամփորդում են։ Գիտակցում եմ, որ դա միայն էկրաններին է այդպես երեւում, բայց ներքուստ տխրում եմ, որ իմ կյանքն այդքան «փայլուն» չէ։ Օրական գոնե 4-5 ժամս անցնում է անիմաստ թերթելով»։
«Ինձ համար սոցցանցերը աղմուկ են։ Երբեմն ուզում եմ ջնջել ամեն ինչ, բայց հետո մտածում եմ՝ բա ո՞նց եմ տեղեկանալու, թե ինչ է կատարվում աշխարհում կամ ընկերներիս հետ։ Չի ստացվում ջնջել կամ երկար ժամանակ չօգտվել»,- ասում է 18-ամյա Ռուբեն Հովհանիսյանը։
Այս երեւույթը մասնագետներն անվանում են FOMO (Fear of Missing Out)՝ բաց թողնելու վախ։ Մենք կախվածություն ունենք ուրիշների հավանումներից, որոնք մեր ուղեղի համար դարձել են փոքրիկ հաճույքի չափաբաժիններ։ Բայց որտե՞ղ է սահմանը, երբ հաճույքը վերածվում է տագնապի։
Հոգեբան Լուսինե Մխիթարյանի խոսքով՝ սոցցանցերը դարձել են սոցիալական գնահատման նոր միջավայր. ««Հավանումը» երիտասարդի ուղեղի համար աշխատում է որպես պարգեւատրման համակարգ՝ առաջացնելով հաճույքի զգացում։ Խնդիր է, երբ ինքնագնահատականն ամբողջությամբ կախված է արտաքին արձագանքից։ Մարդը սկսում է մտածել. «Ես արժեքավոր եմ միայն այն դեպքում, եթե ինձ հավանում են»։ Երիտասարդը սկսում է համեմատել իր սովորական առօրյան ուրիշների իրականության հետ։ Սա բերում է ինքնարժեքի նվազման եւ անհաջողության զգացման։ Երբ այդ ամենը երկար է տեւում, դա ուղիղ ճանապարհ է տագնապային վիճակների ու դեպրեսիվ տրամադրության, քանի որ իրական կյանքը երբեք չի կարող լինել այնքան «փայլուն», որքան Instagram-ում կամ այլ հարթակներում է»։
Հոգեբանը նշում է, որ կենդանի շփման ժամանակ մենք սովորում ենք կարդալ դիմախաղը, ձայնի տոնը, զարգացնում ենք էմպաթիան, իսկ գրավոր շփումը սահմանափակում է այս հմտությունները. «Հաղորդակցությունը շատանում է, բայց որակը՝ նվազում։ Դրա պատճառով երիտասարդները հաճախ սոցիալական անհարմարություն են զգում իրական հանդիպումների ժամանակ։ Այս խնդիրն ունեցող այցելուների մեծամասնությունը դեռահաս տարիքի երեխաներ են»։
Ոչ ոք չի ասում, թե պետք է հրաժարվել տեխնոլոգիաներից, բայց կարեւոր է տիրապետել «թվային հիգիենային»։ Հոգեբանը խորհուրդ է տալիս մի քանի պարզ քայլ՝
1. Օգտագործե՛ք սոցցանցը նպատակային, ոչ թե սովորությամբ։
2. Քնելուց մեկ ժամ առաջ հեռախոսը թողե՛ք այլ սենյակում։
3. Սահմանե՛ք «օֆլայն ժամեր» եւ առաջնահերթություն տվե՛ք կենդանի շփումներին։
Տեքստը՝ Ելենա Մուրադյանի


×
494





