“Շանթ” հեռուստաընկերության “Մաեստրո” հեռուստասերիալում Մերիի դերակատար Արեւիկ Անանյանին շատերը կհիշեն նաեւ ժամանակին բավական հայտնի “Շիկեր” խմբից: Երգչուհի-դերասանուհին, որը չորս տարուց ավելի է` բնակվում եւ աշխատում է Միացյալ Նահանգներում, BRAVO.am-ի հետ զրույցում իր անձնական եւ ստեղծագործական կյանքից որոշ մանրամասներ է պատմել:
Արեւիկ Անանյանը
“Շիկեր” համույթի 10-ամյակի կապակցությամբ համերգային շրջագայություն ունեցանք, որն ավարտվեց Լոս Անջելեսում մեր ելույթներով: Այնուհետեւ որոշեցինք անհատական գործունեություն ծավալել եւ մեզնից յուրաքանչյուրն ընտրեց իր ուղին:
Ես էլ մասնագիտական առումով զարգանալու եւ առաջ գնալու մեծ հնարավորություն տեսա Միացյալ Նահանգներում եւ ժամանակի ընթացքում որոշեցի հիմնական բնակություն հաստատել այստեղ:
Արեւիկ Անանյանը
Ընտանիքս Երեւանում է: Անչափ կարոտել եմ ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս:
Այստեղ միայնակ եմ… Կաշվիս վրա զգացել եմ էմիգրանտ լինելու հետեւանքները` լավ եւ վատ իմաստներով:): Բայց միշտ հավատարիմ եմ մնացել ինձ, իմ սկզբունքներին:
Արեւիկ Անանյանը
Փառք Աստծո, այսօր շրջապատված եմ աննկարագրելի բարեսիրտ մարդկանցով, որոնց շնորհիվ ինձ միայնակ չեմ զգում:
Զբաղվում եմ իմ` դերասանի մասնագիտությամբ: Շատերը չգիտեն, որ ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, խաղացել եմ մի շարք ներկայացումներում:
“Մաեստրո” հեռուստասերիալում մարմնավորածս կերպարը համարձակ, ինքնավստահ, մի քիչ սուր, չոր, բայց բարեսիրտ ու կայացած կին է: Նշեմ, սակայն, որ ես եւ Մերին ոչ մի ընդհանրություն չունենք:
Արեւիկ Անանյանը
Խաղացել եմ նաեւ “Լոս” եւ “Մեղավորները” հեռուստասերիալներում: Վերջինում մարմնավորել եմ Մարիամին, որն, ըստ սցենարի, մայրիկի հետ Հայաստանից գալով Միացյալ Նահանգներ, աստիճանաբար հեռանում է հայկականությունից ու ընդունում ամերիկյան արժեքները:
Առհասարակ, իմ խաղացած ոչ մի կերպար ինձ նման չէ. բոլորն էլ հեռու են իմ եսից: Եվ դա իմ գործն ավելի հետաքրքիր է դարձնում:
Երջանիկ ու բախտավոր դերասանուհի եմ, որովհետեւ ունեցել եմ վարպետ խաղընկերներ` Ալլա Թումանյան, Շաքե Թուխմանյան, Վիոլետա Գեւորգյան, Ռազմիկ Մանսուրյան, Լեւոն Շարաֆյան, Հռիփսիմե Կիրակոսյան, Գագիկ Մալոյան… Նրանցից յուրաքանչյուրի հետ խաղալը եւ շփվելը մասնագիտական հմտություններ ձեռք բերելու մեծ հնարավորություն է: Անչափ շնորհակալ եմ,որ կողքիս են, անգամ այն ժամանակ, երբ տվյալ նախագծում չեն: Իրենց խորհուրդներն ու խրատները միշտ օգնում են ինձ:
Փորձում եմ նաեւ մուտք գործել ամերիկյան կինոաշխարհ. համագործակցել եմ “Warner Brothers” եւ ,“Paramount Pictures” ֆիլմարտադրող ընկերությունների հետ:
Արեւիկ Անանյանը
Հայաստանը չեմ մոռացել: Սիրում եմ իմ քաղաքը` Երեւանը, եւ պլանավորում եմ հաճախ այցելել, սակայն այս շրջանում աշխատանքային գրաֆիկս չափազանց խիտ է, բացակայելու հնարավորություն չունեմ:
“Շիկեր” համույթի աղջիկների հետ շփում չունեմ: Յուրաքանչյուրս ընտրեցինք մեր ճանապարհն, ու բոլոր տեսակի կապերը խզվեցին:
Անձնական կյանքումս փոփոխություն կա` ընտրյալ ունեմ, սակայն փակագծերը չեմ ցանկանում բացել:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Անանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: