×


Մարգարեթ Բարանկիցե.«Հայաստանում շատ այլ ապրումներ ունեցա»

«Ավրորա» մարդասիրական առաջին մրցանակաբաշխությունն այլեւս իրականություն է: Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի օրը, Երեւանում հեղինակավոր միջազգային ժյուրին, որի համանախագահներն են դերասան Ջորջ Քլունին եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, չորս արժանավոր հավակնորդներից ընտրեցին «Ավրորա» մրցանակի դափնեկրին` Մարգարեթ Բարանկիցեին: Մրցանակը նրան հանձնեց Ջորջ Քլունին:

Ռուբեն Վարդանյանը, Մարգարեթ Բարանկիցեն եւ Ջորջ Քլունին


Մարգարեթ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի «Խաղաղության տուն» խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին նա հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Մարգարեթը ընդհանուր առմամբ փրկել է 30,000 երեխայի:

Մարգարեթ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի հիմնադիրներից կստանա 100 հազար դոլար: Եվս 1 մլն դոլար կբաշխվի նրա ընտրած երեք բարեգործական կազմակերպությունների միջեւ: Մանրամասներն այստեղ:

«Ավրորա»-ի դափնեկիրը միջոցառմանը նախորդած ասուլիսին, պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե ինչ գիտեր Հայոց ցեղասպանության մասին մինչ Հայաստան այցելելը եւ ինչ է բացահայտել իր համար այս օրերի ընթացքում, ասել է, որ Հայաստանի օրինակն իրեն սովորեցնում է երբեք չհանձնվել:

«Հայաստանի մասին ես սովորել եմ դեռ Աստվածաշնչից: Հայոց ցեղասպանության մասին սովորել եմ դպրոցից: Բայց այս երեք օրերի ընթացքում ես շատ այլ ապրումներ ունեցա: Այստեղ ես տեսա մարդկանց, որոնք կարողացել են վերակառուցել իրենց հայրենիքը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երեք տղամարդկանց («Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին – խմբ.), որ նման արժեքներ կրող ազգի ներկայացուցիչ են: Այստեղ ես տեսա հայերի, որոնք թեպետ ծնվել են Ֆրանսիայում, բայց իրենց մայրենի լեզվով են խոսում: Այժմ ես ինձ ավելի վստահ եմ զգում, որովհետեւ Հայաստանի օրինակն ինձ սովորեցնում է երբեք չհանձնվել եւ պայքարել սեփական իրավունքների համար»,- ասել է նա:

Նշենք, որ Ջորջ Քլունին էլ մրցանակաբաշխության ժամանակ հետեւյալն է ասել.«Մարգարեթ Բարանկիցեն մեզ հիշեցնում է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող  հալածանքների եւ անարդարության հանդիպելիս, մեկ մարդն անգամ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Տեսնելով նրա խիզախությունը, կամքն ու նվիրվածությունը, ես հուսով եմ, որ նա կարող է ոգեշնչել մեզնից յուրաքանչյուրին` մտածելու, թե մենք ինչ կարող ենք անել հանուն նրանց, ում իրավունքները ոտնահարվում են եւ ովքեր  մեր աջակցության կարիքն ունեն»: 

«Ավրորա» մրցանակաբաշխությունը վարել են օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ Washington Post թերթի սյունակագիր, գրող եւ հրապարակախոս Դեվիդ Իգնատիուսը:

Աղբյուրը` Մեդիամաքս եւ auroraprize.com
Լուսանկարը` auroraprize.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW