×


Մարդիկ՝ կենդանի քանդակներ. Նյու Յորքի ամենամեծ ներառական պարային խումբը ելույթ է ունեցել Երեւանում

Ցուցահանդես, որտեղ մարդիկ կենդանի քանդակներ են ու արվեստի գործեր, կատարողները տարբերվում են միմյանցից իրենց տարիքով, ֆիզիկական տվյալներով, սեռական ու ռասայական պատկանելությամբ, հաշմանդամությամբ եւ այլն: Խոսքն ամերիկյան «Հեյդի Լացկի» պարային խմբի մասին է, որի ներկայացումները կարելի է բնութագրել որպես շարժումների ինստալյացիա: Ներառական այս ինքնատիպ խումբն օրերս Հայաստանում էր՝ ԱՄՆ դեսպանատան հրավերով:

Եվս երկու ամերիկյան խմբերի հետ («Դագ Վերոն եւ պարողներ», «Բրիջմեն/Փեքեր») նրանք եկել էին Երեւան՝ մասնակցելու «Հայ Ֆեստ» միջազգային փառատոնին: Առիթն «Ամերիկյան պարն արտերկրում» ծրագրի մեկնարկն էր, որին աջակցելու նպատակով ԱՄՆ դեսպանատունը հատկացրել է 50 հազար դոլար: Երեւանյան համերգից առաջ BRAVO.am-ը հանդիպել է «Հեյդի Լացկի»-ի անդամներին, զրուցել նրանց հետ ու հետաքրքրվել, թե ինչպես են միմյանցից այդքան տարբեր մարդիկ կարողանում աշխատել միասին եւ ինչպիսի մեթոդների կիրառմամբ են նման ներկայացումներ ստանում:


Մեր զրույցին ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը, ով նախ պատմեց իրենց նախաձեռնությամբ անցկացվող ծրագրի մասին: Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է Բեռլինի պատի անկման 30 տարին, եւ ԱՄՆ պետքարտուղարությունը որոշել է մշակութային միջոցառումների շնորհիվ նշանավորել այդ առիթը.«Մենք մտածեցինք, թե ինչ կարող ենք առաջարկել հայ հանդիսատեսին, ինչ ծրագրով կարող ենք տոնել այդ առիթը: Եվ պարը, որը համընդհանուր է ու որեւէ արգելքներ, սահմաններ չի ճանաչում, կարող է հրաշալի կերպով նշանավորել այս առիթը: Այդպիսով հրավիրեցինք երեք պարային խմբերի, եւ կարծես ստացվեց փառատոն փառատոնի շրջանակում»,- պատմեց Էրիկան:

Գրեգորի Յուդիանը «Հեյդի Լացկի» պարային թատրոնի ղեկավարն է: Նա ութ տարի հանդես է եկել խմբի կազմում որպես պարող, իսկ այժմ արդեն տնօրենների խորհրդի կազմում է: Խոսելով իրենց խմբի կազմավորման մասին՝ Գրեգորին նշեց, որ «Հեյդի Լացկին» ձեւավորվել է 2001թ.-ին: Այն Նյու Յորքում գործող ժամանակակից պարի ամենամեծ ներառական խումբն է, որը ձգտում է կատարողական արվեստի միջոցով նորովի սահմանել գեղեցկությունը: Իսկ ինքը՝ Հեյդի Լացկին, ակտիվորեն պաշտպանում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները եւ Նյու Յորքում այդ հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամ է: Նա մշակել է մարմնամարզման իր մեթոդը՝ MARS-ը, որն անձին թույլ է տալիս հասկանալ իր մարմնի սահմանները եւ օգնում է զարգացնել կատարողական հմտությունները:


Լեսլի Թաուբն էլ այս խմբի հաշմանդամություն ունեցող պարողներից մեկն է: Մեր զրույցում նա պատմեց, որ արդեն չորս տարի է` հանդես է գալիս «Հեյդի Լացկի»-ում, եւ իրենց խմբի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ կարծես մի մեծ ընտանիք լինեն.«Թեեւ բոլորն էլ շատ տարբեր են միմյանցից, բայց յուրաքանչյուրը փորձում է իր ներսի գեղեցիկն ու դրականը բացահայտել, ներկայացնել: Մեզ`բոլորիս, միավորում է մեր գործում գերազանց լինելու ձգտումը: Այսօր` մեր ներկայացման ժամանակ, ես ուշադիր կլինեմ, որ տեսնեմ, թե հայ հանդիսատեսն ինչպես է ընդունում մեզ: Այլ վայրերում ես նկատում եմ, որ հանդիսատեսը դրական է արձագանքում մեր ելույթներին: Մենք ԱՄՆ-ում նույնիսկ հանրային վայրերում ենք փոքրիկ բեմադրություններ իրականացնում` այգիներում, թանգարաններում, որտեղ շատ քանդակներ կան: Մարդիկ մեզ ընկալում են որպես այդ ամբողջ համապատկերի մի մասը»,- ասում է Լեսլին:

Իմ զրուցակիցներից հետաքրքրվեցի, թե որն է իրենց խմբի գլխավոր նպատակը եւ այն հաղորդագրությունը, որ փորձում են տեղ հասցնել ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում: Լեսլին նկատեց, որ խմբի անդամներից ամեն մեկը յուրովի կպատասխաներ այդ հարցին: Գրեգորին, շարունակելով գործընկերուհու միտքը, նշեց, որ արգելքները, խոչընդոտները վերացնելն իրենց գլխավոր ուղերձներից մեկն է.«Երբ մենք ինչ-որ մի վայրում ենք հայտնվում, փորձում ենք այդ տեղը փոխել, այն դարձնել ոչ այնպիսին, ինչպիսին կար: Օրինակ` բեմում մենք վարագույրները մի կողմ ենք տանում, փորձում ենք այնպիսի միջավայր ձեւավորել, որ հանդիսատեսը մեզ հետ մասնակցելու, ներառվելու հնարավորություն ունենա, կարողանա մեզ հետ բեմ բարձրանալ: Մենք փորձում ենք ստեղծել գեղեցիկ արվեստ, որը բովանդակալի է: Դա մեր առաջնահերթ խնդիրն է»:


Թատրոնի ղեկավարը նաեւ ասաց, որ կենդանի քանդակներ դառնալու իրենց ներկայացմամբ հանդես են եկել աշխարհի մոտ ութսուն քաղաքներում, եւ գրեթե բոլոր այդ տեղերում մարդիկ վերցրել են ներառական պարային խմբեր հիմնադրելու գաղափարը.«Մենք կուզեինք, որ Երեւանն էլ դառնար այն վայրերից մեկը, որտեղ շրջակա միջավայրին ձուլվելու եւ նման ցուցահանդես-ներկայացումներ բեմադրելու գաղափարը կընդօրինակվեր: Դա ուղղակի հրաշալի կլիներ»,- հավելեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport