×


«Զինվոր ես» երգի տեսահոլովակի նկարահանումներին

Մարինա Թագակչյան. «Բեմը միջակությունների համար չէ, իսկ փոփ ժանրում ինձ մոտ միջակ վիճակ է»

Մարինա Թագակչյանը շուտով կներկայանա իր հեղինակային «Զինվոր ես» երգով ու տեսահոլովակով։ Երգահանը BRAVO.am-ին հայտնել է, որ երգը գրելու միտքն ու նպատակն ունեցել է ապրիլի քառօրյա պատերազմից հետո. «Այդ ժամանակ երկրորդ բալիկիս ծննդին էի սպասում, ինձ արգելում էին այդ վիճակում հույզերս արտահայտել, բայց անհնար էր։ Ինքս ինձ խոստացա, որ ինչ-որ ասելիքով կներկայանամ։ Նախորդ սեպտեմբերից խմորում էր մեջս, թե ինչպիսի երգ պիտի լինի, ով պետք է երգի, ոնց ներկայացնեմ խոսքս մայրերին՝ որպես պատգամ»։

Խորհրդակցելով իր ընկեր, երաժիշտ Վահան Նահապետյանի հետ՝ որոշել է իր հեղինակած երգն ինքն էլ կատարել. «Հեղինակն ամեն դեպքում իր ծնունդ տված գործն ավելի ճիշտ է զգում, կարող է մեկ այլ՝ ավելի հզոր ձայն ունեցողը տեխնիկապես ավելի լավ կատարել, բայց ինձ համար թերի բան էր մնալու։ Երգը պատրաստ լինելուց հետո Վահանին ցույց տվեցի, հուզվում էի երեւի առաջին անգամ 17 տարի գործունեությունից հետո, պատասխանատվությունը մեծ էր, ասացի՝ եթե չհավանի, անկեղծ լինի։ Փաստորեն, նա անցավ երգի մշակմանը»։

Մարինա Թագակչյանը


Մարինան բազմիցս շեշտել էր, որ առաջին տեսահոլովակը թողարկելուց հետո չի երգելու, սակայն այս անգամ բացառություն է արել։ Նրա խոսքով՝ որպես երգչուհի ներկայանալու նպատակ չունի, իրեն երգչուհի չի համարում. «Ես հեղինակ եմ, ով կատարել է իր իսկ ստեղծագործությունը, սա թվով երկրորդն է, չեմ կարծում՝ երկու երգ երգելով կարող ես երգչուհի համարվել։ Իրականում երգելով բավականություն չեմ ստանում, դա իմը չէ երկու պարզ պատճառով՝ փոփ ժանրն ինձ համար մի քիչ անհետաքրքիր ու ոչ այնքան պրոֆեսիոնալ՝ օպերային ժանրի համեմատ, ինքս օպերային երգչուհի եմ, եթե թողել եմ օպերան, չեմ իջնի այնքան, որ կատարեմ «պոպսա», այն էլ՝ մերօրյա։ Երկրորդ՝ համարում եմ, որ բեմը միջակությունների համար չէ, իսկ փոփ ժանրում ինձ մոտ միջակ վիճակ է․ կամ պետք է լինես պրիմա, կամ ընդհանրապես չլինես»։

Այսօր կարծես շահարկում են բանակի ու զինվորի թեմաները, Մարինան իր երգի մասին նշել է հետեւյալը. «Մի քանի անգամ այս երգիս հետ կապված ասացին՝ «դե, ճիշտ ես արել, հիմա մոդա է զինվորի մասին գրելը, բայց ես դեռ 15 տարի առաջ գրել եմ երգեր բանակի մասին, 6 երգ ունեմ հայտնի երգիչների կատարմամբ, նույնիսկ զորամասերում քայլերգ են դարձել։ Այդ ժամանակ «մոդա» չէր, իմ մասնագիտությունն է, կարող եմ սա անել, եթե օլիգարխ լինեի, զինամթերք կուղարկեի, իսկ մինչ հարստանալս կարող եմ միայն երգ գրել»։

«Զինվոր ես» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Ռեժիսոր Արթուր Վարդանյանի հեղինակած տեսահոլովակի մի մասն արդեն նկարահանվել է, մարտական տեսարանը այս շաբաթ կնկարահանվի. «Վաղուց պետք է լիներ, բայց հետաձգվեց, նույնիսկ շատ նյարդայնացա։ Այս ամբողջ գործընթացն արվում է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի համաձայնությամբ, թույլտվություն ունենք, նկարահանվելու է Բալահովիտում, ծավալուն աշխատանք է, ռեժիսորի ձեռագիրն ու ստեղծագործ միտքը շուտով կտեսնեք»,- ասում է Մարինան։

Նա խոստանում է՝ հնարավորինս որակով նոր երգեր գրել. ««Կռվախնձոր» հաղորդման շրջանակում ես շատ եմ խոսել անորակությունից ու աղբ արտադրանքից, ուզում եմ ստեղծագործել այն, ինչ անում էի 15 տարի առաջ։ Եվ ես վերադարձել եմ»։

BRAVO.am    
Լուսանկարները տրամադրել է Մարինա Թագակչյանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport