×


Մերկ կանայք ու բնությունը Արեւիկ Դորի անիմացիոն նոր ֆիլմում

«Մի օր մարդկությունը կզարգանա այնքան, որ կսկսի հագուստ չկրել ու կվերադառնա քարանձավներում ապրելուն»` այս միտքն է իլյուստրատոր, անիմատոր Արեւիկ Դորի «Ուտոպիա» անիմացիոն երաժշտական ֆիլմի հիմքում: Երաժիշտներ Միքայել Ոսկանյանը եւ Վարդան Հարությունյանը, գրող, լրագրող Սյունե Սեւադան եւ Արեւիկ Դորը ստեղծել են յուրահատուկ նոր նախագիծ, որը պատմում է սիրո, հույսի, երազանքի ու ներդաշնակության մասին: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել հեղինակների հետ եւ հետաքրքիր մանրամասներ պարզել ֆիլմի մասին:

Թառահար Միքայել Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմի գաղափարն Արեւիկինն է եղել: Վերջինս երբ լսել է իր ու Վարդան Հարությունյանի համատեղ աշխատանքը, միանգամից մտածել է ֆիլմ ստեղծել դրա հիման վրա.«Կերպարները գրեթե պատրաստ էին, երբ նա մեզ ցույց տվեց ու հարցրեց՝ հավանում ենք: Մենք, իհարկե, շատ հավանեցինք ու որոշեցինք աշխատել միասին: Ավելի քան յոթ րոպե տեւողությամբ ֆիլմը պատմում է երազանքի ու երազած աշխարհի մասին եւ հենց այդպես էլ կոչվում է՝ «Ուտոպիա»»:

Կադր «Ուտոպիա» անիմացիոն ֆիլմից


Արեւիկ Դորը, ում անիմացիոն կերպարները մեծ հետաքրքրություն են վայելում համացանցում, խոստովանեց, որ մինչեւ ֆիլմի ստեղծման ավարտն իր համար էլ է անորոշ եղել, թե ինչ է ստացվելու արդյունքում.«Կարող եմ ասել, որ ֆիլմն ինքն իրենով է ստեղծվել: Սկզբում կերպարներն էի զարգացնում ու պատկերացում չունեի, թե ինչպիսին են լինելու ավարտուն տեսքով: Փոքր անիմացիաներ էի անում ու հետո դրանց համար տեքստ փնտրում: Այնուհետեւ գտա Միքայելին ու խնդրեցի, որ իրենց գրած երաժշտությունն ինձ տրամադրի: Այսինքն՝ քիչ-քիչ ստացվեց այն, ինչ հիմա տեսնում եք»:

Ֆիլմի դիտմանը ներկա էին հեղինակների ընկերները, հարազատները, հայ եւ արտասահմանցի հյուրեր, զբոսաշրջիկներ: Ցուցադրության մի քանի րոպեների ընթացքում բոլորը հայտնվեցին Արեւիկի ստեղծած ուտոպիստական աշխարհում ու վայելեցին ժամանակակից երաժշտությունը, որը կարելի է բնորոշել մեդիտացիոն հատկություններով: Ֆիլմը շարժվում է դանդաղ՝ հակադրվելով ներկայիս իրականության արագ ռիթմին, պատկերները համադրվում են փոքրիկ տեքստերով, որոնք երկար ժամանակ մտածելու տեղիք են տալիս:

«Ուտոպիա» անիմացիոն երաժշտական ֆիլմի պրեմիերային


«Ֆիլմը կատարյալ ուտոպիստական կյանքի մասին է ու կարծես նախնադարյան կյանք հիշեցնող տեսիլք լինի: Մենք՝ բոլորս, գիտենք, որ այդ կյանքն այլեւս երբեք չենք ունենա, երբ մարդն ավելի ներդաշնակ էր բնության հետ, մենք գիտենք, որ մեր աշխարհն այն տեմպերով է զարգանում, որ այլեւս հետդարձի ճանապարհ չկա: Բայց մեր ներսում ամեն մեկս այդ ներդաշնակության փնտրտուքի մեջ ենք: Եվ այս ֆիլմում ես լրիվ հետ եմ գնացել այն կյանքին, որը հիմա մեզ ուտոպիստական է թվում, բայց դա մեր սկիզբն է: Իհարկե, ֆիլմից հետո մենք չենք գնում ու այդ ձեւով ապրում, բայց այն կարծես միտքը մաքրելու հատկություն ունի»,- նկատեց Արեւիկը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի «Մի օր մարդկությունը կզարգանա այնքան, որ կսկսի հագուստ չկրել» միտքը: Արեւիկն ասաց, որ աշխարհն այժմ շատ մատերիալիստական է դարձել, ու հագուստը դրա ամենավառ օրինակն է: Մարդիկ հիմա հագնվում են ոչ թե մերկությունը փակելու, այլ ինքնհաստատվելու եւ այդ մատերիալիստական ցանկությունները բավարարելու համար.«Իմ ֆիլմում ասվում է, որ կգա մի օր, երբ ինքնահաստատման համար այլեւս հագուստի կարիք չենք ունենա, ու մեզ բավարարված կզգանք ինքներս մեր մարմնում, մեր մաշկի մեջ: Այդ ժամանակ դրսեւորվելու ուրիշ տարբերակներ կգտնենք, ոչ թե կփորձենք հագուստով տպավորել»:

«Ուտոպիա» անիմացիոն երաժշտական ֆիլմի պրեմիերային


Նշենք, որ ֆիլմում ներկայացված տեքստերի հեղինակը Սյունե Սեւադան է: Արեւիկը նշեց՝ ինքը մտքեր ունեցել է տեքստերի հետ կապված, բայց գիտակցել է, որ չի կարողանալու իր ասելիքը բառերով ներկայացնել, այդ պատճառով էլ դիմել է Սյունեին.«Ինձ թվում է` նրա լեզուն ամենալավը կներդաշնակվեր այս գաղափարի հետ, որովհետեւ շատ անմիջական է գրում, կարողանում է զգացածը բառերի վերածել: Դրա համար էլ որոշեցի դիմել. ինձ պետք չէին պաթետիկ տեքստեր, ինձ պետք էին մարդամոտ ու բոլորին հասկանալի տեքստեր»:

Հավելենք, որ «Ուտոպիա» անիմացիոն ֆիլմը դեռեւս չի լինի բաց ցուցադրման հարթակներում. Արեւիկը ցանկանում է այն ներկայացնել «Ռեանիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն փառատոնին, այնուհետեւ կդիմի այլ փառատոների եւս. «Քանի որ Հայաստանում չեմ ապրում, որոշեցի մեկ անգամ ցուցադրել, որպեսզի տեսնեմ մարդկանց արձագանքն ու զգացողությունները ֆիլմը դիտելուց հետո. չէ՞ որ ժյուրիի անդամների զգացողությունները տեսնելու հնարավորություն չեմ ունենալու:)»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport