×


Մոլորակներ, Արարատ ու տաք գույներ. Ժաննա Օհանյանի առաջին ցուցահանդեսը

Երբ դրսում մռայլ ու ցուրտ փետրվար է, իսկ գարնան գալուն հաշված օրեր են մնում, վառ գույների պակասը շատ ենք զգում: Եվ մեզ անհրաժեշտ տրամադրությունը ստանում ենք լավ երաժշտությունից, գեղեցիկ ֆիլմերից ու արվեստի գործերից:

Սարյանական պայծառ գույներով պատկերված Արարատ լեռը, բազմերանգ ծաղիկները, առեղծվածային մոլորակներն ու զարմանահրաշ կենդանիները զարդարում էին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահն ու փոխանցում այնքան անհրաժեշտ ջերմությունը:

Ժաննա Օհանյանի ընտանիքը


Նկարչության մեջ առաջին քայլերն անող Ժաննա Օհանյանն իր առաջին անհատական ցուցահանդեսն էր անցկացնում: Ծննդյան 10-ամյակի օրն անակնկալ կազմակերպված ցուցահանդեսը հավաքել էր հոբելյարի ընկերներին, ուսուցիչներին ու սիրելի մարդկանց:

«Ինձ ոչ մեկը չէր ասել, որ ցուցահանդես է լինելու: Երբ տեսա, շատ զարմացա ու ուրախացա: Արդեն 60-ից ավելի նկար ունեմ, դրանք 5 տարվա ընթացքում են հավաքվել: Շատ եմ սիրում հատկապես կենդանիներ նկարել, բայց կարծում եմ, որ ինձ մոտ ամենալավն արեւածաղիկներն են ստացվում: Ուզում եմ էլ ավելի շատ նկարներ ունենալ»,- ասում է փոքրիկ նկարչուհին:

Գույները զգալու ու դրանք միասին համադրելու կարողությունը Ժաննային փոխանցվել է նկարչության ուսուցչուհուց՝ Աշխեն Արեւշատյանից: 5 տարվա ընթացքում նրանք բացահայտել են իրար, սիրել ու միասին ստեղծագործել:

Ժաննա Օհանյանը՝ տատիկի հետ


«Ժաննան հիմնականում աշխատում է տաք գույներով, որոնք ես էլ շատ եմ սիրում: Միշտ էլ այդպես է լինում. ուսուցչի գույները նաեւ իր սաներին են փոխանցվում: Բայց աստիճանաբար նա նաեւ իր գույները գտավ՝ նարնջագույնն ու կարմիրը: Ժաննան սիրով եւ ջերմությամբ է շրջապատված, դրանք երեւում են նաեւ նրա նկարներում»,- անկեղծանում է Արեւշատյանը:

Իր սանի մեջ շատ է գնահատում աշխատասիրությունն ու ձգտումը, որոնք տաղանդի հետ համադրվելով՝ գեղեցիկ նորանոր նկարներ են ստեղծում:

«Երբ 5 տարի առաջ եկավ իմ խումբ, շատ փոքրիկ էր: Տատիկն ու պապիկը զգուշացրել էին, որ շատ հետաքրքրասեր է, ու ուզում են տեսնել՝ նկարչությունն իրենն է, թե ոչ: Արդեն 5 տարի է՝ շարունակում է գալ: Սկզբում շատ յուրահատուկ սովորություն ուներ, երբ մեկ ժամը լրանում էր, ասում էր՝ «Տնեցիներին կարոտեցի, կարո՞ղ եմ գնալ», բայց հետո սկսեց դասին հատկացված 1,5 ժամն էլ նկարել»,- ավելացնում է ուսուցչուհին:

Ժաննա Օհանյանի առաջին ցուցահանդեսին


Արեւշատյանը կարծում է՝ նկարելը չափազանց կարեւոր է, տխուր, թե ուրախ պահերին, երբ վրձինը վերցնում ես ձեռքդ, ամեն ինչ փոխանցում ես թղթին ու մարդկանց հետ երկխոսության մեջ մտնում: Սկսում ես նրանց հետ խոսել քո գույներով ու պատկերներով:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW