Մոլորակներ՝ հանդիսատեսի գլխավերեւում, օդային ակրոբատներ եւ Գաֆէսճեան քանդակների պարտեզի վերեւում ճոճվող հսկայական Երկիր. այսպես հոկտեմբերի 1-ին Երեւանում մեկնարկեց կատարողական արվեստների 24-րդ միջազգային «Հայ Ֆեստ» փառատոնը՝ «Փառատոնային ձերը» խորագրով:
Բացումը տպավորիչ էր՝ իտալական Լուկա Պիալլինիի ընկերության «Տիեզերական ճամփորդություն» օդային ներկայացմամբ: Փառատոնի այս տարվա ծրագրում ներառված են նաեւ «Գասպար եւ պարողներ» պարային ընկերության «Պոթոս» (ԱՄՆ), Ազգերի պետական թատրոնի «Մեկ լուսանկարի պատմություն» (ՌԴ), (Րի)բութ թատրոնի «Հակամշակույթի համառոտ պատմությունը» (Պորտուգալիա) եւ այլ ներկայացումներ, որոնք հանդիսատեսին կներկայացնեն ժամանակակից կատարողական արվեստի տարբեր ձեւեր եւ ուղղություններ։
«Տիեզերական ճամփորդության» համար Գաֆէսճեան քանդակների պարտեզը վերածվել էր յուրօրինակ Արեգակնային համակարգի. քանդակների միջեւ հայտնվել էին հսկայական, օդապարիկներ հիշեցնող մոլորակներ, Երկիրն էլ կախված էր այգու վերեւում եւ ճոճվում էր աշնանային, արդեն ցուրտ քամու պոռթկումներից։
Առաջին հայացքից թվում էր, թե այս կառույցը կարող է ցանկացած պահի փլվել, սակայն ներկայացման մեկնարկից որոշ ժամանակ անց բոլոր կասկածները ցրվեցին, երբ ակրոբատները հայտնվեցին հիացած հանդիսատեսի գլխավերեւում՝ բարձրության վրա։
Ներկայացման մոգական տեսարանի հետեւում պատասխանատվության եւ սերնդափոխության պատմություն է թաքնված։ Լուկա Պիալլինիի խոսքով՝ ներկայացման ստեղծման ելակետը դարձել է Ատլասի պատմությունը՝ հերոսի, որն իր ուսերին էր կրում ամբողջ երկնակամարը։
«Ես ծերանում եմ, եւ երբ մտածում եմ, թե ինչպիսի աշխարհ եմ թողնելու իմ երեխաներին, տխրում եմ։ Հենց այդ պատճառով էլ գաղափարն այն է, որ մեր սերնդի համար եկել է նորին տեղը զիջելու ժամանակը։ Ոգեշնչման աղբյուր դարձավ Ատլասի պատմությունը, որը կրում էր ամբողջ աշխարհի պատասխանատվությունը։ Բայց ծեր Ատլասը հոգնել է եւ հիմա փնտրում է իրեն փոխարինող պատասխանատու կնոջ։ Որովհետեւ տղամարդկանց ժամանակն էլ է ավարտվել։ Կարծում եմ՝ ժամանակն է աշխարհում սկսել կանանց դարաշրջանը», - նշել է Պիալլինին։
Թատերախմբի համար «Հայ Ֆեստ»-ում հանդես գալն առաջինն էր։ Մինչ այս ներկայացումը ցուցադրվել է Իտալիայում, Ռումինիայում եւ այլ երկրներում։
Տարածաշրջանային շուկան
High Fest-ի առանցքային իրադարձությունը HFPAM-ն (HIGH FEST Performing Arts Market)՝ կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան է, որը կհյուրընկալի շուրջ 30 արտասահմանյան փորձագետի, միջազգային փառատոների ղեկավարների եւ ներկայացուցիչների։ Եռօրյա ծրագրի շրջանակում հայկական թատրոնների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնագետներին ներկայացնել իրենց գործունեությունն ու նախագծերը։
Փառատոնի նախագահ եւ հիմնադիր Արթուր Ղուկասյանի խոսքով՝ իրենց նպատակներից մեկն է, որ հոկտեմբերի սկիզբը դառնա այն ժամանակահատվածը, երբ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ կձգտեն գալ հենց Երեւան՝ քաղաքի մշակութային կյանքին ծանոթանալու համար։
«Հայ Ֆեստ»-ը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 8-ը եւ կհամախմբի 11 երկրից ավելի քան 200 մասնակցի՝ ներառյալ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, ՌԴ-ն, Նիդերլանդները եւ այլ պետություններ։ Ծրագրում տարբեր ձեւաչափերի ներկայացումներ են. մատների եւ առարկաների թատրոն, մեկ մարդու համար նախատեսված անսովոր չեխական փողոցային բեմադրություն, նյույորքյան բալետ եւ այլ ներկայացումներ։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
141





