Երեք կին։ Երեք ժամադրություն։ Մեկ ամուսնացած տղամարդ, եւ ոչ մի հնարավորություն, որ ամեն ինչ կընթանա ըստ ծրագրի։ Հենց այսպիսի պատմության ականատես է դարձել հանդիսատեսը «Թումաչ ռոմանտիկ» ներկայացման ժամանակ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմում։
Սուրեն Շահվերդյանի բեմադրությունը ստեղծվել է ամերիկացի դրամատուրգ Նիլ Սայմոնի «Վերջին շիկացած սիրահարը» պիեսի մոտիվներով։ Պատմության կենտրոնում Բարնին է՝ հաջողակ գործարար, որը ընտանեկան կյանքի տարիներից հետո որոշում է վերադարձնել սիրո եւ ռոմանտիկայի զգացողությունը։ Սակայն ամեն նոր հանդիպում նրա համար վերածվում է անսպասելի եւ զավեշտալի իրավիճակների։ Էլեյնը, Բոբին եւ Ջանեթը յուրովի բացահայտում են գլխավոր հերոսի բնավորությունն ու դառնում նրա՝ միօրինակ կյանքից դուրս պրծնելու փորձի մասը։
Բարնիի դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Արման Ղազարյանը։ Էլեյնին մարմնավորում է Աննա Պուշկինան, Բոբիին՝ Ելենա Վարդանյանը, իսկ Ջանեթի դերում Թեյմինե Խաչատրյանն է։
Ներկայացման առանձնահատկությունը նաեւ դրա ձեւաչափն է. այն անցկացվում է Փոքր բեմում, որտեղ հանդիսատեսը հայտնվում է իրադարձություններին շատ մոտ։ Նման մթնոլորտը թույլ է տալիս առանձնապես սուր զգալ դահլիճի արձագանքը եւ դերասանների խաղը դարձնում է առավել անմիջական։
«Այսպիսի դերեր խաղալը հաճելի է, որովհետեւ գիտես՝ հանդիսատեսը կհեռանա լավ տրամադրությամբ։ Ինձ համար շատ կարեւոր է, որ նրանք հաճույք եւ դրական լիցքեր ստանան: Այս բեմում գտնվելու ուրախությունը նաեւ նրանում է, որ մենք էլ ստանում ենք հանդիսատեսի ջերմությունը, տեսնում նրանց ժպիտներն ու աչքերի փայլը։ Մեր օրերում դժվար է լիցքաթափվելը, եւ գուցե թատրոնի առաքելություններից մեկն էլ հենց դա է՝ բուժել հոգին ու ժպիտ պարգեւել»,- պատմել է Ելենա Վարդանյանը։
Եթե դերասանուհուն Բոբիի կերպարը դուր եկավ գրեթե անմիջապես, Արման Ղազարյանին ավելի շատ ժամանակ պահանջվեց՝ հասկանալու իր հերոսին եւ նրա հետ ներքին կապ գտնելու համար։ Պիեսին առաջին ծանոթության ժամանակ հերոսը դերասանին թվացել էր իրենից բոլորովին տարբեր։
Ղազարյանը նշում է՝ որքան կերպարը տարբերվում է քեզնից, այնքան ավելի հետաքրքիր է նրան մարմնավորելը. «Երբ առաջին անգամ կարդացի պիեսը, հերոսս այնքան անհեթեթ ու անճարակ թվաց։ Նրա ռեակցիաները, հույզերն ու զգացմունքները բացարձակապես նման չէին իմին, քանի որ ես ավելի հանգիստ եւ հավասարակշռված մարդ եմ։ Բայց ժամանակի ընթացքում սկսեցի սիրել նրան»:
Իրարից այսքան տարբեր հերոսների միջոցով ներկայացումը սիրո, հարաբերությունների եւ սեփական կյանքի սովորական ընթացքը փոխելու ցանկության մասին պատմությունը դարձնում է բազմաշերտ: Ընդ որում, կատակերգական ձեւը թույլ է տալիս այս թեմաների մասին խոսել թեթեւ ու անմիջական՝ հանդիսատեսին հնարավորություն տալով ոչ միայն ծիծաղել ստեղծված իրավիճակների վրա, այլեւ դրանցում ճանաչել ծանոթ հույզերը։
Ներկայացումը նորից հնարավոր կլինի դիտել հոկտեմբերի 16-ին եւ 31-ին։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
74





