×


«Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումը Երեւանում

Շեքսպիրյան փառատոնը փակեց Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա»-ն

Երեւանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնն ավարտեց իր այս տարվա ընթացքը: Նոյեմբերի 1-ից 5-ը երեւանյան հինգ բեմահարթակներում ցուցադրվեց տասը ներկայացում եւ մեկ ներկայացում էլ՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: BRAVO.am-ը ներկա է եղել փառատոնի փակման միջոցառմանը, որի ժամանակ Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնը հանդես եկավ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացմամբ:

3 ժամ 20 րոպե տեւողությամբ ներկայացումից առաջ թատրոնի տնօրեն Անդրեյ Լոբանովն ասաց, որ այն չի ձանձրացնում հանդիսատեսին, քանի որ մատուցվում է հետաքրքիր լուծումներով ու նոր մեկնաբանությամբ.«Առաջին անգամ ենք այս ներկայցմամբ մասնակցում թատերական փառատոնի եւ, անշուշտ, հուզվում ենք, թե ինչպիսին կլինի ընթացքը։ Այսօր մեկ փորձ ենք ունեցել Ռուսական թատրոնի բեմում եւ ամեն ինչ տեղայնացրել ենք՝ հարմարավետ զգալու համար։ Կարծում եմ՝ ոչինչ չի խանգարի մեզ»:

«Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումը Երեւանում


«Սուբբոտա» թատրոնի տնօրենը նաեւ պատմեց, որ ներկայացումը Ռուսաստանում մեծ հաջողություն ունի եւ միշտ ցուցադրվում է լեփ-լեցուն դահլիճներում.«Այն դուր է գալիս հատկապես երիտասարդներին, եւ դա պատահական չէ. երիտասարդական թիմ է աշխատել ներկայացման ստեղծման վրա՝ բեմադրիչ Գալինա Ժդանովայի գլխավորությամբ։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն էլ, որոնք սովոր են ավելի շատ դասական լուծումներ տեսնել բեմում, ոգեւորությամբ են հետեւում այն ամենին, ինչ կատարվում է։ Հույս ունեմ, որ հայ հանդիսատեսին էլ այն դուր կգա»։

Նշենք, որ Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալել էր 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակցի եւ հյուրերի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների եւ միջազգային թատերական փառատոների նախագահների ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Նրանց մասնակցությամբ անցկացվել են նաեւ վարպետության դասեր՝ նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին:

«Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումը Երեւանում


Փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Բիտոլայի ազգային ակադեմիան թատրոնի «Անտոնիո եւ Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «ԼիթՄուն» թատերական ընկերության «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ» եւ Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները: Երեւանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես են եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Երեւանի պետական կամերային թատրոնը եւ Ուսանողական թատրոնը:

Դերասան, ռեժիսոր, Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թե՛ Երեւանում, թե՛ Գյումրիում ներկայացումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, քանի որ հանդիսատեսի հետաքրքրությունը մեծ էր Շեքսպիրի գործերի նոր մեկնաբանությունների նկատմամբ.«Տեսնում էի, թե ինչպես էր հանդիսատեսը վազում մի ներկայացումից մյուսը, մարդիկ հետաքրքրված էին, ինչ-որ աղմուկ կար այդ ամենի շուրջ: Ի վերջո հենց հանդիսատեսը պետք է դատի, թե որքանով էր փառատոնը հաջողված: Բայց անձամբ ես այն համարում եմ կայացած, դեռ մի բան էլ ավելին»,- անկեղծացավ նա:

Կարո Բալյանը


Կարո Բալյանը նկատեց, որ Շեքսպիրյան փառատոներ աշխարհի թատերական կյանքում շատ կան, եւ այդ փառատոների եվրոպական ցանցի անդամ է նաեւ Հայաստանը.«Շեքսպիրն այն դրամատուրգն է, որն ամենաշատն է բեմադրվում, եւ որին ցանկացած կերպ կարող ես մեկնաբանել, իհարկե, կիրթ ձեւով: Այսինքն՝ նրա թատերական ոճն այնքան բազմազան է, որ նույնիսկ ամենատրագիկ գործը կարելի է զվարճալի կերպով ներկայացնել եւ հակառակը»:

Բալյանը նաեւ նշեց, որ տարբեր երկրներից մասնակցության ավելի քան 100 հայտ են ստացել, սակայն բյուջեի սուղ լինելու պատճառով ստիպված են եղել համագործակցել ամենահայտնի թատրոնների հետ, որպեսզի փառատոնը չտուժի: Համոզված է՝ բազմաժանր, էքսպերիմենտալ եւ նոր շնչով ներկայացումներ են լինելու նաեւ հաջորդող տարիներին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport