×


Շոկոլադե արվեստ եւ նորաձեւություն՝ Փարիզից

Ի՞նչ կարելի է անել շոկոլադը՝ բացի ուտելուց: Այս հարցին ամենահետաքրքիր ձեւով պատասխանում են Փարիզում՝ արդեն 25 տարի կազմակերպելով շոկոլադի սալոն, որն աշխարհում ամենախոշորներից է: Ամբողջ տարին հրուշակագործները ջանասիրաբար աշխատում են եւ նոյեմբերին շոկոլադե տոն կազմակերպում Ֆրանսիայի մայրաքաղաքում:


Քիմքին եւ աչքին հաճելի այս ցուցադրությունն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը՝ Փարիզի հանրահայտ «Porte de Versailles» կենտրոնում:

«Salon du chocolat» 5-օրյա միջոցառման ընթացքում կարելի էր համտեսել ամենատարբեր շոկոլադներ եւ դրանցով պատրաստված քաղցրավենիք, մասնակցել տարբեր խմբակների եւ սովորել, թե ինչպես են մշակում շոկոլադը, մեծերի եւ փոքրերի համար կան նաեւ թխվածք պատրաստելու դասընթացներ:


Սալոնի հյուրերին ամենաշատը ցնցում են շոկոլադից պատրաստված քանդակները: Այս տարի շոկոլադը վերածվել էր ասպետի, սպիտակ արջի, բազմահարկ շենքի: Փարիզի «Օրսեյ» թանգարանի հայտնի արջի քանդակի շոկոլադաձույլ կրկնօրինակի համար Նիկոլա Բերնարդեն օգտագործել էր 200 կգ սպիտակ շոկոլադ: 2,5 մետրանոց արջի մոտ լուսանկարվում էին բազմահազար հյուրեր, սակայն ախորժելի տեսք եւ հաճելի բույր ունեցող արջին շոյելն արգելվում էր:):


Շոկոլադը ոգեշնչել էր բազմաթիվ արտիստների, այստեղ հետաքրքրասեր հյուրերը կարող էին նաեւ դիմանկար պատվիրել. ներկերին փոխարինում էր շոկոլադը:


«Միջոցառման բուրմունքը» տարածվում էր նաեւ զգեստներից. օրվա վերջում բեմում են հայտնվում շոկոլադե հանդերձներով մոդելները: Շոկոլադե նորաձեւությունն ամեն տարի կատարելագործվում է. «համեղ աղջիկները» ցուցադրության ժամանակ կրում են երեկոյան զգեստներ, գլխազարդեր, թիկնոցներ, եւ այս ամենը՝ պարուրված շոկոլադով: Գեղեցկուհիների ձեռքին կարելի է տեսնել նաեւ «համեղ» պայուսակներ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին