Թվում է՝ ժամանակն անզոր է Մոնիկա Բելուչիի դեմ: Բանն այն չէ, որ նա չի ծերանում, սակայն ամեն տարվա հետ ավելի են ընդգծվում դերասանուհու հմայքն ու տաղանդը: 61 տարեկանում էլ նա շարունակում է պահանջված լինել եւ հայտնվել ամսագրերի շապիկներին՝ այս անգամ իսպանական Harper's Bazaar-ի։
Բելուչին իր կյանքի ամենամեծ հաղթանակներից մեկը տարել է հայելու առաջ՝ սովորելով դրա մեջ տեսնել իր իրական արտացոլանքը, ոչ թե բժիշկների աշխատանքի արդյունքը։ Նա չի վախենում ծերանալուց եւ կարեւորում է իր ամեն մի կնճիռը:
Վերջին ֆիլմերից մեկում՝ ռեժիսոր Լեա Միսուսի «Գիշերների պատմություններ»-ում «Histoires de la nuit», դերասանուհին մարմնավորել է նկարչուհի Քրիստինային, որն իր վախերից մեկը ֆիլմում այսպես է հնչեցնում. «Մենք՝ կանայք, որոշակի տարիքից հետո դառնում ենք թափանցիկ»։
Բելուչին կարողացել է դերը խաղալ այնպես, որ վերականգնի կանանց՝ պատմության կենտրոնում գտնվելու իրավունքը. «Քրիստինայի մտքի հետ համաձայն չեմ։ Երբեք այս դերը 30 կամ 40 տարեկանում խաղալ չէի կարող, նույնիսկ եթե գրիմ անեին ու ծերացնեին ինձ: Նման ներքին խառնաշփոթ ունեցող կերպարին կշիռ եւ ճշմարտություն տալու համար անհրաժեշտ է ճանապարհ անցնել: Դրան հասնելու համար պետք է սպիներ եւ փորձ կուտակել։
Ժամանակի ընթացքում մեր մարմինները փոխվում են, բայց իրականում կարեւոր է, թե ինչպես ենք փոխվում ներսից։ Դա երեւում է էկրանին, երբ տեսախցիկը սկսում է աշխատել. կարող եք կյանքի կոչել աշխարհի այնպիսի նրբերանգներ, որոնց մասին նախկինում նույնիսկ պատկերացում չունեիք:
Դերասանները պետք է իրենց վերաիմաստավորեն սեփական աչքերի առաջ: Ծերանալ նշանակում է բախտ ունենալ դեռ կենդանի լինել եւ ապագա կառուցել։ Բացի այդ, հասունությունն իր հետ բերում է մի հրաշալի պարգեւ՝ անտարբերություն։ Տարիքի հետ դադարում ես պարզապես դերասանուհի լինել եւ դառնում ես աշխարհի հանդիսատեսը, ինչը ստիպում է քեզ ամեն ինչ տեսնել այլ տեսանկյունից»:
Մոնիկա Բելուչին անկեղծորեն խոսել է այն մասին, թե ինչն է շարունակում իրեն գրավել աշխատանքում: Դրանք հետաքրքրասիրությունն ու այն կիրքն են, որը, բարեբախտաբար, չի մարել։
«Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ շարունակում եմ համագործակցել այդքան տարբեր ծագում ունեցող կինոգործիչների հետ։ Վերջերս շատ եմ աշխատել երիտասարդ ռեժիսորների հետ։ Նկարահանվել եմ «Յոթ շուն» մարտաֆիլմում, որն Անգլիայի եւ Մերձավոր Արեւելքի համատեղ արտադրություն է, ռեժիսորներն են Ադիլ Էլ Արբին եւ Բիլալ Ֆալլահը։ Նրանք անսպառ տաղանդով երիտասարդներ են։ Լոկառնոյի կինոփառատոնում էլ ներկայացրել եմ Ջովաննի Տորտորիչիի իտալական նախագիծը։ Երիտասարդ կինոգործիչներով շրջապատված լինելը աներեւակայելի հետաքրքիր փորձառություն է։ Նրանք նկարահանման հրապարակ են ժամանում մեծ ոգեւորությամբ եւ բոլորովին նոր գեղագիտական աշխարհներով»,- պատմել է նա:
Բելուչին անկեղծացել է, որ իր տարիքում կարեւոր է կրքով ապրել, գեղեցիկ ներաշխարհ, ընկերներ ու ընտանիք ունենալ եւ հետեւել, թե ինչպես են մեծանում երեխաները. «Ժամանակի ընթացքում ձեր նախասիրությունները փոխվում են. առավոտյան առանց որեւէ ցավի արթնանալն ու սուրճի բույրը զգալն արդեն իսկ շնորհակալ լինելու բավարար առիթ են: Բայց նման բաները միայն ժամանակի ընթացքում եք գիտակցում»:
Իր աշխատանքի եւ դուստրերի շնորհիվ դերասանուհին մշտապես շփվում է նոր սերնդի հետ ու շատ առավելություններ է նկատել. «Նրանք հրաժարվել են անողոք մրցակցության մոլուցքից եւ կենտրոնանում է որակի, այլ ոչ թե քանակի վրա։ Շատ ավելի գիտակից են շրջակա միջավայրին ու սոցիալական արդարությանը վերաբերող հարցերում»։
Միաժամանակ մատնանշել է 21-րդ դարի ամենամեծ թերություններից մեկը. «Մենք ունակ ենք զարգացնելու արհեստական բանականությունն ու ստեղծելու զարմանալի գիտական գործիքներ, բայց միեւնույն ժամանակ մարդասիրության տեսանկյունից մնացել ենք միջնադարում։ Միակ երկարաժամկետ լուծումը կրթությունն է. պետք է ներդրումներ կատարենք, որպեսզի կանխենք ապագա սերունդների կողմից մեզ ինքնաոչնչացման հասցնելը»։
Չնայած դժվարություններին ու ժամանակի բերած փոփոխություններին՝ Բելուչին իրեն բախտավոր է համարում, քանի որ նրա սիրտը շարունակում է բաբախել գեղեցկության ու արվեստի համար։ Կյանքն անընդհատ տրանսֆորմացիա է։
«Շատ շնորհակալ եմ, որ զբաղվում եմ իմ աշխատանքով։ Իմ երկու դուստրերը՝ 16-ամյա Լեոնին եւ 21-ամյա Դեւան, մեծապես նպաստում են, որ վայելեմ կյանքը։ Նրանց մեծանալը, թեւերը տարածելն ու սեփական որոշումները կայացնելը դիտելը ինձ մեծ ուրախություն է պարգեւում։
Հպարտանում եմ ինձնով ու այն բանով, որ կին եմ, որովհետեւ կանացիությունը մարդկության ուժն է։ Իմ կյանքում ոչինչ չի պակասում։ Ամեն ինչ ունեմ։ Կյանքն ինձ արդեն բավականաչափ բան է տվել, ինչի համար շնորհակալ եմ»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
78





