Հրաչ Քոչարյանը, նույն ինքը` երիտասարդ երգիչ Չաչը, նախքան իր նոր` “Ինչ ուզեմ” երգի տեսահոլովակի պրեմիերան, որոշել է ինքնաարտահայտվել եւ BRAVO.am-ի խմբագրություն է ուղարկել մի նամակ, որտեղ խոսում է հայկական շոու-բիզնեսի մասին, որակումներ տալիս կայացած երգիչ-երգչուհիներին, ովքեր, ինչպես նշել է, փորձում են ամեն կերպ խոչընդոտել նոր անունների մուտքը…
Չաչը
Ստորեւ արտահայտված մտքերը պատկանում են Չաչին եւ կարող են չհամընկնել BRAVO.am-ի տեսակետներին: Խոստանում ենք հրապարակել նաեւ երաժշտական աշխարհի ներկայացուցիչների պատասխան նամակները:
“CHACH. սա իմ կեղծանունն է, բեմական անվանումը կամ էլ երգիչ դառնալու համար օրիգինալ լինելու իմ տարբերակը: Եթե կա վարկած, որ Չարենցին չար լինելու համար են Չարենց անվանել, ապա ես Չաչ անունն ընտրեցի միայն նրա համար, որ չար միավանկ բառի վերջին Ր տառը փոխեմ, որ գոնե չարի փոխարեն էլի Չ լինի, բայց այլ մոտեցմամբ. շատ չանցած պարզվեց, որ սխալվել եմ տառափոխություն անելիս. չարության փոխարեն ես շարունակ լսում էի` չենք կարող, չի ստացվի, չի լինի` ուղղված ոչ թե Չար տղային, այլ Չաչ երգչին:
Չարաբաստիկ չեմ ասի, բայց համենայն դեպս, բարենպաստ էլ չեմ ասի իմ մուտքը հայրենական շոու-բիզնես: Ես ո̒չ երկնքից մանանա էի, որ թափվեցի եւ հավաքել էր պետք, ոչ էլ` տեղատարափ անձրեւ Սահարայում. շատ լավ հասկանում եմ, որ ամեն օր իմ նման հարյուրավոր երիտասարդներ են արթնանում, լվացվում, սանրվում եւ տնեցիներին ասում, որ երգիչ են ուզում դառնալ: Ես հասկանում եմ նաեւ, որ զարմացնելը շատ դժվար է, այն էլ` հայ հանդիսատեսին, ով միշտ պատրաստ է փշե պսակ դնել գլխիդ եւ քեզ թագադրել:
Այս ամենը լավ եմ հասկանում, բայց իմ դեպքում այնպես չէր, որ մի օր արթնացա եւ որոշեցի երգել: Արվեստը միշտ եմ սիրել, արվեստագետներին` առավել եւս, իսկ մասնագիտությամբ, ով չգիտի, հուշեմ կամ ասեմ, որ ռեժիսոր եմ: Երաժշտության ոլորտում ուսուցիչներ շատ եմ ունեցել, հետեւել եմ արտասահմանյան երգիչ-երգչուհիների գործերին, տեսել, թե նրանք ինչպես են երաժշտարվեստում նոր խոսք ասում:
Չաչը
Հայկական, այն էլ նորաթուխ երգիչների ցուցակում իմ անունը մի քանի տարի է, ինչ հոլովում են: Հետաքրքիր է եւ ծիծաղելի, որ առաջին երգս “Կեղտոտ մտքեր”-ն էր. այս երգը եւ իմ կերպարը շատ քննադատեցին, կեղտ շատ շպրտեցին, բայց ես հիմա եմ միայն հասկանում, որ կեղտոտ մտքերս ծնվեցին, երբ կեղտոտ միջավայր եկա: Այնպես չէ, որ քննադատություն չեմ սիրում, հակառակը` շատ բան ես երբեմն սովորում առողջ մարդկանց առողջ կարծիքներից, բայց այլ բան է, երբ քո առջեւ դռներ են փակվում:
Զարմանում են, թե ինչու են հայկական երգարվեստի արդեն իսկ կայացած երգիչ-երգչուհիները փորձում ամեն կերպ խոչընդոտել նոր անունների մուտքը: Ես գիտեմ, որ իմ ներկայությամբ շատերին եմ նյարդայնացնում, շատերը չեն կարողանում անգամ թաքցնել հակակրանքն իմ հանդեպ: Ինձ միայն մի բան է հետաքրքրում. ժամանակին իրենք էլ են, չէ՞, իրենց առաջին քայլերն արել, բա որ իրենց էլ քննադատեին այնպես, ինչպես իրենք են հիմա վարվում մեզ հետ: Կարծում եմ, որ նրանք ուղղակի չեն ուզում իրենց տեղը զիջել, ավելի ճիշտ` նրանք վախենում են սերնդափոխությունից. մեկ էլ տեսար իրենց տեղը ինչ-որ մեկը գրավեց:
Էդ ո՞նց է լինում, որ Աշերն իր արժանապատվությունից ցածր չի համարում երգել նորաթուխ երգիչ Ջասթին Բիբերի հետ… Նման օրինակներ էլի կարող եմ բերել, երբ արդեն իսկ կայացած երգիչն իրեն կայացած մարդու պես է պահում: Մեզ մոտ նման բան չկա, կամ էլ կա, բայց այդ դեպքում այլ օրենքներ են գործում, այսինքն` նորաթուխ երգչի կողքին, մեջքին, կարող է նաեւ հետեւում “մարդիկ” են կանգնած:
Չաչը
Սա չի նշանակում, որ ես հիասթափվեցի եւ ձեռքերս ծալած նստեցի. երկրորդ տեսահոլովակս էլ նկարեցի` “Խաղալիք”-ը: Երգերիս վերնագրերն այնքան խոսուն են, որ էլ ասելու բան էլ չկա. դրանք համադրելով` կարելի է անգամ նախադասություն կազմել մեր ներկայիս երգարվեստի մասին. մոտավորապես նման մի բան կստացվի` “Եթե կեղտոտ մտքեր ունես դու եւ խաղալիք ես ուրիշի ձեռքում դու, ուրեմն հայկական շոու-բիզնեսում ես դու”:
Մի կողմից էլ ուրախանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ստիպում են ինձ մնալ այս ոլորտում, աշխատել, իմ խոսքն ասել: Ոգեւորվում ես, երբ թեկուզ մեկը քեզ գնահատում է: Կարծում եմ, ներքուստ զգում եմ, որ Չաչ անունը լսելու առիթներ դեռ կունենաք…
Հուսամ` մի օր կեղտի կույտերը ոչ թե ամեն տեղ թափթփված կլինեն, ճանապարհի ամեն մի հատվածում, այլ մի կողմ կքաշվեն` ամեն մեկն իր աղբարկղում”:
BRAVO.am
Լուսանկարները` Չաչի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: