Սյուզաննա Մելքոնյանն այլեւս «Դեպի Եվրատեսիլ» նախագծում չէ: 23-ամյա երգչուհին կիսաեզրափակչում դուրս է մնացել, քանի որ միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկությունների ընդհանուր հանրագումարով 3-րդն էր: Այժմ պայքարը շարունակում են Արծվիկը եւ Մարտան։ BRAVO.am-ի հետ զրույցում Սյուզաննան պատմել է մրցութային փորձառության, իր կրթության եւ ընտանիքի մասին։
Սյուզաննա Մելքոնյանը
Ինչու չէր ցանկանում մասնակցել
Ի սկզբանե պետք է արտերկրում մրցույթի մասնակցեի, բայց հարգելի պատճառով չստացվեց. այդ ժամանակահատվածը համընկավ այս մրցույթի հայտագրման հետ։ Մասնակցելու ցանկություն չունեի, սակայն շրջապատիս մարդիկ ուղղակի ստիպում էին, որ հնարավորությունը բաց չթողնեմ։ Երբ հայտը լրացնելուց մեկ ամիս անց էլեկտրոնային հասցեիս դրական պատասխան ստացա, որ անցել եմ նախընտրական փուլը, տրամադրվեցի ու սկսեցի նախապատրաստվել:
Ներքին հանգստություն
Տարիներ առաջ մասնակցել եմ «Շանթ»-ի «Հայսուպերսթար 4», «X Factor 3» նախագծերին: Երբ 16 տարեկանում «Հայսուպերսթար»-ի շնորհիվ հայտնվեցի հեռուստաէկրաններին, ինձ համար արդեն հաղթանակ էր, որ լավագույն 10-յակում էի ու հասել էի գալա համերգներին։ Այնուհետեւ մյուս մրցույթին մասնակցելով՝ ուզում էի իմանալ՝ ինչն է իմ մեջ ավելացել ու պակասել, էլ ինչ կարող եմ անել, եւ հաճելի էր լսել, որ պատրաստի երգչուհի եմ։ «Դեպի Եվրատեսիլ»-ում արդեն շատ լավ ծանոթ էի ներքին մրցակցությանը, հաճելիորեն ներքին հանգստություն կար, յուրաքանչյուրս զբաղված էինք մեր համարներով։
Ընտանիքի մասին
Տատիկս եղել է ժողովրդական երգչուհի, մեծ ապագա կունենար, բայց անձնական պատճառներով չի շարունակել։ Մեր ընտանիքում ուրիշ երգող չունենք, նրա կիսատ թողածը ես եմ լրացնում, նա էլ ինձ շատ ոգեւորում է։ Ցանկանում եմ որեւէ ազգագրական կամ ժողովրդական երգ կատարել ու տատիկիս նվիրել։
Սյուզաննա Մելքոնյանը, Ինգա Արշակյանը եւ Արամ MP3-ն
«Միսս Եվրատեսիլը»
Երբ «Հայսուպերսթար»-ին էի մասնակցում, սովորում էի 10-րդ դասարանում։ Քանի որ այդ տարիներին թեժ էր «եվրատեսիլյան» անցուդարձը, ես էլ մեր դասարանի միակ երգողն էի, «Վերջին զանգ»-ին ինձ անվանեցին «Միսս Եվրատեսիլ»։ Չգիտեմ, գուցե ճակատագիր է, որ հիմա ես այս անցուդարձի մեջ եմ։ Այս նախագծի շնորհիվ հանդիսատեսը նորից լսեց իմ անունը։ Այնքան հաճելի է, որ սոցիալական ցանցերում ինձ գրում են սփյուռքի հայերը, հատկապես ֆրանսիական երգից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել ֆրանսահայերից։
Ռեժիսոր երգչուհին
Սովորել եմ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ Երվանդ Ղազանչյանի ռեժիսուրայի կուրսում։ Հատուկ երաժշտական կրթություն չեմ ստացել, բայց վաղուց եմ երգում։ Միշտ ասում եմ, որ ուզում եմ բեմում որպես արտիստ ներկայանալ, փորձում եմ համատեղել վոկալն ու մասնագիտությունս։ Տարիներ առաջ երաժիշտների հետ հիմնել ենք «Freedom» բենդը ու ելույթ ենք ունենում ակումբներում։
Սյուզաննա Մելքոնյանը եւ Արծվիկը
Նախագծից դուրս մնալու մասին
Պատրաստ էի, որ հնարավոր է՝ չհաղթեմ։ Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես կգնահատի միջազգային ժյուրին, ահավոր հպարտ էի, որ չունենալով երաժշտական կրթություն, 2-րդ տեղում եմ։ Մարդիկ տեսան ու գնահատեցին։ Իմ օգտին քվեարկած մարդկանց էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել։ Չեմ կոտրվել, չեմ տխրել, այլ քաղել եմ առավելագույնը՝ մեծ շրջապատ ու մասնագիտական գիտելիք եմ ձեռք բերել։ Ամենակարեւորը՝ զգացի ժողովրդի սերը, ուղիղ եթերից հետո հեռախոսս ուղղակի «թնդում» էր բազմաթիվ զանգերով ու նամակներով։ Մարդիկ կան, որ վրդովված են այս արդյունքից, բայց գիտակցում եմ, որ մրցույթ է, մեկն է հաղթելու։ Ամենակարեւորը՝ հանդիսատեսի սերն ու հարգանքն է, որը չես կարող գնել։
Ով է ֆավորիտը
Ես մրցույթի հաղթող տեսնում եմ Արծվիկին։ Առաջին անգամ բարձրաձայնում եմ, որ ողջ նախագծի ընթացքում ինձ ուժեղ մրցակից ընդունել եմ հենց Արծվիկին։ Արդեն մտերմացել ենք, շատ լավ ընկերներ ենք, ինչով կարող եմ, կաջակցեմ նրան։ Մարտան էլ իր տեսակով ու ոճով առանձնանում է, երկուսին էլ գնահատում եմ։ Ուզում եմ, որ հաղթողը շատ լավ պատրաստվի, մեծ պատասխանատվություն է, իրենց ուժ ու համբերություն եմ մաղթում։
Անելիքների մասին
Նպատակներս ու ծրագրերս շատ են, բայց որոշ չափով իրականացնեմ, հետո կբարձրաձայնեմ։ Ոչ մի դեպքում չեմ դադարի երգել ու նկարահանվել։ Դրական արձագանքներից հետո իրավունք չունեմ չշարունակել։ Կշարունակեմ համագործակցել Հանրայինի հետ։ Ուժ եմ ստացել եւ շարունակելու եմ ավելի եռանդով աշխատել։
BRAVO.am
Լուսանկարները՝ Առաջին ալիքի եւ Սյուզաննայի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: