×


Սոնան, Հայկը, Անդրեն, Սեւակը եւ ընկերները` զինվորի կողքին

Մայիսի 9-ին Երեւանի տիկնիկային թատրոնում արցախյան ոգով երաժշտական  մթնոլորտ էր: «Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգը համախմբել էր տարբեր ժանրերի երաժիշտների ու երգիչների, իսկ նպատակը մեկն էր՝ տոմսերից ստացված հասույթը փոխանցել Արցախի ապրիլյան պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին, ով վիրավորվել է Թալիշում մղվող մարտերի ընթացքում, այժմ հիվանդանոցում է: Զինվորը ողնուղեղային վնասվածք ունի, եւ արտերկրում բուժվելու անհրաժեշտություն կա։

«Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգին


Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը, Սեւակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, «The Beautified Project» ռոք խումբը եւ նվագակցող երաժիշտները պատրաստել էին հայրենասիրական երգերով համերգային ծրագիր՝ շուրջ 90 րոպե տեւողությամբ։ Չենք կարող չնշել այն դրվագը, երբ լեփ-լեցուն դահլիճում ներկաները սպասում էին մեկնարկին, դահլիճ մտավ դերասան Վարդան Պետրոսյանը եւ հանդիսականների բարձր ծափողջույնների ներքո դահլիճում զբաղեցրեց իր տեղը։ 

Վարդան Պետրոսյանը ներկա էր բարեգործական համերգին


Համերգավար Հայկ Պետրոսյանը սկզբում հայտնեց, թե նախապես ծրագրում էր խոսել հայրենասիրության մասին, սակայն մտափոխվել է. «Մայիսյան մեր հաղթանակներին նոր սերունդն այժմ ուրիշ հայացքով է նայում։ Վերապրեցինք պատերազմը եւ, կարծես, գնահատեցինք, թե ինչպիսի խիզախություն է պետք Շուշին ազատագրելու եւ ընդհանրապես Արցախյան պատերազմում հաղթելու համար։ Համերգի նախորդ գիշերը սցենարն էի գրում, մտածում էի՝ բեմից պատմել բոլոր ֆիդայինների հերոսությունների մասին, բայց այսօր չենք խոսելու հայրենասիրության մասին, որովհետեւ եթե այստեղ եք, ուրեմն այդպիսին եք։ Հավաքվել ենք մեր հերոս եղբոր համար, որ մի քիչ թեթեւացնենք նրա ընտանիքի հոգսը»։

Անդրե Սիմոնյանը եւ Նարինե Դովլաթյանը


Երգիչները հանդես են եկել զուգերգերով, կատարել «Հայաստան», «Ո՞ւր եք տղաներ», «Մարտիկի երգը», «Տալվորիկի քաջ զինվոր», «Ախպերս ու ես», «Կիլիկիա», «Բարի արագիլ», ինչպես նաեւ հեղինակային երգեր։ Հանդիսատեսը ծափահարություններով ողջունում էր բոլոր ելույթները, ամենաբարձր ծափերը հնչում էին հատկապես Սեւակ Ամրոյանի եւ Սոնա Ռուբենյանի կատարումներից հետո։

Հայկ Պետրոսյանը հիշել է Արցախի ազատամարտի տարիները եւ համեմատել այսoրվա հետ.«Այն ժամանակ 5-6 տարեկան երեխա էի, սակայն լավ հիշում եմ՝ լույս չկար, սնունդ չկար, դժվար ժամանակներ էին, բայց մարդիկ ինչքան միավորված էին։ Ուրեմն իմ տատիկը ֆուջիկա էր ստացել, գիտեք` դա ինչ էր, ինչպես հիմա «Համեր»-ով քաղաքում պտտվես, այդ ֆուջիկան մեր հարեւաններին համախմբող միջոց էր դարձել, բոլորը մեր տուն էին գալիս։ Մարդիկ կամավոր գնում էին պատերազմ, մեր ազգն իսկական հերոսներ ունի՝ Աղբյուր Սերոբ, Դուշման Վարդան, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, Թաթուլ Կրպեյան… Այսօր էլ կան նրանց նման խիզախ հերոսներ, իսկապես շատ են»։

Սեւակ Ամրոյանը եւ Հայկ Պետրոսյանը


Անդրե Սիմոնյանն էլ հայտնել է, որ համերգները շարունակական կլինեն.«Առաջիկա համերգների, նաեւ մյուս վիրավորված զինվորների համար իմ երկու մտերիմ ընկերները զանգահարեցին եւ գումար փոխանցեցին։ Երկուսն էլ չէին ուզում, որ իրենց անունները հայտնեմ: Նրանցից մեկը Թուրքիայում հայ երաժշտությունը ներկայացնող երգչուհի Սիբիլն է, մյուսը` լուսանկարիչ Արվին Քոչարյանի ընտանիքը։ Մեր ցանկացած ներդրում կարող է կարեւոր լինել»։

Համերգի եզրափակիչ հատվածում համերգի կազմակերպիչ, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը համերգի հասույթը ծրարով փոխանցել է դահլիճում ներկա Ռուբենի մայրիկին՝ Անահիտ Մկրտչյանին, իսկ մասնակից երգիչները միասին կատարել են Հայոց բանակի հիմնը` «Երազ իմ երկիր հայրենի»-ն։
Ռուբեն Առաքելյանին աջակցելու համար բացված են հետեւյալ հաշվեհամարները.

ՎՏԲ բանկ. AMD 16041036866800
USD   16041036866801
EUR   16041036866802
RUR   16041036866803
Ստացող՝ Անահիտ Մկրտչյան

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW