2016-ի հոկտեմբերի 1-ին ամուսնացած երգչուհի Սոնե Սիլվերն ընտանիք կազմելուց հետո ակտիվ չի աշխատում, ինչը կապում է ոչ թե անձնական փոփոխության, այլ ձմեռային ցրտի հետ.«Տրամադրությունս անմիջականորեն կապված է եղանակի հետ։ Նիկ Էգիբյանի հետ խմբի նվագակցությամբ ակումբային համերգներ էինք ունենում, բայց հիմա դադարեցրել ենք, բայց, հավանաբար, կվերսկսենք, որովհետեւ կենդանի ձայնով ելույթը շատ լավ լիցքեր է տալիս»։
Սոնե Սիլվերը
Նա BRAVO.am-ին հայտնել է, որ չձայնագրած երկու նոր երգ ունի, որոնցից մեկը տեսահոլովակով կներկայցնի.«Միգուցե ամպագոռգոռ է հնչում, բայց առանց երգի ու երաժշտության չեմ կարող ապրել, իմ հոգեւոր սնունդն է, որից լիցքավորվում եմ։ Իմ երգերը կոմերցիոն չեն, հիմա մեզ մոտ ինչ-որ ռաբիս ոճ է ստեղծվել, կարոտում եմ մեր հին հայկական էստրադան։ Իմ ասպարեզի ընկերներս, գործընկերներս խորհուրդ են տալիս հայերեն 6/8-ային երգեր ձայնագրել, որով գումար կաշխատեմ, բայց չեմ ուզում իմ սիրելի հաուս ու ֆանկ ոճերը թողնել։ Ես չեմ փնովում մյուս երգիչներին, այդ երաժշտությունը պահանջարկ ունի, նրանք էլ երգում են, հարսանիքների միջոցով գումար են աշխատում։ Նաեւ գիտակցում եմ, որ իմ ժանրը Հայաստանում չի կարող զանգվածային լինել, օրինակ, հարսանիքներին բացարձակ ակտուալ չէ, եւ շատ քիչ է պատահել, որ երգեմ։ Հայկական «չաղ» հարսանիքներին սիրում են այդ պարային ելեւէջները, բայց ինձ չեմ պատկերացնում այդ ժանրում։ Հիմա փոքր լսարան ունեմ, բայց, ի ուրախություն ինձ, ունկնդիրներս շատանում են»։
Սոնե Սիլվերն՝ ամուսնու հետ
Նա ելույթ կունենա Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգին, ամուսնու հետ նշի նաեւ Սուրբ Վալենտինի տոնը, քանի որ փետրվարի 14-ը նրանց նշանադրության օրն է։ Ամուսնությունից հետո երգչուհին մեծ մասամբ տանն է լինում, սիրում է խոհանոցում լինել, նրա խոսքով՝ ամուսինը հավանում է իր պատրաստածը.«Մինչեւ ընտանիք կազմելը սիրել եմ խոհանոցային գործերը, հիմա ավելի հմուտ եմ դարձել։ Փորձում եմ տարբեր ազգային ճաշատեսակների բաղադրատոմսեր գտնել ու եփել, բայց քաղցրեղենին դեռ չեմ անդրադարձել»։
BRAVO.am-ի ընթերցողներին Սոնեն ներկայացնում է իր ու ամուսնու սիրելի չինական ուտեստի բաղադրիչները.«Քաղցր-թթու սոուսի համար անհրաժեշտ է ալյուր, շաքարավազ, սոյայի սոուս, քացախ, կետչուպ եւ ջուր, այնուհետեւ հավի փափկամիսը խորանարդաձեւ կտրատել, սոուսն ավելացնել, մատուցել բրնձի կամ կարտոֆիլի հետ` տաք վիճակում։ Նկատել եմ, որ չինական ռեստորաններում շատ են պատվիրում քաղցր-թթու սոուսով համեմված որեւէ միս։ Համեղ ու հեշտ պատրաստվող է, բարի ախորժակ:)»։
BRAVO.am
Լուսանկարները` Մելս Փաշինյանի եւ Սոնե Սիլվերի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: