Փետրվարի 4-ին Հայ առաքելական եկեղեցին նշել է սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն ու երիտասարդների օրհնության օրը, ինչի առթիվ Արարատյան հայրապետական թեմը տոնական համերգ էր կազմակերպել սիրահարների այգում:
Արտավազդ Ամիրյանն ու Աննա Ավանեսյանը
Չնայած ցուրտ եղանակին` այնտեղ էին հավաքվել երիտասարդներ, սիրահար զույգեր ու մեծահասակներ, որոնց ողջունել է այգում իր ճերմակ ձիով շրջող Սուրբ Սարգիսը, նվերներ ու փուչիկներ բաժանել:
Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնատար այլ անձինք:
Սոֆի Մխեյանը
Համերգային ծրագրի մեկնարկը տվել է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու “Ծաղկազարդ” երգչախումբը` “Հայր մեր” երգով, իսկ հետո հանդիսավարներ Աննա Ավանեսյանն ու Արտավազդ Ամիրյանը բեմ են հրավիրել երգիչներին:
Սիրո տոնի առթիվ իրենց կատարումներով հանդես են եկել Սոֆի Մխեյանը, Աննա Խաչատրյանը, Լեյլա Սարիբեկյանը, Ռուզան Ավետիքյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Արման Հովհաննիսյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, Դավիթ Թուջարյանը, Վարդան Բադալյանն ու Միհրան Ծառուկյանը:
Միհրան Ծառուկյանը
Սուրբ Սարգիս զորավարի կերպարը խորհրդանշող երիտասարդը` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Մեսրոպը, արդեն 8 տարի է` մարմնավորում է սիրո բարեխոսին: Նա այս տարի աղի բլիթ ուտելու կարիք չի ունեցել. արդեն գտել է իր երկրորդ կեսին ու ամուսնացել. “Բոլոր երիտասարդներին մեծ սեր եմ ցանկանում, ինքս էլ հավատում եմ տոնի խորհրդին:)”,-BRAVO.am-ին ասել է “զորավարը”: Տոնական համերգի ընթացքում տիրել է բարձր տրամադրություն` համեմված սիրով ու վառ գույներով:
Սուրբ Սարգիսը սիրո երազանքն իրականացնող սուրբ է, արագահաս բարեխոս, որը իր որդու` Մարտիրոսի և քաջ 14 մարտիկի հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: