×


Տիգրան Մանսուրյան.«Ես եւ Համո Սահյանը երեխայի պես էինք այդ օրը»

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: BRAVO.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստն ասել է, որ հրաժարվել է տարեդարձի կապակցությամբ մեծ խնջույքից.«Նշելու եմ մի փոքր խմբով՝ ընկերներիս հետ: Ես, գիտեք, մենակ եմ ապրում, ուստի, տնից դուրս որեւէ տեղ կհավաքվենք:  Այսօր ինձ համար սովորական օր է, պարզապես մի քիչ աղմուկն է շատ»:

Խոսելով նախկինում նշած ծննդյան տոներից` մաեստրոն հետեւյալն է ասել.«Ճիշտն ասած` չեմ հիշում, թե անցյալում իմ տարեդարձերն ինչպես են անցել: Ինձ ինչ-որ բաներ են պատմում, բայց ինքս դրանք չեմ հիշում: Լավ տպավորվել է 50-ամյակս, որ նշել եմ գրող Համո Սահյանի հետ: Երկուսով խմեցինք, երկուսս էլ երեխայի պես էինք այդ օրը: Հիշում եմ նաեւ, որ այդ օրը մեզ մեկը նկարում էր, բայց այդպես էլ չիմացա` ուր է այդ տեսագրությունը: Մենք հարեւաններ էինք, գնացի իր մոտ, ու օրն աճեց, հասավ իր գագաթին: Ախր, շատ լավ օր էր»:

Սիրելի եւ հարգարժան մաեստրոն մի ցանկություն ունի.«Եթե խոսեմ իմ պակասներից, կստացվի՝ մի բան եմ պահանջում: Աստծուց է իմ ուզածը. թող ուժ տա, որ կարողանամ աշխատել»:

Տիգրան Մանսուրյանը մի առիթով ասել է.«Երաժշտության մեջ երկու երեւույթների հարաբերություն կա՝ ձայնի եւ լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է»: Մեր հարցին՝ տարիների հետ իր կյանքում ձա՞յն, թե՞ լռություն է ավելացել, նշել է.«Եթե նույնիսկ ձայն կա, իր ետնամասում պետք է լռություն զգաս, ոչ թե ուրիշ ձայներ: Հայ երաժիշտները, հատկապես՝ Կոմիտասը, շատ լավ գիտեն երաժշտության արժեքը: Լռությունը մեծ բան է: Ինձ մոտ շարունակում է լռությունը մնալ ամենահարուստը: Լռության դերը շատ մեծ է»:

Սիրելի մաեստրո, առողջ եղեք եւ թող հավերժ հնչեն Ձեր մաքրագործող, բարձրաճաշակ, հիասքանչ ստեղծագործությունները:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW