×


Քսենոմորֆի քոսփլեյի հայ հեղինակը՝ երազանքին հասնելու ճանապարհին

Օրերս սոցիալական ցանցերում հաճախ կարելի է տեսնել հայ օգտատերերի կողմից տարածվող քսենոմորֆի քոսփլեյի նկարը՝ «Օտարը» սարսափ ֆիլմից։ Արյունարբու հերոսին վերարտադրել է երիտասարդ նկարչուհի Արաքս Սարգսյանը՝ The Next Level of Cosplay միջազգային մրցույթին մասնակցության համար։ Մրցանակն է՝ հոլիվուդյան Cinema makeup School-ում սովորելու ամբողջական կրթաթոշակ։ Այժմ արդեն մրցույթի ֆավորիտ Արաքսը BRAVO.am-ին պատմել է իր աշխարհի եւ քսենոմորֆի քոսփլեյի ստեղծման մասին։

Նկարչությունից մինչեւ գրիմ եւ Creature Effects

Քսանհինգամյա Արաքս Սարգսյանը 10-11 տարեկան հասակից սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում՝ Վահագն Բաղդասարյանի խմբում։ Դեռ սովորելու տարիներից նկատելի էր Արաքսի համակրանքը դեպի սարսափ կերպարները։ «Ամեն ինչ սկսվեց հենց առաջին դասից։ Ինձ ասացին, որ ինչ-որ բան նկարեմ, ու ես նկարեցի վիշապ։ Գեղագիտության ազգային կենտրոնում ոչ ոք երբեւէ չի ասել, որ չպետք է նման կերպարներ նկարեմ։ Ընդհակառակը, ինձ միշտ աջակցել են, համապատասխան գրականություն տրամադրել»,-պատմում է նա եւ հավելում, որ իր արվեստի նկատմամբ բացասական արձագանքներ եւս եղել են։ Երբ աշխատանք փնտրելիս ներկայացրել է հրեշների նկարները, եղել են դեպքեր, որ իրեն հոգեբույժի դիմելու խորհուրդ են տվել։

Երկար ժամանակ Արաքսի հիմնական զբաղմունքը եղել է նկարչությունը, հետագայում սովորել է նաեւ գրաֆիկ դիզայն, սակայն հետզհետե ամեն ինչ սկսեց ուղղվել դեպի կինոգրիմը եւ կերպարային էֆեկտները (creature effects)՝ հատուկ դիմահարդարման միջոցով ֆիլմերի համար հերոսներ ստեղծելուն։ «Միշտ սիրել եմ տարբեր կերպարներ նկարել, նաեւ քանդակագործությունն է հետաքրքրել, եւ creature effects-ն այդ երկուսի ամենահարմար համակցությունն է։ Այն հնարավորություն է տալիս կենդանացնել թղթի վրա ստեղծված արարածներին»,-մեզ հետ զրույցում ասաց Արաքսը։

Արաքս Սարգսյանի արվեստանոցում կարելի է գտնել իր ստեղծած կերպարների գեղանկարները։ Նկարչուհու խոսքով՝ ամեն արարած, որին նկարում է, իր փոքրիկ պատմությունն ու միջավայրն ունի։ Նա հուսով է, որ մի օր իր ստեղծած կերպարները գրիմի շնորհիվ եւս կկենդանանան։

Լուսանկարը՝ Գայանե Ենոքյանի


Կրթությունը՝  ինքնուս

Շուտով Արաքսը սկսեց անհրաժեշտ նյութեր պատվիրել եւ ինքնուրույն ուսումնասիրել ոլորտը, քանի որ նրա խոսքով՝ Հայաստանում creature effects-ի մասնագետներ չկան։ Սովորում էր՝ բժիշկ ընկերների հետ խորհրդակցելով, վիրահատություններ էր դիտում, այլ մասնագետների աշխատանքներ ուսումնասիրում եւ, իհարկե, ընթերցում համապատասխան գրականություն։

Կինոգրիմի ասպարեզում Արաքսի առաջին աշխատանքը «Խնձորի սոկ» խմբի «Համր» երգի տեսահոլովակի համար էր։ Հերոսուհու բերանն ամբողջովին փակ պետք է լիներ, եւ սկսնակ մեյքափ արտիստին հաջողվեց կյանքի կոչել գաղափարը։

Այժմ Արաքս Սարգսյանը մանր պատվերներ է կատարում։ Ավելի հաճախ վերքեր կամ կապտուկներ ստանալու խնդրով են դիմում,սակայն նա հիմնականում մերժում է այդպիսի պատվերները. այլեւս հետաքրքիր չեն։ «Հետզհետե ցանկանում ես ավելի բարդ աշխատանքներ կատարել, որովհետեւ առաջին հերթին դա անում ես ինքդ քեզ համար, ինքդ քեզ ցույց տալու, որ եւս մեկ դժվարությունը կարողացար հաղթահարել»,-պարզաբանում է Արաքսը։

Լուսանկարը՝ Գայանե Ենոքյանի


Մրցութային կերպարի ընտրությունը

Հոլիվուդյան Cinema makeup school-ի The Next Level of Cosplay մրցույթի մասին հայտարարությունը տեսել է պատահաբար, երբ վերջնաժամկետին 60 օր էր մնացել։ «Հայտարարությունը տեսնելուց անմիջապես հետո, առանց որոշելու՝ կարող եմ, թե ոչ, մտքումս արդեն սկսեցին մի քանի կերպարներ պտտվել, որոնցից գերիշխողը քսենոմորֆն էր՝ «Օտարը» սարսափ ֆիլմից։ Արդեն սկսեցի պատկերացնել՝ որտեղից եմ սկսելու, ինչ նյութեր եմ օգտագործելու, ինչքան ժամանակ պետք է ծախսեմ եւ այլն»։

Քսենոմորֆի քոսփլեյը մյուս հնարավոր տարբերակներից ամենաբարդն էր։ Սա եւս այս հերոսին ընտրելու պատճառներից էր։ «Ինձ համար սարսափ ժանրում կերպար ստանալու ամենակարեւոր կետերից մեկն այն է, որ այն հիշեցնի արդեն ծանոթ մի բան, օրինակ՝ մարդուն, բայց մատուցվի լրիվ այլ կերպ։ Կարծում եմ՝ հոգեբանական առումով նման կերպարները շատ ազդեցիկ են, եւ շվեյցարացի նկարիչ Հանս Ռուդի Գիգերի ստեղծած արարածը հենց այսպիսին է»,-նշում է Արաքսը։

Արաքս Սարգսյանը (Լուսանկարը՝ Գայանե Ենոքյանի)


Հայկական քսենոմորֆի ծնունդը

Աշխատանքը սկսել է գլխի հատվածը պատրաստելուց։ Ամենադժվարը անհրաժեշտ նյութեր գտնելն էր. պետք էր աշխատել ձեռքի տակ եղածով։ Այս հարցում Արաքսին շատ է օգնել սիրելի ուսուցիչը՝ Վահագն Բաղդասարյանը, ում հետ այժմ ընկերներ են։

Քոսփլեյի գլխի հատվածը պատրաստված է պատուհանի փրփուրից՝ չհաշված մանր դետալները: Հիմնականում օգտագործել է խողովակներ եւ պոլիմերային կավ։ Աշխատանքին նվիրել է ամբողջ ժամանակը՝ առանց հանգստի։ Քսենոմորֆը պատրաստվեց 50 օրվա ընթացքում՝ մրցույթին դիմելու վերջնաժամկետից 2 օր առաջ։

Լուսանկարը՝ Արաքս Սարգսյանի արխիվից



Դեպի Հոլիվուդ
Արաքս Սարգսյանն անցավ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլ, որից հետո սկսվեց առցանց քվեարկությունը։ Ամեն ուրբաթ 5 նվազագույն ձայներ հավաքած մասնակիցները դուրս էին մնում մրցույթից, ձայները զրոյացվում էին, ու սկսվում էր նոր քվեարկություն։ Այսօր Արաքսը եզրափակչի առաջատարն է։ Մեր այն հարցին՝ ինչպես ստացվեց, որ ֆեյսբուքահայության մի ստվար զանգված նրան աջակցելու կոչերով սկսեց տարածել քվեարկության հղումը, Արաքսը պատասխանում է. «Գաղափար անգամ չունեմ։ Ես չէի կարծում, որ մրցույթը նման լայն տարածում կգնի, ու աշխատանքս բոլորը կհավանեն։ Քանի որ կերպարը սարսափ ֆիլմից է, ավելի շատ բացասական արձագանքի էր սպասում, սակայն մինչ օրս միայն դրականն եմ լսել»։

Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ ժուրին, որի կազմում է նաեւ դպրոցի կրթության գծով տնօրեն, օսկարակիր մեյքափ արտիստ Վի Նիյլը, որ աշխատել է այնպիսի հանրաճանաչ ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Կարիբյան ծովի ծովահենները», «Բեթմենը վերադառնում է», «Միսիս Դաութֆայեր» եւ այլն։

Ժուրիի անդամները մրցույթ են վերադարձնելու դուրս մնացած մասնակիցներից մեկին, այնուհետեւ յուրաքանչյուրին շնորհեն 1-6 միավոր, ընդ որում՝ մրցույթի կանոններով առավելագույն միավորը 1-ն է։ Օնլայն քվեարկությունում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա եւս մեկ միավոր, երկրորդ տեղը՝ 2, եւ այդպես շարունակ։ Դպրոցում սովորելու համար ամբողջական կրթաթոշակ կստանա թվով ամենքիչ ձայներ հավաքած մասնակիցը։

Լուսանկարը՝ Միքայել Պետրոսյանի


Երազանքին հասնելու ճանապարհը

Եթե Արաքսին հաջողվի մրցույթում հաղթող ճանաչվել, ապա պատրաստ է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ եւ կիսվել իր փորձով, հնարավորության դեպքում՝ նաեւ դպրոց հիմնել։ «Շատ կուզեի, որ այստեղ լիներ նման կրթություն, որպեսզի մարդիկ, ովքեր զգում են՝ creature effects-ը իրենց տարերքն է, եւ ուզում են դրանով զբաղվել իրենց ողջ կյանքում, ունենային սովորելու հնարավորություն։ Ես հիշում եմ ինձ փոքր տարիքում, երբ անդադար փնտրտուքների մեջ էի, իսկ եթե լիներ դպրոց, ես անպատճատ կհաճախեի»։

Եթե մրցույթում չհաղթի, կփորձի առցանց դրամահավաքի միջոցով կյանքի կոչել երազանքը, իսկ եթե դա էլ չստացվի, ապա կշարունակի ինքնակատարելագործվել, սակայն դպրոցը կարող է գործընթացն անհամեմատ արագացնել։

Առցանց քվեարկությունն ավարտվելու է ուրբաթ օրը՝ Հայաստանի ժամանակով 20։00-ին: Արաքս Սարգսյանի օգտին կարող են քվեարկել բոլոր ֆեյսբուքյան օգտատերերը՝  յուրաքանչյուր 24 ժամը մեկ՝ անցնելով այստեղ։

Գայանե Ենոքյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին