×


«Ինձ պետք չէ խմել, ծխել, որ պայծառանա միտքս․ իմ իդեան կյանքն է»․ Նարեկ Բարսեղյան

Նարեկի արվեստանոցի ամեն անկյունը ողողված է տարբեր կերպարների հայացքներով, արդեն չորացած յուղաներկերով, փաթաթված ու պահված մարդկային պատմություններով։ Մեծ պատուհան կա, որը եղանակի տրամադրությունն է հաղորդում ու փոխանցում ինչ-որ հաղորդագրություն պատուհանի տակ ծլվլացող թռչունների միջոցով։

«Տարածքը, որտեղ նկարում եմ, ազդում է նկարչության ընթացքի վրա։ Առաջ այս նույն շենքում ուրիշ սենյակ ունեի, որտեղ շատ ագրեսիվ էներգիա կար, իսկ այս սենյակն ավելի խաղաղ է ու ներքին խաղաղության է մղում։ Նախորդ սենյակում ինչ նկարում էի, ագրեսիվ էր ստացվում։ Լույսը, պատերի գույնը, ամեն ինչ ազդում է։ Քո միջավայրը ազդում է քեզ վրա։ Շատ կուզեի հող ունենալ, դուրս գայի ու հողի վրայով քայլեի ստեղծագործելու ընթացքում, բայց այս պահի համար այս սենյակն էլ է լավ»։


Նարեկն իրեն բնութագրեց որպես աշխատասեր մարդ, ընկերներն էլ են միշտ ասում, որ չափից շատ է աշխատում։ Դպրոցից հետո ընտանիքի ուղղորդմամբ ընդունվում է Թերլեմեզյանի կերամիկայի բաժին, բայց 3-րդ կուրսում տեղափոխվում գեղանկարի բաժին։ Հետո ընդունվում է Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժին ու 4 տարի սովորելուց հետո դառնում նկարիչ։

«Առաջին անգամ մեծ նկար եմ տեսել Թերլեմեզյանում, ինչը շատ հեքիաթային էր ինձ համար: Ինչպես են նկարները շարժվում Հարրի Փոթերի ֆիլմաշարում, նույն տպավորությունն ունեի... Ու շատ միամիտ էի հայտնվել այնտեղ, տեսլական չունեի, թե ինչ եմ անելու հետո»։

Այդ ժամանակ ընկերական շրջապատում էր միշտ, ծիծաղելով պատմեց, որ «ռաբիս» էր լսում, բայց երբ ընկերները բանակ գնացին, դասամիջոցներին էլ զբաղմունք չուներ, սկսեց նկարել։ Անընդհատ նկարում էր ու արդյունքում սկսեց ստացվել։

«Ավարտելուց մի քանի տարի անց սկսեցի դասավանդել Թերլեմեզյանում, որովհետեւ որոշ ցուցահանդեսներ էի արել, երեւացել էի ու իրականում վատ չեմ նկարում (ժպտալով,-հեղ.)։ Զուգահեռ աշխատում էի նաեւ Թումոյում՝ նորից նկարչության ոլորտում։ Ինձ համար հետաքրքիր էր դասավանդման ընթացքը, որովհետեւ աշակերտներին սնուցելով, աճեցնելով ինչ-որ տեղ ես տանում, ուղղորդում ես, ճանապարհ ես անցնում իր հետ ընկերոջ նման ու ինչ-որ կետից թողնում ես, որ այդ ճանապարհը միայնակ անցնի»:


Չնայած՝ երիտասարդ տարիքից է սկսել դասավանդել, փորձը շատ է կարեւորում, ասում է՝ այն ուրիշ գիտակցության է բերում. «Տարիների ընթացքում շատ բան է փոխվում: Ազդեցությունները, որոնք տեղի են ունենում մեր կյանքի վրա, պետք է շատ արագ մարսել, վերածնվել ու գնալ առաջ, մտնել նոր փորձառության մեջ։ Ես արագ եմ անցնում որոշ էտապներ, փոխվում եմ արագ, բաց եմ նոր բաներ սովորելու համար, ու դա է օգնել ինձ, որ կարողանամ դասավանդել»։

Մուսային չի ապավինում նկարելու համար. «Իմ գործը գիտելիքիս արդյունքն է, ոչ թե այդ պահի իմ զգացողության. կարող եմ ցանկացած պահի նստել կտավի առաջ ու նույն որակով աշխատել: Էմոցիաներն, իհարկե, ունեն ազդեցություն, բայց ոչ՝ շատ։ Միակ բանը, որը կարող է շեղել ինձ, մտքի բաժանումն է մարմնից։ Անձնական եւ, երբեմն, երկրում առկա խնդիրների պատճառով գործը կարող է անիմաստ դառնալ այդ պահին»։

Նարեկը կարծում է՝ արվեստը կամ ինչ-որ բան նկարելը կենսական կարեւորություն չունեն, որովհետեւ նկարիչներն ուղղակի կրկնօրինակում են իրականությունը։

«Երբ փուշ ենք նկարում, դա քեզ չի ծակի, կամ եթե աթոռ ենք նկարում, դրա վրա չես նստի, նկարված ծաղկից հոտ չի գալիս, նույնիսկ քանդակն իրականության եռաչափ կրկնօրինակ է։ Մենք կրկնօրինակում ենք իրականությունը, հետեւաբար, ինքն անիմաստ է, կեղծիք է, եւ ժամանակակից արվեստը պահանջ ունի այս կեղծիքը արդարացնելու, իսկ դա անելու ձեւը մեկնությունն է կամ «կոնցեպտուալ» կոչվածը, երբ դու մտքեր ես տալիս դրանց, բացատրում ես: Այդ մտքերը արդարացնում են քո կեղծ արվեստի կեղծ լինելը»։


Նկարիչն այսպես բացատրեց այն երեւույթը, որ երբ գնում ենք ժամանակակից արվեստի թանգարան, երբեմն ավելի շատ տեքստ ենք տեսնում, քան աշխատանքներ, որովհետեւ դրանք չհասկացվելու միտում ունեն, բացատրություն է անհրաժեշտ։ Սա է պատճառը, որ Նարեկը հիմա ավելի շատ փորձում է իր աշխատանքները տանել վավերագրության ժանր, որովհետեւ այս ժանրն արդարացումների կարիք չունի. ուղղակի ֆիքսում կամ դիտարկում է դրվագն ու վերարտադրում իրականությունը։

«Քանի որ զգայական մակարդակի նկարիչ չեմ, չեմ կարող խմել, ծխել, որ պայծառանա միտքս, սկսեմ ստեղծագործել․ չէ, իմ իդեան կյանքն է։ Ինչ տեղի է ունենում իմ շուրջը, դա եմ նկարում, ինձ դիտարկում եմ որպես դիտորդ. նկարիչ չեմ խոշոր հաշվով։ Նկարչությունն ինձ համար մեդիա է, որի միջոցով արտահայտվում եմ: Ուղղակի իրականությունը ֆիքսելու խնդիր եմ զգում, բայց դա չի նշանակում, որ չեմ վայելում ընթացքը։ Նկարչության մեջ շատ հաճելի պահեր կան։ Երբ աշխատանքից հետո նկարի միջի հայացքը նայում է քեզ, աննկարագրելի զգացում է»։

Անհատական մի քանի ցուցահանդես է ունեցել Նարեկը։ Պատմում է, որ երկրորդից հետո մի քանի տարի դադար է վերցրել. չէր կարողանում ու չէր ուզում նկարել։ Ու այդ դադարները հաղթահարելու միակ տարբերակը աշխատելն է: Ասում է՝ նույնիսկ չաշխատելն ինքնին աշխատել է։

«Բրյուսելում ծրագրի էի մասնակցում, բայց տեղանքը փոխելիս դժվար է ստեղծագործելը. պիտի ճանաչես տեղանքը, տեղանքը պետք է ճանաչի քեզ, ու մեկ ամիսը քիչ է դրա համար: Մեծ կտավ ունեի, փորձում էի նկարել։ Միստիկ կտավ էր. ինչ տարբերակով փորձում էի ամրացնել, չէր ստացվում: Ու այդքան փորձերից հետո հասկացա, որ ուղղակի պետք է դուրս գալ տնից ու զբոսնել, վայելել ժամանակը, նայել՝ ոնց են մարդիկ ապրում, ինչպիսին է անձրեւը, ի դեպ, ուրիշ ձեւ ունեին կաթիլները։ Գործի կարեւոր հատվածներից մեկն է դիտարկելը, դադարը, եւ այն օգնում է աշխատանքային ճգնաժամը հաղթահարելու հարցում»։


Նոր ծրագրի շրջանակում գյուղեր է գնում նկարիչը, խոսում երեխաների հետ, նկարում. «Յուրաքանչյուր մարդու հետ լեզու գտնելու համար պիտի փորձես քեզ զգալ իր մաշկում։ Մշակութային տարբերություններ էլ կան. արեւմտյան մշակույթն ավելի արտահայտված է հայկական որոշ գյուղերում, ու դա ինձ ավելի մոտ է»։

Նաեւ պատմեց, որ իրենց տանը սովորականից ավելի ցածր սեղան կա, սիրում է բարձ դնել, նստել հատակին ու նոր սնվել։ Փայտիկներ է օգտագործում սնվելիս, որովհետեւ դրանք փայտից են պատրաստված, բնական են ու ասես մատների շարունակությունը լինեն. «Ինչ-որ շարժում ենք անում սնունդ վերցնելու համար, ու դա ինձ հետ ավելի ներդաշնակ է, լավ եմ զգում այդպես: Չեմ ուզում պատառաքաղի, երկաթի պես միջնորդ ունենալ իմ ու սննդի միջեւ»։

Տեքստը՝ Միլենա Սարգսյանի
Լուսանկարները՝ հեղինակի եւ նկարչի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին