×


Սեղանի շուրջ՝ «Վատ շրջապատի» հետ. կնոջ կերպարով տղամարդը, հղին եւ երջանկության որոնումները

Աշտարակի դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվել է ռեժիսոր Գոռ Մարգարյանի «Վատ շրջապատ» ներկայացմամբ: Դերերում են Քրիստինա Սիմոնյանը (Ջեսսի), Միշա Հակոբյանը (Նինա, Նեյթ), Անահիտ Մանուկյանը (Մարթա), Ջեմմա Ադամյանը (Սյու), Ամալ Դոլուխանյանը (Քլար) եւ Մարիամ Ալեքսանյանը (Լիզ): BRAVO.am-ը թատրոնում «Սեղանի շուրջ» հանդիպել է ներկայացման թիմի հետ:

- Գոռ, դեռ մեկ տարի էլ չկա, որ Աշտարակի թատրոնը գործում է, ի՞նչ եք արդեն հասցրել անել ու ի՞նչ կա առաջիկա պլաններում:

- Մեծամիտ կհնչի, բայց լուրջ հայտ ենք ներկայացրել հայկական թատերական աշխարհում: 2 պրեմիերա ենք ունեցել՝ մանուկներին ուրախացրել ենք «Ամանորը Մումի հովտում» ներկայացմամբ, վերջերս էլ հանձնել «Վատ շրջապատը», իսկ «Բովանդակության» պրեմիերան ավելի վաղ էր: Այս ամիս էլ հագեցած գրաֆիկ ունենք, ներկայացումներից զատ, տեղի է ունեցել թատրոնի երաժշտական ղեկավար Նարեկ Կոսմոսի «անց 48» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսված է «Լյուսիեն Լյուկ»-ի պրեմիերան: Դեռ շատ գործեր ունենք անելու, հուսամ՝ ամեն ամիս նորություն կունենանք:

Մարիամ. Իսկ դա նշանակում է, որ մենք ամռանը չենք հանգստանալու (ծիծաղում ենք,-հեղ.) :

- Ինչպե՞ս է այս թատրոնը հայտնվել ամեն մեկիդ կյանքում:  

Միշա. Առաջիններից եմ առաջարկ ստացել թատրոնում աշխատելու: Սկզբում փոքր քայլերով ենք սկսել ու Աշտարակի 4 գյուղերի երեխաների համար ամառային թատերական ճամբար անցկացրել: Երեխաները, քիչ ծանոթ լինելով թատրոնին, այնքան հետաքրքրությամբ միացան մեզ: Որքան էլ տեղի բնակիչները գնան Երեւան կամ այլ քաղաքներ ներկայացում դիտելու, ամեն տարածաշրջան իր թատրոնը պետք է ունենա: Հենց այդպես էլ ամեն ինչ սկսվեց:

Ամալ. Ես համեմատաբար ավելի ուշ եմ միացել, առաջինն ինձ տպավորել է հանդիսատեսի արձագանքը, ինչն անընդհատ ոգեւորում էր: «Բովանդակության» դերասաններին ճանաչում էին ու սիրում, հետո մեզ էլ սկսեցին նույն կերպ վերաբերվել: Առիթը բաց չէին թողնում իրենց նորից թատրոն պարգեւելու համար շնորհակալություն հայտնել:

Քրիստինա. Միշայի հետ եմ եկել Աշտարակի թատրոն: Երբ հետ հայացք եմ գցում, տեսնում եմ, թե որքան մեծ քայլերով ենք առաջ գնացել: Մեր ձեռքերով կամաց-կամաց կառուցել ենք թատրոնն ու դեռ շարունակում ենք: Նույնիսկ միասին բեմն ենք ներկել եւ հարդասենյակները սարքել:

Մարիամ. Ուշ եմ միացել թիմին ու այդ քարը քարին դնելուն չեմ մասնակցել, հիմա եմ փորձում բացը լրացնել:

Գոռ. Դեռ շատ քարեր կան դնելու, մի մտածիր:


- Գոռ, այս ներկայացումն այնքան էլ հատուկ չէ Ձեր ոճին: Ինչո՞ւ եք այս անգամ որոշել կատակերգություն բեմադրել ու ինչպե՞ս եք ընտրել կազմը:

- Հիմա համազգային դեպրեսիա ունենք, եւ մտածեցի փորձել մարդկանց մի քիչ թեթեւացնել հոգսից ու խնդիրներից: Այս կազմով արեցի, քանի որ բոլորն էլ շնորհալի երիտասարդներ են ու, Ջեմմայից բացի, ավարտել են իմ արվեստանոցը: Առհասարակ, Գյումրու թատրոնի հետ բարեկամական հարաբերություններ ունենք եւ հաճախ ենք համագործակցելու եզրեր գտնում: Այնպես որ, Ջեմման արդեն նաեւ Աշտարակի թատրոնի դերասանուհի է:

- Ինչպիսի՞ն էին ձեր արձագանքները, երբ իմացաք՝ Գոռը բեմադրում է «Վատ շրջապատն» ու դուք էլ եք խաղալու:

Մարիամ. Խաղալու առաջարկը Գոռն ինձ արել է մեր տանը, Ամալյան էլ էր ներկա:  Մտածելու ժամանակ չունեի էլ ու միանգամից համաձայնեցի: Իսկ երբ իմացանք, թե ովքեր են ներգրավված, ավելի շատ ուրախացանք (ծիծաղում ենք,-հեղ.): Մինչ այդ 5 տարի դադար էի ունեցել ու չէի խաղացել թատրոնում:

Ամալ. Իսկ ես սպասում էի առաջարկի. գիտեի, որ նման ներկայացում է բեմադրվելու եւ մտածում էի՝ տեսնես ես կլինե՞մ:

Քրիստինա. Ինձ համար անակնկալ չէր, որովհետեւ մենք ամեն օր պիեսներ էինք կարդում ու բեմադրելու համար գործեր փնտրում:

Միշա. Ներկայացման մեջ իմ մարմնավորած Նինայի կերպարը միասին ենք ստեղծել (ծիծաղում ենք,-հեղ.): Ամեն մեկից մի բան եմ քաղել, շատ է օգնել նաեւ ներկայացման երկրորդ ռեժիսոր Գեւորգը: Երբ տղամարդը կնոջ է մարմնավորում, վտանգ կա գռեհկության սահմանն անցնել, դերասանը կարող է այդ ամենը չզգալ, բայց այդ դեպքում ռեժիսորը պետք է նրան ուղղություն ցույց տա ու պատնեշներ դնի, որոնցից այն կողմ անցնել չի կարելի: Գոռին լիովին վստահում էի, այլ ռեժիսորի հետ չէի համաձայնի նման ռիսկի դիմել: Մեր կյանքում միշտ թեթեւ լինելու պակաս ենք զգում, Նինան կարողանում է ցանկացած իրավիճակի հումորով վերաբերվել ու շատ լուրջ չլինել:

Գոռ. Երեխաներ, հետո չեմ ծեծելու, հանգիստ խոսեք (ծիծաղում ենք,-հեղ.):

- Գոռ, ինչի՞ց սկսվեց ստեղծագործական ընթացքն ու ինչպիսի՞ն էին համատեղ աշխատելու եւ կերպարները ստանալու փորձերը:

- Ամեն բան արվել է շատ մեծ արագությամբ ու բավական կարճ ժամկետում ենք ստացել ներկայացումը: Ուզում էի կանանց տոնին ընդառաջ նվեր լինի նրանց համար: Մարտի 8-ին պրեմիերան անելն անհավատալի էր թվում, որովհետեւ փորձերը սկսել ենք փետրվարի 1-ին: Բայց մոտիվացիան շատ կարեւոր բան է, երբ ստեղծագործական մտքերից ու դրանք իրագործելուց բացի, նաեւ թիմին ես կարողանում ոգեշնչել, ամեն ինչ ստացվում է: Իսկ մեր թիմը տարբերվում է, քանի որ բացառապես երիտասարդներից է բաղկացած, ինչը նշանակում է երկու անգամ ավելի շատ խանդավառություն եւ օգտակար գործողություններ, բացի այդ էլ, մեզ մոտ միշտ ուրախ է: Քանի որ Միշան էլ անդրադարձավ Գեւորգ Մարգարյանին, նա մեր ստվերային հերոսն է ու թատրոնի ամուր սյուներից մեկը, շատ բան նաեւ նրա շնորհիվ է կառուցվում, ինչի համար շնորհակալ ենք նրան:


- Ինչպե՞ս գտաք ձեր կերպարներին բնորոշ հատկանիշները, արդյո՞ք Ձեզնից էլ որեւէ բան տվեցիք ու որքա՞ն հեշտ սիրեցիք:

Քրիստինա. Իմ կերպարը շատ եմ սիրում, բայց ում էլ մարմնավորեի, այդպես էի վերաբերվելու. միշտ արդարացնում եմ իմ հերոսներին, անգամ եթե մարդասպան են (ծիծաղում է,-հեղ.): Կարծում եմ՝ Ջեսսի հետ ընդհանուր կողմեր ունենք, երկուսս էլ պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա եւ ոչ մեկին չենք վստահում: Բայց միեւնույն ժամանակ էլ՝ նման չենք, ինչը նրան ստանալու ընթացքն ավելի հետաքրքիր է դարձրել:

Մարիամ. Երեւի ամենաուշն ու ամենադժվարն եմ սիրել Լիզին, միայն պրեմիերայի օրն եմ նրան ջերմ վերաբերվել: Համարձակությունս չէր հերիքում Գոռին ասել, թե ինչ եմ զգում, եւ Գեւորգի հետ էի կիսվում (ծիծաղում է,-հեղ.): Ինչ անում էի, ոչ մի կերպ չէր ստացվում, բաց երբ սկսեցինք բեմում աշխատել, օրգանիզմս միանգամից ստեղծագործեց: Շնորհակալություն բոլոր խաղընկերներիս ու նաեւ ռեժիսորին, որ իրենց խորհուրդներով ինձ օգնել են: Ասում են՝ Լիզն ինձ նման է, բայց ինքս այդպես չեմ կարծում (ծիծաղում ենք,-հեղ.): Նա ժպտերես է, կենսուրախ, ինչպես եւ ես: Ինչ-որ առումով նաեւ հիմարիկ ու ոչ կայուն աղջիկ է, բայց ես այդպիսին չեմ:

Ամալ. Ես էլ վերջին շրջանում եմ սիրել Քլարին, երբ հասկացել եմ, թե նրանից որքան բան ունենք սիրելու՝ կենսուրախ է, գիտի՝ ինչպես կյանքը վայելել ու արժեւորել: Այդ առումով նման ենք, բայց դեռ շատ բաներ կան, որ փորձում եմ սովորել նրանից: Կերպարն ավելի շատ սկսեցի զգալ ու սիրել, երբ արդեն ունեցանք հղիի փորը (ծիծաղում ենք,-հեղ.): Մտածում էի՝ ինչ հետաքրքիր է, իմ կյանքի որոշակի փուլում լինելու եմ այդ կարգավիճակում, բայց արդեն հիմա պետք է զգամ նրա ապրումները: Փորը շատ ուրիշ զգացողություններ բերեց իր հետ. երբ փորձերի ժամանակ երեխաները մի քիչ անզգույշ էին լինում, ամեն կերպ փորձում էի փոքրիկին պաշտպանել:

Քրիստինա. Անկեղծ՝ փորի շնորհիվ բոլորս ենք յուրահատուկ զգացողություններ ունեցել:

Ամալ. Փորձերից հետո տուն գնալիս Անահիտին միշտ թվում էր, թե դեռ հղի եմ: Հանդիսատեսն էլ հավատում էր, որ փոքրիկի եմ սպասում, որովհետեւ հղիներին հատուկ ձեւով էի քայլում՝ ոտքերս լայն դնելով, ծանր քայլելով: Հղիներին միշտ եմ ուսումնասիրել՝ չիմանալով, որ մի օր դերի համար պետք է գալու: Նրանց շատ հարգանքով եմ վերաբերվում, քանի որ 9 ամիսների ընթացքում իսկական հրաշք են գործում:

Գոռ. Սա կատակերգության ժանրում բոլորիս նորամուտն էր: Կարծում եմ՝ ներկայացման հիմնական ասելիքը փոխանցելու բեռը Ամալյայի ուսերին էր, եւ նա դա անում է իր կերպարի ազատ մտածելու ու ազատ ընտրելու ունակության շնորհիվ:

- Միշա, ինչպե՞ս էր կնոջ կերպարի մեջ մտնելն ու մեր մասին ի՞նչ իմացաք նորովի:

- Ամենաառաջին բարդությունը ձայնը գտնելն էր, չեմ ասի, թե հաջորդ բարդությունը բարձրակրունկների վրա քայլելն էր. արդեն բավական լավ է ստացվում, (ծիծաղում ենք,-հեղ.): Երբ առաջին անգամ զգեստը հագա, հենց նույն օրը պատռեցի. տեսարաններից մեկում Ջեսսին ինձ հրում է, եւ ընկնելիս կրունկով զգեստը վնասեցի: Ռեժիսորը զայրացավ, ու բոլորս նեղվեցինք:  

Գոռ. Որովհետեւ մի կերպ էինք նրա համար այդ զգեստը գտել:

Միշա. Բայց մեր պրոֆեսիոնալ դերձակն այնպես վերականգնեց, որ ոչինչ հնարավոր չէ նկատել:

Մարիամ. Բա, ոտքիդ հետ կապված փորձանքը:

Միշա. Զգեստափոխվելու համար 7 րոպե ունեմ ու երբ վազեցի կուլիսներ, ոտքս դրեցի ծանրաքարին եւ ոլորեցի, անտանելի ցավ ունեի, կարծում էի՝ կոտրել եմ, բայց ներկայացումը բարեհաջող խաղացի: Չէի ասի, թե Նինային խաղալը բարդ է, որովհետեւ, առհասարակ, մարդկանց շատ եմ հետեւում, բացի այդ, իմ ընտանիքում էլ կանայք գերակշիռ մասն են կազմում, ուսումնասիրելու նյութ միշտ ունեմ:


- Թեեւ Անահիտն ու Ջեմման մեզ հետ չեն, բայց նրանց էլ անդրադառնանք՝ ինչպե՞ս են աշխատել թիմի հետ ու ընդհանուր լեզու գտել:

Գոռ. Հենց սկզբում դերաբաշխում անելիս Անահիտին ներգրավել էի ներկայացման մեջ, թեեւ հետո մտածում էի նրան մոդելի կերպարը տալ, բայց հրաժարվեցի այդ մտքից: Ինձ շատ հաճելի է եղել աղջիկների ու Միշայի հետ աշխատել, փորձերի ընթացքը շատ հարթ է անցել: Ջեմմային ամենալավը ես էի ճանաչում, իմ ընկերն է ու անհանգիստ էի, թե մյուսներն ինչպես կընդունեն նրան: Ամենամեծ մտավախությունս Ջեմմային չնեղացնելն ու նրա համար որեւէ խոչընդոտ չստեղծելն էր: Տարաձայնություններ ու կոնֆլիկտներ չեմ սիրում, ուզում էի մերվի ու մեր թիմի մի մասը դառնա, եւ ծանոթանալուց կես ժամ անց արդեն մտերմացել էին ու հիմա լավ ընկերներ են:

Միշա. Երբ գնում ենք Գյումրու թատրոն, այնպիսի ջերմություն ու աննկարագրելի տպավորություններ ենք ստանում, դրա համար շատ էինք ուզում նույն կերպ էլ Ջեմմային ընդունել: Շատ մեծ պատասխանատվություն էինք զգում, ցանկանում նրա համար սուրճ պատրաստել ու ամեն ինչ անել, որ իրեն լավ զգա:

Մարիամ. Թատրոնում խաղալու Ջեմմայի փորձը ոչ մեկս չունենք:

Գոռ. Նա արդեն երկար տարիներ Գյումրու դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհիներից է: Բոլորին նախապես ասել էի, որ պիտի այնպես անենք, որ իրեն հյուր չզգա: Անահիտը նույնպես ավարտել է իմ արվեստանոցը, Ամալյայի, Միշայի եւ Քրիստինայի համակուրսեցին է, Մարիամը մի քիչ ավագ է: Անահիտը հիմնականում զբաղված է եղել իմ ներկայացումներում եւ դիպլոմային աշխատանքներում, նրա նորամուտը Տիկնիկային թատրոնում էր, իսկ Մարիամը պրոֆեսիոնալ թատրոնում առաջին անգամ խաղաց:

- Իսկ ինքներդ երբեւէ վատ շրջապատ ընկե՞լ եք ու ինչպե՞ս դուրս եկել (ծիծաղում ենք,-հեղ.):

Գոռ. Ես շարունակում եմ վատ շրջապատում մնալ (ծիծաղում ենք,-հեղ.):

Միշա. Ինստիտուտ ընդունվելուց հետո, գոնե մեր բարեկամների կարծիքով, մենք ընկել ենք վատ շրջապատ:

Մարիամ. Բոլորս էլ ունենք մեր վատ շրջապատը: Այլ թատրոնում ներգրավված լինելու վատ փորձ եմ ունեցել եւ այստեղ հասկացել, թե որքան կարեւոր է սեփական ես-ն առաջին տեղում չդասել: Ողջ ընթացքում մեկ գծի վրա ենք եղել ու միմյանց փորձել օգնել:

- Ի՞նչ եք համատեղ աշխատանքի ընթացքում սովորել իրարից ու հասկացել միմյանց մասին:  

Ամալ. Ամբողջովին հասկացել ու գիտակցել եմ, որ բոլորս ենք սխալվում:

Գոռ. Հանդիսատեսն ամեն ինչ տեսնում է պատրաստի վիճակում, մինչդեռ վարագույրի հետեւում բավական թեժ կրքեր են մնում, դերերի համար կռիվներ ու ինտրիգներ: Անձամբ ինձ հետ ինչ ասեք՝ չի պատահել՝ մինչեւ իսկ ներկայացումից առաջ ռեկվիզիտն է անհետացել: Մինչդեռ Գյումրիում աշխատելու ժամանակ տեսել եմ, թե ինչպես է պետք այդ ամենն արմատախիլ անել, առողջ եւ կառուցողական մթնոլորտ ստեղծել: Նույն կերպ էլ մենք ենք փորձել առողջ հիմքեր դնել, դրա համար Աշտարակի թատրոնում ինտրիգներ չեն լինում:

Մարիամ. Գոռն ուղղակի կարողանում է մարդկանց ճանաչել ու ընտրում է նրանց, ում հետ ցանկանում է աշխատել՝ իմանալով նրանց լավ ու վատ կողմերը:  


- Ինքներդ Ձեզ համար ի՞նչ եք քաղել ու կարողացել վերցնել որպես դերասաններ:  

Գոռ. Դեռ բերում են, չեն տանում (ծիծաղում ենք,-հեղ.):

Մարիամ. Քանի որ իմ կյանքում ունեմ այս «Վատ շրջապատը», հասկացել եմ, որ բոլորս ենք սխալվում, ու եթե այդ մարդիկ քեզ համար կարեւոր են, ցանկանում ես մնան քո կյանքում, պետք է ներես ու առաջ անցնես:

Քրիստինա. Հասկացել եմ ու ինձ համար էլ ընդունել, որ հաճախ մենք երջանկությունը դրսում ենք փնտրում, բայց իրականում այն շատ մոտէ: Ջեսսին էլ է վերջում դա հասկանում, ու որպես Քրիստինա՝ նրանից սովորել եմ: Մեզ պետք չեն հեռավոր երկրներ ու կարիերա, մարդկային ջերմության կարիք ունենք, որը հաճախ չենք գիտակցում:

Միշա. Աղջիկներից բոլորը կողակցի խնդիր ունեն, ու միայն Ջեսսիի կողքին կա Նեյթը, բայց նա այդ երջանկությունը չի գնահատում: Ներկայացումից հետո եմ հասկացել, որ ուրախ, թռվռուն, թեթեւ ու անհոգ թվացող կանայք իրականում ներքուստ շատ խնդիրներ ունեն: Նրանք կարողանում են դրանք ավելի պինդ եւ ուժեղ հաղթահարել, քան տղամարդիկ:  

Ամալ. Քլարն ընդունում է կյանքի տված պայմաններն ու մարտահրավերները եւ հաղթահարում դրանք: Շատ ուսուցողական է ինձ համար:

Քրիստինա. Ռեալիստ է եւ ճիշտ է մոտենում կյանքին:

Մարիամ. Բայց նա էլ իր կյանքում է սխալ: Երբ ձգտում ենք ամեն ինչում ճիշտ լինել, չենք նկատում, որ սեփական կյանքում ենք սխալվում:

Քրիստինա. Հանդիսատեսը, ամեն մեկից մի քիչ վերցնելով, իդեալական կերպար կստեղծի  (ծիծաղում ենք,-հեղ.):


- Իսկ ձեր կյանքում նման իրավիճակներ եղե՞լ են, որ սովորական հավաքույթը վերածվի ինքնաբացահայտման ու խոստովանությունների երեկոյի:

Միշա. Այս անձնակազմով չէ, բայց պատահել է:

Գոռ. Իհարկե, լինում են: Միշա, Տաթեւի ծնունդը մոռացա՞ր, որ հենց այս անձնակազմով էլ եղել է (ծիծաղում ենք,-հեղ.):

Մարիամ. Ես նման իրավիճակներում Մարթան եմ լինում ու բոլորին ճշմարտությունն ասում:

Միշա. Միշտ վերլուծում ենք, թե մեր շրջապատում ով ում կերպարով է լինում:

Գոռ. Ես էլ բոլոր տեղերում Մարթայի պես եմ վարվում:  

- Այսինքն՝ բոլորս մի քիչ Մարթա՞ ենք:  

Գոռ. Սովորաբար, արվեստով ու թատրոնով վառ անհատականություն ունեցող մարդիկ են զբաղվում, դրա համար են նաեւ ինտրիգները շատ լինում: Բախումներից խուսափել չի ստացվում, դրա համար էլ անհնար է, որ ամեն թատրոն իր Մարթան չունենա:  

Քրիստինա. Մեր թատրոնի կարգախոսներից մեկն այն է, որ սեփական հավակնությունները դնում ենք մի կողմ ու աշխատում ի շահ ներկայացման: Հանդիսատեսը վերջնարդյունքի համար է գալիս թատրոն:

- «Վատ շրջապատ»-ի ո՞ր տեսարանն եք ամենաշատը սիրում:

Մարիամ. Ես վերջն եմ սիրում՝ Ամալյայի մենախոսությունից սկսած:

Գոռ. Ես էլ բոլոր մենախոսություններն եմ սիրում, Մարիամի ու Միշայի տեսարաններն են հուզիչ, երբ հարվածում է սրտին ու ասում. «Այստեղ ցուրտ է» (ցույց է տալիս,-հեղ.): Բոլորս էլ հուզվել ենք այդ տեսարանի ժամանակ:

Միշա. Այդ ամենը զգալով եւ հուզվելով եմ խաղացել, որովհետեւ այստեղ իրոք ցուրտ էր: (ծիծաղում ենք,-հեղ.):

Քրիստինա. Ես կառանձնացնեի մեր պարելը, որովհետեւ շատ բնական է ստացվում: Երբ հավաքվում ենք ու անկախ նրանից՝ ինչի մասին խոսում, հետո միացնում ենք երաժշտությունն ու ամեն ինչ մոռանում:

Ամալ. Թեեւ սովորաբար լավ ավարտներ չեմ սիրում, բայց մեր պարագայում նման վերջաբանը ճիշտ է:

Քրիստինա. Որովհետեւ ամեն դեպքում կյանքը շարունակվում է:

Գոռ. Նաեւ ներկայացման ձեւավորումն եմ հավանում՝ մինիմալիստական ու գեղեցիկ, ինչի համար շնորհակալ ենք թատրոնի գլխավոր բեմանկարչին՝ Նելլի Բարսեղյանին: Նա կարճ ժամանակում կարողացել է փոքր դետալներով ստեղծել տոնական ու թանկ ձեւավորում:


- Ի՞նչի մասին է ներկայացումը. ասեք մեկ բառով ու իրար չկրկնելով:

Միշա. Հոգատարության:

Ամալ. Ներողամտության:

Քրիստինա. Ներքին ներդաշնակության:

Գոռ. Սիրո:

Մարիամ. Ես էի ուզում ասել, այդ դեպքում՝ ընկերության:

- Ի՞նչ հարց կտաք կամ ի՞նչ կուզեք ասել ձեր կերպարներին (ծիծաղում են,-հեղ.):

Մարիամ. Ինչպես յուրաքանչյուր աղջկա, այնպես էլ իմ կերպարին կասեմ՝ քեզ ճիշտ ճանաչիր ու գնահատիր:  

Միշա. Նեյթին կասեի՝ եթե քեզնից ինչ-որ մեկն ամաչում է, թող ու գնա:

Մարիամ. Ես էլ այդ դեպքում խորհուրդ կտայի ոչ մի տղայի համար չարտասվել, քանի որ դրան արժանի չէ (ծիծաղում է,-հեղ.):

Ամալ. Կասեի՝ ամեն ինչ ճիշտ է:

Քրիստինա. «Ջեսսի, թուլացիր, կյանքը քեզ սիրում է, վայելիր այն, շատ մի կարդա ու ամեն ինչ մի վերլուծիր»: Նույնն էլ ինձ խորհուրդ կտայի:

Գոռ. Փորձում եմ ներակայցումներիս ու կերպարների միջոցով չսահմանափակել մարդկանց, նամակներ եմ գրում նրանց, թող իրենք էլ գտնեն պատասխանները: Երբ նոր էի թատրոնում սկսել քայլերս, ներկայացում էի բեմադրել ու համարում էի՝ այն մեկ այլ բանի մասին է, բայց հանդիսատեսն ավելի դիպուկ եւ խորաթափանց էր գտնվել, բացել էր նույնիսկ տողատակերն ու հասկացել մանրամասները:

Քրիստինա. (Երբ արդեն երբ ձայնագրիչն անջատված է, պատմում է մի յուրահատուկ սովորության մասին,-հեղ.): Միշտ մտածում եմ բոլոր կերպարներիս ապագայի մասին՝ թե ինչպես նրանց կյանքը կդասավորվի: Ջեսսիի պարագայում էլ մտածել եմ, թե Նեյթի հետ քանի երեխա կունենան, ինչպես կապրեն միասին ու նույնիսկ, թե ինչպես կմահանա: Շատ հետաքրքիր ընթացք է. մանկությունից սկսած կերպարիս կյանքն ամբողջութամբ գիտեմ:

Միշա. Ես էլ մտածում եմ, որ հետո էլի երեկույթ կլինի ու Նեյթը ստիպված կլինի նորից կանացի զգեստ հագնել, եւ այս պատմությունը շարունակություն կունենա:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին