×


Ֆեշն-մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի բացառիկ դասընթացը Երեւանում բուռն է անցել

Նորաձեւության ոլորտի հայ գործարարներ, մարքեթինգի եւ վաճառքի բաժնի ղեկավարներ, հագուստի օնլայն վաճառքով զբաղվող անհատներ եւ մի շարք դիզայներներ օրերս հավաքվել էին մեկ հարկի տակ՝ մասնակցելու Աննա Սալոմեի «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով բացառիկ դասընթացին: Այն իր ձեւաչափով ու բովանդակությամբ առաջինն էր Հայաստանում. Աննան որոշել էր իր կուտակած փորձով ու գիտելիքներով կիսվել ծանոթ ու անծանոթ գործընկերների հետ: Ավելի քան հինգ ժամ տեւած դասընթացին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է միջոցառման ընթացքն ու զրուցել Աննա Սալոմեի եւ դասընթացի մասնակիցների հետ:

Աննա Սալոմեն


Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարքեթինգային ռազմավարություն մշակելու եղանակները, մրցակցային միջավայրն ուսումնասիրելու գործիքակազմը, նորաձեւության շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու տարբերակները եւ այլն: Մասնակիցները նաեւ ծանոթացան նորաձեւության հայաստանյան շուկային ու այն գործիքներին, որոնք թույլ են տալու ձեւավորել սեփական բրենդը, ճիշտ դիրքավորվել շուկայում ու մեծացնել սեփական մասնաբաժինը: Ընդհանուր առմամբ՝ դասընթացի մասնակիցների թիվը 110 էր, նրանց շարքերում կային նաեւ հրավիրված հյուրեր ու հայտնի դիզայներներ:

Միջոցառման ավարտին Աննայից հետաքրքրվեցինք՝ արդարացան արդյոք իր սպասելիքները, եւ հնարավոր է՝ առաջիկայում լինեն նոր դասընթացներ թեմայի շրջանակում: Նորաձեւության մարքեթինգի մասնագետն ասաց, որ իր սպասելիքներն ամբողջապես արդարացել են՝ չնայած ռիսկերին ու դժվարություններին. «Միջոցառումը նախաձեռնելիս ես գիտեի, որ բավական մեծ ռիսկի եմ դիմում լսարանի տեսանկյունից՝ համատեղելով գործարարներին, որոնք հրաշալի հասկանում են բիզնեսից, բայց լավ չեն զգում նորաձեւության շունչը, ինչպես նաեւ դիզայներներին, ովքեր նորաձեւություն են ստեղծում, սակայն բիզնես մտածելակերպ չունեն: Բավական հաջող ստացվեց, քանի որ գտանք այն ոսկե միջինը բովանդակության առումով, որ կգոհացներ թե՛ մեկին, թե՛մյուսին»:

«Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով դասընթացին


Աննան մեր զրույցում տեղեկացրեց, որ դասընթացի մասնակցության տոմսերն ամբողջությամբ վաճառվել էին հանդիպումից դեռ մի քանի օր առաջ: Ինչ վերաբերում է հայտնի հյուրերին ու դիզայներներին, ապա վերջիններիս համար ելույթի խոսք նախատեսված չէր օրակարգով, սակայն հանդիպման ինտերակտիվ հատվածում լայն քննարկում ծավալվեց նրանց ու մասնակիցների միջեւ: Շատերը մոտենում ու հարցնում էին, թե ինչպես ճիշտ դիրքավորեն իրենց բրենդը հայաստանյան շուկայում, ինչպես թիրախավորեն եւ ում հետ համագործակցեն: Պետք է նկատել, որ լսարանի ակտիվությունն ու հետաքրքրությունն այս հատվածում շատ ավելի մեծ էր:

Աննա Սալոմեն պատմեց, որ դասընթացի ավարտին բազմաթիվ դրական կարծիքներ է լսել մասնակիցներից, ովքեր գոհունակություն են հայտնել հատկապես ընտրված բովանդակությունից ու կազմակերպչական աշխատանքներից. «Հետաքրքրականն այն էր, որ ասում էին՝ առաջին անգամ գովազդը տեսնելով` մտածել են, թե ես դրսից հրավիրված բանախոս եմ: Ըստ երեւույթին` շփոթության է մատնել անունս: Առաջին մեկնաբանությունները եղել են հենց միջոցառման մարքեթինգի վերաբերյալ: Եթե մաստեր-կլասի գովազդային արշավն ինքնին հետաքրքիր չլիներ, մարդկանց մոտ պարզապես մասնակցության տոմս ձեռք բերելու որոշումը չէր հասունանա: Դասընթացի մասին մեկնաբանություններն ավելի հաճախ վերաբերել են կառուցվածքին ու թեմաների ընտրությանը: Անգամ անձնակազմի աշխատանքին է անդրադարձ եղել, թե որքան ուշադիր էին նրանք»:

«Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով դասընթացին


Դասընթացի մասնակիցներից Արգինե Գեւորգյանը, ով երկու տարուց ավելի է՝ հիմնադրել է հագուստի իր սեփական ապրանքանիշը, BRAVO.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ գոհ է հատկապես փորձի փոխանակման հնարավորություն ստանալու համար. «Ես շատ ինֆորմացիա ստացա թե՛ հայաստանյան, եւ թե՛ արտասահմանյան նորաձեւության բիզնեսի վերաբերյալ: Շատ բան իմացա ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերի ճիշտ կառավարման մասին եւ ուրախ եմ, որ կարողացա ոլորտում հաջողության հասած մարդկանց հետ շփվել, զրուցել: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, շատ տպավորիչ էր, ու զգացվում էր, որ Աննան ուշադրություն էր դարձրել յուրաքանչյուր դետալի»,- նշեց Արգինեն:

«Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով դասընթացին


Ինչ վերաբերում է առաջիկայում կրկին նման հանդիպումներ կազմակերպելուն, ապա Աննան եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր նպատակը չէ այս ձեւաչափը շարունակական դարձնել, մասնագիտանալ նման դասընթացներ կազմակերպելու գործում: Ասաց՝ արդեն առաջարկ ստացել է օնլայն կուրսեր կազմակերպելու, սակայն առայժմ նման որոշում չունի.«Այն մարդիկ, ովքեր պարզապես ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը, կարող են օգտվել անձնական խորհրդատվության ծառայություններից»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport