Վերջին տարիներին նորաձեւության ոլորտն իր առաջին քայլերն է անում Հայաստանում զարգացման ուղղությամբ, դրանով հանդերձ՝ դեռ շատ երկար է ճանապարհը կայացած բրենդներ եւ շուկա ունենալու համար: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում չկան նորաձեւության մարքեթինգի մասնագետներ, որոնց շնորհիվ հայ դիզայներները կկարողանային ստեղծել պահանջարկ ունեցող արտադրանք եւ այն հաջողությամբ իրացնել տեղական ու միջազգային շուկաներում:
Այս բացը լրացնելու նպատակով ապրիլի 6-ին կազմակերպվելու եւ անցկացվելու է «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում» թեմայով բացառիկ մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որը վարելու է նորաձեւության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն: Վերջինս հայտնի է հայ մի շարք դիզայներների հետ իր արդյունավետ համագործակցությամբ եւ հատկապես Արամ Նիկոլյանի հետ արված աշխատանքներով: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է առաջիկա սեմինարի մասին եւ հետաքրքիր մանրամասներ պարզել:
Ինչով է առանձնանում նորաձեւության մարքեթինգը
Սալոմեի խոսքով՝ հաճախ դիզայներներն ու բիզնեսի սեփականատերերը մասնակցում են ավանդական մարքեթինգի դասընթացների՝ փորձելով լրացնել գիտելիքների եւ ինֆորմացիայի բացը: Սակայն այդ դասընթացներն անմիջականորեն չեն վերաբերում նորաձեւության մարքեթինգին և նորաձևության շուկային և միայն ծանոթացնում են մարքեթինգի ընդհանուր գործիքներին։ Մինչդեռ նորաձևության մարքեթինգի դեպքում լրիվ այլ են նպատակներն ու գործիքակազմը. «Նպատակներն այս ոլորտում գրեթե միշտ երկարաժամկետ են՝ ի տարբերություն ավանդական մարքեթինգի:
Ընդհանրապես նորաձեւությունն ինքնին մարքեթինգ է, քանի որ այն եզակի ոլորտներից է, որտեղ պահանջմունքները, կարելի է ասել, ամբողջությամբ արհեստածին են։
Մենք մարդուն ուղղորդում ենք գնումներ կատարել. նա սկսում է մտահոգվել, որ, օրինակ, իր տաբատը նեղ է, մինչդեռ հիմա լայն տաբատներն են նորաձեւ, որ այս տարի կանաչն է ակտուալ, բայց ինքը կանաչ ոչ մի բան չունի, եւ այլն»:
Աննա Սալոմեն
Ում համար է նախատեսված դասընթացը
Աննա Սալոմեի խոսքով՝ դասընթացն իր ձեւաչափով ու բովանդակությամբ բացառիկ հնարավորություն է դիզայներների, նորաձեւության ոլորտում գործող ընկերությունների եւ հագուստի խանութ-սրահների սեփականատերերի, մարքեթինգի եւ վաճառքի բաժնի ղեկավարների, հագուստի օնլայն վաճառքով զբաղվող անհատների համար:
«Այս դասընթացն իմ մի քանի տարվա աշխատանքի արդյունքն է: Ցավոք, Հայաստանում չկան նորաձեւության մարքեթինգի մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություններ: Կան մարքեթինգի մասնագետներ առհասարակ, որոնց պատրաստում են ՀՊՏՀ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, բայց բոլոր դեպքերում էլ նեղ մասնագիտացում չկա: Այսինքն՝ եթե դու հետաքրքրված ես այդ ոլորտով, ուրեմն պիտի ինքնակրթությամբ հասնես ուզածիդ:
Ես սովորել եմ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ ավարտական աշխատանքներս գրել եմ նորաձեւության մարքեթինգի թեմայով: Դրանցից առանձին հատվածներ տպագրվել են միջազգային ամսագրերում, դարձել գիտական հոդվածներ:
Այժմ պատրաստ եմ դասընթացի շրջանակում սիրով կիսվել կուտակածս փորձով ու գիտելիքներով»,- նշում է մեր զրուցակիցը:
Դասընթացի ծրագիրն ու մասնակցության պայմանները
Աննան ասում է, որ դասընթացի ընդհանուր տեւողությունը լինելու է 5 ժամ: Այդ ընթացքում քննարկվելու են մարքեթինգային ռազմավարություն մշակելու եղանակները, մրցակցային միջավայրն ուսումնասիրելու գործիքակազմը, նորաձեւության շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու տարբերակները եւ այլն:
«Մասնակիցները ծանոթանալու են նորաձեւության հայաստանյան շուկային եւ ապա՝ այն հստակ գործիքներին, որոնք թույլ են տալու ձեւավորել սեփական բրենդը, ճիշտ դիրքավորվել շուկայում եւ, իհարկե, մեծացնել շուկայի իրենց մասնաբաժինը: Եթե ավելի պարզ ասենք, նրանք սովորելու են տեխնիկաներ, որոնցով կարողանալու են մեծացնել վաճառքի ծավալներն ու շահույթը»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքան է մասնակցության տոմսի արժեքը: Աննա Սալոմեն ասաց, որ մեկ անձի համար այն կազմում է 67 հազար դրամ, սակայն այս պահին գործում է հատուկ առաջարկ. «Մինչեւ մարտի 20-ը տոմս ձեռք բերելու դեպքում արժեքը կկազմի 47 հազար դրամ, իսկ ուսանողները կարող են վճարել 30 հազար դրամ՝ ուսանողական գրքույկը ներկայացնելու դեպքում: Տոմսերի քանակը 100-ն է, իսկ ընդհանուր տեղերինը՝ 120: Այսինքն՝ մյուս 20 հոգին լինելու են իմ գործընկերներն ու հյուրերը՝ շուկայում հայտնի մարդիկ, դիզայներներ»:
Աննա Սալոմեն
Հավելենք, որ շուտով կգործարկվի նաեւ դասընթացի պաշտոնական կայքէջը, որտեղ ցանկացողները կկարողանան օնլայն ամրագրել իրենց տոմսերը: Մինչ այդ տոմսեր կարող եք ձեռք բերել Տերյան 65 հասցեում գործող «5 Concept» եւ Թումանյան 33 հասցեում գտնվող «MADE Fashion Corner» մուլտիբրենդային խանութ-սրահներից։ Ինչպես նաև կարող եք զանգահարել 55/77 73 85 76 հեռախոսահամարներին և միանգամից պատվիրել առաքում։
Դասընթացի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան պաշտոնական «event»-ում:
«Հայաստանյան նորաձեւության շուկան դեֆորմացված է, միջազգային շուկայի ստանդարտներից բավական շեղված: Ուրեմն ինչպե՞ս աշխատել այդ ոչ սովորական շուկայում միայնակ, առանց մարքեթինգի մասնագետների օգնության»,- եզրափակեց Աննան:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Սալոմեն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: