×


Ֆիգարոյի ամուսնական կրքերը Դրամատիկականում

«Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» հայտնի ստեղծագործությունը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում է: Առաջնախաղին ներկա է եղել BRAVO.am-ը՝ լուսանկարելով ինչպես ներկայացումը, այնպես էլ անցուդարձը ետնաբեմում:

Ֆրանսիացի գրող Պիեր Օգյուստեն Կարոն դը Բոմարշեի կատակերգությունը ներկայացվում է ժամանակակից մոտեցմամբ ու պարային պլաստիկ լուծումներով։ Երկու գործողությամբ կատակերգության դերասանական կազմում են՝ Գագիկ Մկրտչյանը/Ֆիգարո/, Լիդիա Գրիգորյանը/Սյուզաննա/, Արտաշես Մխիթարյանը /կոմս Ալմավիվա/, Նարինե Պետրոսյանը/կոմսուհի Ռոզինա/, Նիկոլայ Ավետիսյանը /Անտոնիո/, Լուսինե Հարությունյանը/Մարսելինա/, Լիդա Լեւոնյանը /Քերուբինո/, Էմմա Մկրտչյանը /Ֆանշետտա/, Էրիկ Սարգսյանը/Բարտոլո/, Կարեն Միրիջանյանը եւ Արա Գեւորգյանը։

«Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերային


«Ֆիգարոյի ամուսնության» առանցքում մարդկային կրքերն են՝ սեր, խանդ, շահեր, դավաճանություն, հավատարմություն եւ այլն։ Այս պիեսը բեմադրվել է բազմաթիվ երկրներում, ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր Մոցարտի համար պիեսի սյուժեն հիմք է դարձել համանուն օպերայի ստեղծման համար։ Դրամատիկականում դասական հիմքով հայտնի գործը ժամանակակից մոտիվներով է՝ վառ երանգներով հանդերձներով,  պարային ու երաժշտական դրվագներով։ Թարգմանիչն ու բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է, բեմանկարչական ձեւավորումն արել է Շամիր Շախիրյանը, զգեստների նկարիչը Մերի Սարգսյանն է, պարուսույցը՝ Արիկ Ասատուրյանը։

Ինչպես իրականում, այնպես էլ այս բեմադրության մեջ Գագիկն ու Լիդիան ամուսիններ են։ Գագիկը խառնվածքով իրեն նմանեցնում է Ֆիգարոյին։ Դերասանը վստահ է, որ ներկայացումը տարբերվող է, սակայն գնահատականները թողնում է հանդիսատեսին.«Կարծես, իմ ամենամեծ դերն է, այն իմաստով, որ շատ հայտնի մարդիկ են խաղացել: Իմ ու Ֆիգարոյի միջեւ ընդհանրություններ կան. նա հնարամիտ է, խանդոտ ու ընդվզող, որոշ չափով նման է ինձ, այդ առումով ե՛ւ հեշտ, ե՛ւ պարտավորեցնող կերպար է»:

«Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերային


Ֆիգարոյի սիրելին կենսախինդ Սյուզաննան է, նրանց շուրջ էլ պտտվում են գործողությունները, ու խելահեղ օրվա ընթացքում տեղի ունենում անսպասելի փորձություններ: Սյուզանին մարմնավորում է Լիդիա Գրիգորյանը, ում համար հաճույք է բեմում ապրել իր կերպարների կյանքն ու հաղթահարել տարբեր իրավիճակներ. «Գլխավոր դժվարությունը որպես կերպար Սյուզանին բացելն է. փորձել ենք նրա առանձնահատկություններն ընդգծել: Հիմնականում կոմսուհու եւ Սյուզանի կերպարները հակադրության մեջ են»:

Լիդիա Գրիգորյանը ներկայացումը համարձակ է համարում։ Համացանցում դիտելով այս պիեսի այլ բեմադրություններ՝ կարծում է՝ սա տարբերվող է. «Դասական գործերի հանդեպ մարդիկ կարծրատիպեր ունեն, եւ շատ դժվար է կոտրել այդ կարծրացած մոտեցումն ու հանդիսատեսին ներկայանալ ժամանակակից շնչով։ Մեզ մոտ Ֆիգարոն ավելի երաժշտական պիես է։ Մենք ոչ թե խմբագրել ու կրճատել ենք, այլ կոմպոզիցիոն առումով այնպես ենք կառուցել, որ դինամիկ լինի, իսկ պարերի միջոցով փոխանցում ենք ուրախ տրամադրությունը»։

«Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման պրեմիերային


Նշենք, որ առաջիկայում էլ Դրամատիկական թատրոնում կներկայացվի ամանորյա բեմադրություն. երեխաների համար կբեմադրվի Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի «Ջրահարսը» հեքիաթը։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին