×


«Իմ անձնական դրաման բառի բուն իմաստով հենց դա էր». Իննա Խոջամիրյան

Իննա Խոջամիրյանը «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացմամբ վերադարձել է բեմ: Լյուդվիգ Հարությունյանի նոր դրամայում դերասանուհին նոր ու կարճ սանրվածքով է: Bravo.am-ի հետ զրույցում նա պատմել է կերպարային փոփոխության, ինչպես նաեւ վերջին շրջանում որոշ դերերից հրաժարվելու պատճառի մասին:

- Ձեր այս դերը, հոգեբանական բարդությունից բացի, ֆիզիկապես էլ բավական դժվար է. վայր եք ընկնում, Ձեզ կապում են, ծիծաղում եք ու արտասվում զուգահեռ: Կերպարը հե՞շտ տրվեց:

- Ինչ ուրախ եմ, որ հնարավոր է եղել դա փոխանցել։ Նախ՝ սցենարի ընթերցումների փուլը շատ-շատ ծանր տրվեց. բարդագույնն այս գործը մեր ազգային ինքնությունից պոկելն էր։ Առաջին օրերին այնքան զգացմունքային էի արձագանքում ամեն բառին եւ իրավիճակին, որ խանգարում էի թիմի աշխատանքին: Էմոցիոնալ պոռթկումներ էին։ Տարիների չպարպված էմոցիաներ ունեի, որոնք այս ստեղծագործության միջոցով դուրս էին գալիս իմ միջից, բայց դա ինձ օգնեց մաքրվել: Հետո սկսեցի մտածել՝ ի՞նչ կարող է պատահել մի աղջկա հետ, որին մեկ ամիս փակել են նկուղում։ Արծարծվող թեման խորն է, մենք շատ նուրբ տեղերով ենք անցնում, եւ երբ գլխով մտնում ես այդ ամենի մեջ, խելագարվել կարելի է։

- Հանդիսատեսը Ձեզ այսքան կարճ մազերով երբեւէ չէր տեսել: Այս ներկայացման համա՞ր եք որոշել կտրել մազերը։


- Այնպես ստացվեց, որ ներկայացման առաջնախաղը զուգահեռվեց Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմի նկարահանումների հետ, որի համար էլ կտրել եմ մազերս եւ նոր սանրվածք ունեմ։ Ներկայացման ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը շատ ծանր տարավ մազերիս փոփոխությունը, բայց փաստացի առաջին անգամ հենց ներկայացման ժամանակ բեմ բարձրացա այս մազերով, ու դարձավ նաեւ այս ներկայացման սանրվածքը։

- Իսկ այս սանրվածքով ինչպե՞ս եք Ձեզ զգում:

- Շատ անսովոր է։ Առաջին օրերին փորձում էի հայելուց խուսափել, քանի որ հենց կողքով անցնում էի, թվում էր՝ այլ մարդ է։ Անգամ մի փոքր վախենալու էր. ես միշտ երկար մազերով եմ եղել։ Լոգանք ընդունելիս էր անսովոր, երբ ենթագիտակցորեն փնտրում էի մազերս (ծիծաղում է)։ Ամեն օր կատակով ընկերներիս ասում էի. «Այսօր ես Սարգիսն եմ, իսկ այսօր՝ Հակոբը», բայց հետո սովորեցի։

- Սանրվածքի փոփոխությունն ազդե՞լ է պահվածքի կամ տրամադրության վրա:

- Հասկացա, որ մազերի երկարությամբ կամ ձեւով չի որոշվում կանացիությունը։ Ինչպես նաեւ կարծիքներն ինձ օգնեցին: Շատերն ասացին, որ այլեւս ինձ երկար մազերով չեն հիշում, ու դա համարում եմ իմ եւ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հաղթականը: Նա գտել է այն, ինչը հիմա, փաստացի, «աշխատում է»։


- Օրեր առաջ՝ «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերային, պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց, որ Դուք հրաժարվել եք դերից, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն էլ հավելեց, որ «Ձեր անձնական կյանքում այդ ժամանակ փոքր դրամա կար», ու չեք տրամադրվել խաղալ: Հետաքրքիր է՝ ի՞նչ փուլ էր Ձեր կյանքում, որ բաց թողեցիք համագործակցությունը, հատկապես, որ այսօր միասին մեկ բեմում էիք կանգնած։

- Կյանքն այնքան հետաքրքիր բան է, որ մի տեղ մերժում ես, իսկ մյուս տեղում միասին բարձրանում եք բեմ ու խոնարհվում հանդիսատեսի առաջ։ Իմ անձնական դրաման «Սե Լա Վի» 10 մասից բաղկացած հայկական սերիալն էր։ Իմ նախագծերն իմ բալիկներն են, անձնական են, եւ ես առավելագույն զգացմունք, ապրում եւ ջանքեր եմ ներդնում դրանց մեջ: Անձնական դրաման բառի բուն իմաստով հենց դա էր։ Հենց այդ շրջանում ֆիլմն անցնում էր շատ մեծ բարդություններ, մեծ պայքարի մեջ էր: Ես ֆիզիկապես ու հոգեպես պատրաստ չէի մեկ այլ նախագծում լինել, բայց հիմա պահանջում եմ Արման Միտոյանից, որ առաջիկայում կայանալիք «Մեկին մեկ» ֆիլմի ասուլիսի ժամանակ էլ ասի, որ ես այդ ֆիլմից էլ եմ հրաժարվել։

- Նույն պատճառո՞վ, թե՞ այլ խնդիր կար:

- Դե՜, գիտեք, ինձ համար գործը մի փոքր բարդ պետք է լինի, մարտահրավեր պետք է լինի։ Սցենարը կարդալուց պետք է վախենամ մտնել այդ թեմայի մեջ։ Ես, այնուամենայնիվ, սուր անձնական դրամաներ սիրող մարդ եմ, եւ գործի մեջ էլ պետք է մտնեմ ամբողջությամբ։ Դա բացառապես բնազդային է՝ առանց պիտակավորման, գերագնահատման, թերագնահատման կամ արժեզրկման։ Կարդում եմ սցենարը եւ հասկանում՝ այդտեղ կամ, թե չկամ։

- Հետաքրքիր են Ձեր եւ պրոդյուսեր Արման Միտոյանի աշխատանքային հարաբերությունները։

- Շուտով մեծ էկրան կբարձրանա «Սերը լեռներում» գեղարվեստական ֆիլմը, որում ես էլ կամ, ու, որքան գիտեմ, Միտոյանն ինձ ամենաշատն է այդ ֆիլմում սիրում (ծիծաղում է): Դեկտեմբերին ֆիլմի առիթով կհավաքվենք ու միասին կհասկանանք՝ ճիշտ եմ, թե ոչ: Այս թեման ինձ իրականում հենց սկզբից փոքր-ինչ դուր չի եկել, բայց այս պահին այսքանը կասեմ։

Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW