Հայաստանում գործող թատրոններին ավելացել է եւս մեկը՝ Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոնը, որն իր մեկնարկն ազդարարել է Ալեքսանդր Վոլոդինի «Մորուքավորի 7 կանայք» ներկայացմամբ: Թատրոնի հիմնադիրը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, իսկ դերասանները՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի նրա ուսանողները:
«Մորուքավորի 7 կանայք» կատակերգությունը պատմում է տղամարդու ու յոթ կանանց մասին, որոնք աննկատ կերպով հայտնվում են նրա կյանքում, նույնքան արագ էլ հեռանում, իհարկե, մեկից բացի: Բոլոր կանայք էլ շատ տարբեր են իրենց նախասիրություններով ու բնավորության գծերով, բայց բոլորի նպատակը մեկն է՝ ամուսնանալ ու կյանքը դասավորել: Նրանք հենց սկզբից նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում, ամեն ինչ նախապես պլանավորում, իսկ տղամարդուն միայն մնում է ոչինչ չանել ու լուռ համաձայնել: Նրա կարծիքը ոչ մեկը հաշվի չի առնում, ու թեեւ իր ուզածը մեկ կին ու բազմաթիվ երեխաներ ունենալն է, ճիշտ հակառակն է ստացվում: Կյանքն ամուսնությունների ու բաժանումների անվերջ շարան է հիշեցնում, բայց կարեւորը վերջում գտնում է իր երջանկության բանաձեւը:
Առաջին քայլերն անող դերասանները թատրոնի բացումն ազդարարեցին մեծ խանդավառությամբ, հուզմունքով ու անկեղծությամբ: Ղազանչյանը վաղուց է երազել սեփական թատրոնն ունենալ, սակայն պետական թատրոններում աշխատելու ու մեծ զբաղվածության պատճառով այն կյանքի կոչել չէր ստացվում։ Ամեն ինչ փոխվել է երկու տարի առաջ, երբ կուրս է հավաքել ու հասկացել, որ իր մտադրությունը հենց այդ ուսանողների հետ կարող է իրականություն դարձնել։
«Երբ նախորդ տարի որոշեցի դուրս գալ Պարոնյանից, թատրոն հիմնելու միտքն ավելի հիմնավորվեց իմ մտքում, սկսեցի աշխատել այդ ուղղությամբ եւ դասերն էլ դրան համապատասխան անցկացնել։ Ներկայացումներ արեցինք, ու երեխաները լավ տպավորություն թողեցին: Հասկացա, որ իրենց հարցում բախտս բերել է։ Սկսեցին կամաց-կամաց աճել, ու այսօր արդեն պատրաստի դերասաններ են, չնայած՝ ամբողջ կյանքում պետք է շարունակեն սովորել։ Շատ պատրաստակամ ու նվիրված են, պարտաճանաչ եկել են դասերին ու աշխատել մեծ եռանդով. ոչ մի փորձ չենք ձախողել։ Եվ այսօր վերջապես մեր երազանքն իրականություն դարձավ»,- պատմել է բեմադրիչը։
Թատրոնի բացման օրը նա ավելի շատ անհանգստացած էր հյուրերին ընդունելու ու ճանապարհելու առումով, քան ներկայացման։ Մի քանի ամիս առաջ այն արդեն խաղացել են որպես կուրսի դիպլոմային աշխատանք ու փորձությունը հաղթահարել։ Ղազանչյանը խոստովանում է, որ իրենց նպատակը լուրջ թատրոն դառնալն ու լավ դրամատուրգիայի հետ առնչվելն է:
«Ինձ համար դա սկզբունքային հարց է։ Չեմ ուզում հենց սկզբից մտածել հանդիսատես բերելու ու դրամարկղն ապահովելու մասին: Նոյեմբերին կներկայացնենք Գուրգեն Խանջյանի «Կոնցերտ թավջութակի եւ կիթառի համար» պիեսը, կանդրադառնանք հիմնականում ժամանակակից դրամատուրգիային՝ Քրիստ Մանարյանին, Կարինե Խոդիկյանին, ռուս մեծ մտածող ու գրող Էդուարդ Ռազինսկուն։ Արտասահմանյան գործեր էլ կլինեն, բայց բավական քիչ: Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց մեր հանդիսատեսը կունենաք»,- նշել է նա:
Առայժմ թատրոնը գործում է Թատերական գործիչների միությունում, որի դահլիճը վարձակալում են։ Ղազանչյանը նշում է, որ սովորաբար այն անվճար են տրամադրում ուսանողներին ու երիտասարդ գործիչներին, բայց իրենք որոշել են վճարել։
Անահիտ Պետրոսյանը նախ լրագրություն է սովորել, հետո որոշել իրականություն դարձնել իր երազանքը։ Չնայած բոլորը պնդել են, որ նրանից դերասանուհի դուրս չի գա, վստահել է իր ուժերին։ «23 տարեկան էի, երբ որոշեցի դերասանուհի դառնալ։ Առաջին էտյուդս շատ վախեցած ցույց տվեցի: Չգիտեմ էլ, թե պարոն Ղազանչյանը դրա ինչն էր հավանել, որովհետեւ շատ վատն էր։ Հրավիրեց դասերին, եւ ահա մի քանի տարի անց այսօր պաշտոնապես դերասանուհի դարձա։ Շատ հետաքրքիր կուրս ունենք ու հաճելի է միասին աշխատել։ Բոլորն էլ տարբեր բնավորություն ու նախասիրություններ ունեն»,- անկեղծացել է նա։
Ներկայացումից առաջ շատ լարված ու անհանգիստ էր, քանի որ գիտեր, թե որքան կարեւոր հյուրեր են ունենալու: Նրանց թվում էլ Ղազանչյանի թվարկած ժամանակակից դրամատուրգներն էին։
«Մտածում եմ, թե ինչպես կընդունեն մեզ: Անընդհատ սպասում եմ, թե այս օրը երբ է վերջանալու։ Իմ կերպարն էլ մի քիչ բաց է ստացվել. էլի մարմնավաճառի եմ մարմնավորում։ Բայց այս անգամ հանուն ամուսնության միանգամից կերպարանափոխվում եմ ու 12-րդ դասարանի երեխա դառնում։ Ներկայացումը մի տղամարդու մասին է, որը տարբեր պատճառներով յոթ կանանց հետ է ամուսնանում։ Հիմնական մեղավորներն ու նախաձեռնողները հենց կանայք են. նրանք ուզում են մեկին գտնել ու ամուսնանալ հետը, ինչի արդյունքում իրենց բնավորության բոլոր գծերը փոխում են, ինչպես եւ իմ հերոսուհին»,- ներկայացման մասին ասել է նա։
Այս կանանցից մեկն էլ Նազելի Ավետիսյանն է, որը պապիկի շնորհիվ փոքր տարիքից է սիրել թատրոնն ու ցանկացել դերասանուհի դառնալ։ Մանկուց նրանից լսել է իրենց գյուղի՝ Ջավախքի Մերենիայի ակումբում խաղացած դերերի ու հարեւան գյուղերում ունեցած հյուրախաղերի մասին։ Այդ պատմություններն ավելի են բորբոքել փոքրիկի երեւակայությունն ու նրան կապել թատրոնի հետ։
«Երբ ինքս էի գնում նույն ակումբն ու տեսնում՝ չի գործում, շատ էի ափսոսում։ Պատկերացնում էի, թե ոնց են այնտեղ խաղացել, ու անհամբեր սպասում էի, թե երբ է իմ կյանքում թատրոնը հայտնվելու, բայց ծնողներս համաձայն չէին։ Տեղափոխվեցի Երեւան ու սկսեցի սովորել ԵՊՀ-ի կրոնական զբոսաշրջություն բաժնում։ Այդ ժամանակ մտածում էի, որ թատրոնի դռներն արդեն փակվել են ինձ համար, բայց նաեւ փորձում էի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Սկզբում համալսարանի թատերական ստուդիա էի հաճախում, բայց հասկացա, որ ավելին եմ ուզում. ընդունվեցի Գալյա Նովենցի թատերական ստուդիա ու մեկ տարի սովորեցի Արթուր Սարիբեկյանի կուրսում: Դա էլ քչություն արեց, եւ հետո արդեն Հակոբ Ղազանչյանի կուրսում էի։ Հիմա այստեղ եմ ու հավատում եմ ճակատագրի նախախնամությանը։ Բախտ վիճակվելու դեպքում կուզեմ կինոյում էլ ինձ փորձել»,- անկեղծացել է նա:
Ավետիսյանը գլխավոր հերոսի յոթ կանանցից մեկն է՝ ապահովագրության ոլորտի կիրթ ու զարգացած մասնագետ, բայց նա էլ ի վիճակի չի լինում որեւէ բան փոխել. «Այդ տղամարդու կյանքում չստացված հարաբերությունների շղթա է, ամեն անգամ հույս ունի, որ ինչ-որ մեկի հետ կստացվի, բայց նորից բաժանվում են: Կանայք դրվագներով են հայտնվում ու մինչեւ վերջ չեն հասցնում բացվել»:
Նրա խաղընկեր Համլետ Ղալաչյանը նույնպես մանկուց է սիրում թատրոնը, բայց ավելի մեծ տարիքում է որոշել ռեժիսոր դառնալ. «Ես պատմությունը ինչ-որ չափով ներկայացնողն եմ: Փոքր դերակատարում է, բայց իմ կարծիքով՝ էական գույն, որի կարիքը կա: Կարեւոր ուղերձ ենք փոխանցում հանդիսատեսին, որ սիրելու ու սիրված լինելու համար մեզ կարճ ժամանակ է տրված, ու պետք է ամեն ինչ հասցնել: Սկզբում բեմում պարզապես կատակերգություն են տեսնում ու նրանց մտքով չի է կարող անցնել, որ այդպիսի վերջաբան է սպասվում: Մեր նպատակը մարդկանց մեջ ինչ-որ բան արթնացնելն է»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի


×
140





