“Հաճույք եմ ստանում զարդագործությունից”
Դիզայներ, զարդագործ Երազ Թովմասյանը ծնվել է Իրանում, մեծացել է Անգլիայում, սովորել է ԱՄՆ-ում, ապրում է Իտալիայում եւ շատ է ճամփորդում: Ավարտել է Նյու-Յորքի համալսարանի արվեստի եւ դիզայնի բաժինը: Մոտ 5 տարի է` զարդագործությամբ է զբաղվում, իսկ մինչ այդ՝ 22 տարեկանում մեկնել էր Իտալիա, ուր նորաձեւության աշխարհում էր աշխատում: Ունի բազմաթիվ հավաքածուներ, համագործակցել է տարբեր խանութների եւ բրենդերի հետ: Զբաղվել է շապիկների դիզայնով, հավաքածուներ է պատրաստում Կանադայի ու ԱՄՆ-ի շուկայի համար: Վերջին անգամ Երազը Հայաստանում էր հոկտեմբերին, եւ ահա` այժմ երեք օրով կրկին Երեւանում է:
- Ինչո՞ւ որոշեցիք անցում կատարել ու հագուստի փոխարեն զարդեղեն ձեւավորել:
- Երկու բալիկ ունեմ, որդի եւ դուստր: Երբ նրանք ծնվեցին, աշխատանքս երկրորդ պլան անցավ: Հետո որոշեցի վերադառնալ ու հասկացա, որ հագուստի դիզայնով այլեւս չեմ ուզում զբաղվել:): Զարդագործությունը շատ եմ սիրում: Հագուստ պատրաստելն ավելի ժամանակատար է, իսկ այստեղ ժամկետներ չկան:
- Ձեր աքսեսուարները խոշոր են, պատրաստված են բնական քարերից, խխունջներից: Որտեղի՞ց է ծագում նման մոդելներ նկարելու միտքը:
- Շատ եմ սիրում բնությունը, ծովը: Այն ամենը, ինչ շրջապատում է ինձ, կարող է ոգեշնչել ու գաղափար տալ: Շատ-շատ եմ ճամփորդում, գործի բերումով եւ հաճույքի համար: Եվ այդ ամենը, անշուշտ, օգնում է: Փոքր աքսեսուարներ չեմ սիրում: Շատ եմ սիրում կիսաթանկարժեք քարեր:
Պատահում է, որ տեսնում եմ քարը ու արդեն հասկանում եմ, թե վերջնական տեսքը ինչպիսին է լինելու: Գործերը երբեք չեն կրկնվում, քանի որ բնական քարերը նման չեն միմյանց: Հաճախ միտքը ծագում է հենց աշխատանքի ընթացքում:
- Աշխատանքային պրոցեսը ինչպիսի՞ն է:
- Ես դիզայնի հեղինակն եմ: Մնացածը իրականացվում է Իտալիայում:
- Մեկ մատանու պատրաստումը որքա՞ն ժամանակ է խլում:
- Ամենաերկար ժամկետը մեկ ամիսն է :):
- Ինչպե՞ս են գնորդները, պատվիրատուները գտնում ձեզ:
- Ամուսնուս հետ եմ աշխատում: Միլանում ընկերություն ունենք, եւ եթե մարդիկ ունեն մտքեր, պատվերներ, բայց չգիտեն, թե ինչպես իրականացնեն այդ ամենը, գալիս են մեզ մոտ, եւ աշխատում ենք միասին: Վերջերս ԱՄՆ-ում գիշերանոցների հավաքածու ներկայացրինք: Բայց ամենը իրականացվում է Իտալիայում: Հետո ժամանակի ընթացքում մարդիկ արդեն ճանաչում են մեզ ու հենց իրենք էլ գտնում:
- Ձեր ամուսի՞նն էլ է դիզայներ:
- Նա բիզնեսով է զբաղվում, իսկ ես ստեղծագործական մասն եմ ապահովում :):
- Ձեր դուստրը հետաքրքրվո՞ւմ է զարդերով:):
- Նա 12 տարեկան է: Միշտ հետեւում է իմ գործունեությանը, խորհուրդներ է տալիս: Կրում է իրերը ու ասում, որն է հավանել, որը` ոչ:
- Երեք օրով եք Երեւանում: Ի՞նչ գործով եք եկել:
- Հիմա ամուսնուս հետ գինեգործությամբ ենք զբաղվում, դրա համար ենք ժամանել: Գինու գործարան ենք հիմնել: Ուզում ենք Հայաստանում ստեղծենք լավ հայկական գինի:
- Գինու շշի դիզայնով Դո՞ւք եք զբաղվելու:
- Այո: Բայց քանի որ բավականին բարդ գործ է, իտալացի գրաֆիկ-դիզայների հետ ենք համագործակցում: Հատուկ չափանիշներ կան, որոնք պետք է պահպանել:
- Կա՞ ինչ որ նպատակ կամ չափանիշ, որին ձգտում եք հասնել զարդագործության մեջ:
- Այս ամենը ինքս ինձ համար եմ անում, հաճույք եմ ստանում զարդագործությունից, այդ գործընթացից: Հիմա վաճառում եմ իրերս Անգլիայում: Հատուկ ինչ-որ նպատակ չկա: Հաճելի է, երբ մարդիկ տեսնում, գնահատում են: Շատ այլ գործերով եմ զբաղվում, այնպես որ համատեղում եմ :):
Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյան /Bravo.am/


×
5,123







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: